Ալիևի առաջ քաշած նախապայմանները Գալյանը որպես նախապայման չի դիտարկում

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջ քաշվող նախապայմաններն ինքը որպես նախապայման չի դիտարկում։

Հարցին՝ արդյոք կառավարությունը պատրա՞ստ է ընդունել Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար, Սրբուհի Գալյանը պատասխանեց.

«Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը։ Հնչեցված մտքերը ես որպես նախապայման չեմ դիտարկում, կարծում եմ՝ կառավարությունն էլ չի դիտարկում։ Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը։ Թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շուտով հանրությանը հայտնի կլինի»։

Ճշգրտող հարցին՝ արդյոք ՀՀ կառավարությունն ընդունելո՞ւ է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները՝ Գալյանը խուսափեց հստակ պատասխանից՝ շարունակելով կրկնել նույն նախադասությունը․ «Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ երեկ Ալիևը կրկնել էր այն 2 պայմանները, որոնց կատարման դեպքում կստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտություն և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, Գալյանը հիշեցրեց՝ իրենք աշխատում են Սահմանադրության նոր տեքստի վրա, մանրամասներ չի կարող ասել, բայց վստահեցնում է՝ տեքստը չի լինելու գաղտնի և ինչ-որ պահի հանրայնացվելու է, յուրաքանչյուր կետ ու նորմ քննարկվելու է հանրության հետ։

Նա շեշտեց, որ նոր սահմանադրության տեքստը կարող է լինել 8-10 ամսվա ընթացքում։

Հարցը՝ արդյոք Անկախության հռչակագրի դրույթների հիշատակումը հանվելո՞ւ է Սահմանադրությունից, Գալյանը թողեց անպատասխան։

Ինչ վերաբերում է իր անձնական տեսակետին՝ արդարադատության նախարարը շեշտեց՝ իր տեսակետը համընկնում է Սահմանադրական դատարանի եզրակացության հետ։

Տեսանյութեր

Լրահոս