
Թրամփի սահմանած մաքսատուրքերը տարածվում են նաև Ուկրաինայի վրա, Ռուսաստանի վրա՝ ոչ

Ուկրաինան այն երկրների ցանկում է, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատասխան մաքսատուրքեր կսահմանի: Ըստ Truth Social հարթակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած ցանկի՝ Ուկրաինայից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանվել են 10% մաքսատուրքեր։
ԵԱՏՄ երկրներից Ղազախստանի նկատմամբ ամերիկյան պատասխան մաքսատուրքերի չափը կազմում է 27%: Ղրղզստանը և Բելառուսը ցանկում չկան, Ռուսաստանը՝ ևս։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթն ապրիլի 2-ին Axios-ին ասել է, որ Ռուսաստանը ներառված չէ ցուցակում, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «արդեն խոչընդոտում են կարևոր նշանակություն ունեցող ցանկացած առևտրի»։ Լևիթը նաև ասել է, որ Ռուսաստանը դեռևս կարող է ենթարկվել «լրացուցիչ կոշտ պատժամիջոցների»:
Խոսնակը նշել է, որ Կուբան, Բելառուսը և Հյուսիսային Կորեան նույնպես ներառված չեն ներմուծման մաքսատուրքերի ենթակա երկրների ցանկում, «քանի որ նրանց նկատմամբ գործող մաքսատուրքերն ու պատժամիջոցներն առանց այդ էլ շատ բարձր են»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կազմում են 10%։
Ցուցակում ներառված չեն նաև Մեքսիկան ու Կանադան, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն մի շարք մաքսատուրքեր էր սահմանել։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։
Այնուամենայնիվ, ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, այս նոր միջոցները չեն տարածվի Կանադայից և Մեքսիկայից, ինչպես նաև ցանկացած այլ երկրից էներգակիրների ներմուծման վրա։