
Apple-ի բաժնետոմսերը 23%-ով անկում են գրանցել. Microsoft-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Ամերիկյան ՏՏ հսկա Microsoft Corp.-ը կրկին աշխարհի ամենաթանկ ընկերությունն է դարձել այն բանից հետո, երբ Apple Inc.-ի բաժնետոմսերը վերջին չորս առևտրային նստաշրջանի ընթացքում 23%-ով անկում են գրանցել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ապրիլի 8-ին սակարկությունների փակման պահին Microsoft-ի շուկայական արժեքը կազմում էր 2,64 տրիլիոն դոլար, իսկ Apple-ինը` 2,59 տրիլիոն դոլար:
Վերլուծաբանների գնահատումներով՝ Apple-ը մյուս ընկերություններից ավելի շատ է տուժում Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանված բարձր մաքսատուրքերից, քանի որ Apple-ի արտադրանքի զգալի մասն արտադրվում է Չինաստանում։ UBS ֆինանսական ընկերության փորձագետները կարծում են, որ արդյունքում iPhone 16 Pro Max-ի գներն ԱՄՆ-ում կարող են կտրուկ աճել 350 դոլարով:
Միևնույն ժամանակ, ըստ Jefferies ֆինանսական ընկերության վերլուծաբանների՝ «Microsoft»-ը գտնվում է այն ընկերությունների շարքում, որոնք «ավելի լավ են պաշտպանված» մաքսատուրքերի պատճառով առաջացած անորոշությունից: