Համաձայն չեմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն․ փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն։ Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների համար նախատեսված երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում 3-5 միլիոն դրամ է տրամադրվում յուրաքանչյուր ընտանիքի անդամի հաշվով՝ կախված այն տարածքից, որտեղ քաղաքացին ցանկանում է բնակարան գնել կամ տուն կառուցել։ 

«Համաձայն չեմ, որ բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն։ Մենք 3, 4 կամ 5 միլիոն դրամ ենք հատկացնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ է նախատեսում այդ բնակարանը գնել կամ տունը կառուցել»,- ասաց փոխվարչապետը։ 

Նա մանրամասնեց, որ 1 անձի հաշվով 5 միլիոն դրամ են հատկացնելու այն ընտանիքներին, որոնք կցանկանան բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել Սյունիքի, Գեղարքունիքի, նաև Արարատի և Վայոց Ձորի մարզերի որոշ բնակավայրերում։

Փոխվարչապետը նշեց, որ կառավարության վերջին որոշմամբ բազմաթիվ բնակավայրերի համար աջակցության չափը 1 անձի համար 4 միլիոն դրամ են դարձրել՝ նախկին 3 միլիոն դրամի փոխարեն” Այդ բնակավայրերն են, օրինակ, Վանաձորը, Հրազդանը, Արմավիրը։ Չնայած ծրագրի պայմանները բավական շահավետ են՝ շահառուների կողմից դիմումների ակտիվությունը դեռևս ցածր է։ 

«Այսօրվա դրությամբ 900 ընտանիք ստացել է սերտիֆիկատները, որոնցով կարող է բնակարան գնել կամ տուն կառուցել, այդ 900 ընտանիքների շահառու մարդկանց քանակը 3800 է։ Ընդ որում, այդ 900 ընտանիքից դեռևս 100-ն է, որ իրացրել է սերտիֆիկատի իրավունքը, մնացած 800-ը որոնումների մեջ են, և դա լավ է, որ նրանք շարունակում են դիտարկել, որպեսզի գտնեն լավագույն տարբերակը»,-ասաց նա։  

Տեսանյութեր

Լրահոս