«Թուրքիան ու Իսրայելը նախապատրաստվում են զսպման, այլ ոչ թե պատերազմի». The Economist

Անգլիական «The Economist» ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան և Իսրայելն ունեն «հակասություններ» Սիրիայի ղեկավարության հարցում և Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևերին՝ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG) և «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (SDG) դիտարկում է որպես լուրջ սպառնալիք, քանի որ նրանք Իսրայելի հետ ունեն սերտ հարաբերություններ։ Միջանկյալ նշենք, որ Թուրքիան «ՔԲԿ»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Նշվում է, որ Թուրքիան, միանշանակ, լուրջ է վերաբերվում այդ ռիսկին և այդ իրավիճակը հարաբերություններում նոր լարվածություն է ստեղծել։

Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն ​​փաստին, որ թուրք-իսրայելական հարաբերություններն արդեն «թունավորվել» են Գազայի վրա հարձակումներից հետո և նշվում է, որ այս նոր զարգացումները կարող են էլ ավելի վատթարացնել հարաբերությունները, բայց ուղիղ հակամարտությունը քիչ հավանական է։

Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակի և տարածաշրջանում Ամերիկայի գլխավոր դաշնակցի միջև իրական զինված հակամարտությունը քիչ հավանական է և երկու կողմերն էլ նախապատրաստում են զսպման, այլ ոչ թե պատերազմի։

Հոդվածում անդրադարձ կա նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին և «F-35» կործանիչների վաճառքին։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեսնում է որպես «հին ընկեր» և կարծում է, որ նրա նախագահությամբ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները կարող են բարելավվել՝ ներառյալ «F-35» կործանիչների վաճառքի արգելքի վերացումը։

Հոդվածում շեշտվում է, որ Էրդողանը նույնպես ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ և Եվրոպայից ակնկալիքներ ունի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։ Որպես ամփոփում նշվում է, «հազիվ թե Էրդողանը վտանգի ենթարկի այս ամենը՝ պատերազմելով Իսրայելի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս