Ալիևն Աղդամի հետ կապված խոստովանություն է արել. ինչ բարդություններ էին ստեղծվել ՀՀ նախկին իշխանությունների օրոք

Մարտի 27-ին Իլհամ Ալիևն այցելել է Ակնայի՝ Աղդամի շրջան (Ադրբեջանին է հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ անկրակոց) և տեղի գյուղերից մեկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում այս ուղղությամբ ակտիվ ռազմական օպերացիաներ չեն վարել:

«Որովհետև հակառակորդը կառուցել էր հզոր ամրություններ և շուրջն ամբողջովին ականապատված էր: Եվ մենք սկսել ենք Աղդամի ուղղությամբ շարժվել միայն Հադրութի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Շուշիի «ազատագրումից» հետո (չակերտները՝ Մ.Պ.)», և հակառակորդի ուժերը փաստացի հայտնվեցին շրջափակման մեջ»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ ապրիլյան մարտական գործողությունների ոչ պակաս կարևոր, սակայն այդքան էլ չլուսաբանված գործողությունները տեղի են ունեցել հենց Ակնայի (Աղդամ) ուղղությամբ:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում մանրամասնել էր.

Կարդացեք նաև

«Հակառակորդի պլանը հետևյալն էր՝ հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական՝ Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը: Մենք էլ վստահ ենք, որ չի կարող. մեր դիրքերը, զորքի մարտունակությունը, հրետանին և հակաօդային պաշտպանությունն ու անհրաժեշտ այլ ուժեր բավարար են, որպեսզի կարողանանք պաշտպանություն կազմակերպել և, ինչո՞ւ չէ, մարտի ընթացքում նաև հակահարձակման անցնել:

Այդ օրերին, լինելով առաջնագծում, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ շարունակության դեպքում մենք առաջ էինք գնալու: Դրանում համոզվեց նաև Ադրբեջանը և, վայնասուն բարձրացնելով՝ դիմեց մարտը կանգնեցնելու խնդրանքով»:

Ըստ april2016.am-ի, ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 17:30-ի սահմաններում, չորրորդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախույզների կողմից ավտոշարասյուներ, հրետանային մարտկոցներ են հայտնաբերվել Ակնայի առաջնագծի երկայնքով՝ Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գյուղերի ուղղությամբ, առանձնացված տանկային շարասյուներ՝ Ղարադաղլու, Էվօղլու և Աֆաթլու գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էվօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում:

Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի և չորրորդ պաշտպանական շրջանի դիվիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ է բացվել հակառակորդի այդ կուտակումների դեմ:

Ընդհանուր, համատեղված համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային ստորաբաժանումներին հաջողվել է ճնշել վերը նշված կուտակված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը:

Հանրային հեռուստաընկերությունը բացառիկ կադրեր էր հրապարակել ապրիլի 4-ի մարտական գործողություններից:

«Ապրիլի 4, երեկոյան 6-ն անց, Աղդամի մերձակա բնակավայրերից մեկն է: Մեր բանակը դիտարկում է ադրբեջանական 35 տանկերի շարժը, դրանք գալիս են գումարվելու տարածքում մշտական տեղակայված 25-ին: Ի դեպ, Տ-90-ներն են՝ բացառությամբ 1-ի, որը նմանեցնում են արդիականացված Տ-72-ի: Տանկերը շարժվում են դեպի բացազատման վայր, և 18:42-ին հայկական հրետանին հասցնում է առաջին հարվածները, շարժը դադարում է: Բայց ադրբեջանցիները չեն էլ կասկածում, որ իրենց յուրաքանչյուր քայլ հայկական կողմից դիտարկվում է: Թշնամու մոտ սկսվում է խուճապ, և 18:56-ին ադրբեջանական տանկը կրակում է սեփական դիրքերի ուղղությամբ, իսկ մեր հրետանին խոցում է թշնամական թիրախը: Թշնամու տանկերը սկսում են փախուստը: Մեր հրետանին շարունակում է դիպուկ հարվածները թշնամական թիրախներին: 60 տանկանոց ճեղքումը հենց ճակատի կենտրոնով չկայացավ: Հայկական կողմի ճշտած տվյալով՝ առավոտյան ժամը 5-ին Աղդամի մզկիթի մոտ Ալիևը նախատեսել էր սեղմել իր զինվորների ձեռքը, սակայն նույն այդ առավոտյան ադրբեջանական կողմի խնդրանքով Մոսկվայում ձեռք բերվեց կրակը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն»,- տեղեկանում ենք Արթուր Գրիգորյանի հեղինակած ռեպորտաժից:

Իսկ 2016-ին Արցախ կատարած այցից հետո «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառությամբ իր հոդվածում «Ձախողված տանկային բլիցկրիգ» ենթավերնագրի ներքո Նիկոլ Փաշինյանը գրել էր․

«Հիմա արդեն բոլորն են ընդունում, որ չորսօրյա պատերազմի շրջադարձային պահն ապրիլի 4-ին Ակնայի (Աղդամի) դիմաց՝ ադրբեջանական Քարադաղլի գյուղի ուղղությամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարվածն էր, որի ընթացքում ադրբեջանցիներն առնվազն երեք տանկ են կորցրել և մոտ 200 զոհ տվել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊԲ-ն խորքային հետախուզության միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշված ուղղությամբ տեղի է ունենում զորքերի, տանկերի խոշոր կուտակում և որոշում է կայացվել հրետանային ծավալուն գործողություններով ցրել հակառակորդի կուտակումը:

Այցի ընթացքում մեզ ներկայացվեց ապրիլի 4-ի հրետանային գործողության տեսագրությունը: Ռազմական փորձագետները համոզված են. գործողությամբ կանխվել է հակառակորդի հարձակումն Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:

Այդ դրվագում հայկական հրետանու ճշգրտությունն, իհարկե, առասպելների առիթ է դարձել, բայց տվյալ դեպքում առավել կարևոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ հայտնաբերվել է թշնամու տանկային շարասյունը, դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ է գործարկվել, ու հիմա ակնհայտ է, որ եթե այդ համակարգը չլիներ, հետախուզության սովորական միջոցները կարող էին և չհայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակություն կունենար հայկական կողմի համար: Թերևս հենց այս դրվագն է պատճառ դարձել, որ ԼՂՀ կառավարությունը որոշել է խորքային հետախուզության այդ նույն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպես, որ ճակատի ոչ մի հատված դուրս չմնա համակարգի տեսադաշտից»:

Այս ամենը հաշվի առնելով, կարո՞ղ ենք ասել, որ 2016-ին Ադրբեջանը համոզվել էր, որ Աղդամի ուղղությամբ իրենց հեշտ չի լինելու, գուցեև հայկական կողմը 2016-ից հետո է՛լ ավելի էր ամրացրել իր դիրքերն այս ուղղությամբ՝ մտածելով, որ ինչ-որ պահի ադրբեջանական կողմը կարող է դարձյալ թիրախավորել այս ուղղությունը:

Մի բան փաստ է՝ կոնկրետ դեպքում այդ ժամանակվա իշխանություններն Աղդամի ուղղությամբ ամրություններ են ստեղծել, և ոչ թե տրվել են դատարկ ֆլեշմոբերի՝ «Աղդամն իմ հայրենիքն է», քանի որ գործել է այլ տրամաբանություն՝ «սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը» և «այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»:

Իսկ 2021 թվականին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ պատերազմից մի քանի օր առաջ հուշել է մարտական գործողությունների ուղղությունները, և, որ այն լինելու է Ջրականի ուղղությունը:

«Ես պատերազմից մի քանի օր առաջ ներկայացրել եմ զեկուցագիր, եղել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ, որ լինելու է Ջաբրայիլի հատվածը և Մատաղիսի հատվածը: Որևիցե անգամ ես Աղդամի ուղղությամբ հարված չեմ սպասել, ոչ էլ կարար լիներ: Անիմաստ է դա: Աշխարհագրական էդ քարտեզին նայելով՝ պետք է առնվազն խելք չունենալ, որ Աղդամի ուղղությամբ խփի: Ջաբրայիլ, Մատաղիսն է եղել, անգամ նկարագրված է եղել, թե հարվածի դեպքում ինչ պիտի արվի, այդտեղ ջրամբարներ կան… Իսկ Հայաստանի և Արցախի ռազմական ղեկավարությունը սպասել են, որ պիտի Աղդամի ուղղությամբ հարված լինի»,- նշել էր նա:

Ըստ էության, այդպես էլ եղավ: 168.amանդրադարձել է, մասնավորապես, պատերազմի ելքի վրա Ջաբրայիլի ադրբեջանական օպերացիայի հատուկ նշանակությանը, և, թե ինչու սեպտեմբերի 27-ին ՊԲ 9-րդ ՊՇ-ն պահպանությունից պաշտպանության չի անցել: Առհասարակ, առանձին քննության առարկա պետք է դառնա Ջրականի, Հադրութի կորուստը, ինչն օգնել է ադրբեջանական զինուժին հասնել Շուշի, սրա մասին անգամ Ալիևն է խոստովանել:

Հիշեցնենք, որ Մատաղիսը, Թալիշը կորցրել ենք 44-օրյա պատերազմի առաջին օրերին: Եվ պատերազմից անմիջապես հետո Սամվել Բաբայանը, ով պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղարն էր, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր.

«Հրետանին ամբողջ ռազմաճակատում կարկուտի պես թափվել է, ինչպես ասել էի, բայց գլխավոր երկու ուղղությամբ՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս: Չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքել էր հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսել ծավալվել, մի քանի օր անց զարգացնելով գրոհը»:

Ի դեպ, վերջերս Ալիևն օկուպացված Մատաղիսում խոստովանել էր, որ իրենք բարդություններ են ունեցել Մատաղիս-Թալիշ ուղղությամբ, քանի որ շատ ականներ և հզոր ամրություններ կային, ավելին՝ լեռներն իրենցով ամրություն էին: Ավելին, Ալիևը հայտարարել էր, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո հայերը դեպի այս ուղղությունը դիրքեր են ունեցել՝ «եթե նայենք ջրամբարին այն կողմից, ձախ կողմում դիրքեր կային»:

Վերադառնանք Աղդամին և մեկ հավելում անենք: 2021-ի հունիսին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես հայտարարել էր.

«Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին՝ նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում, այդ թվում՝ Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը»:

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությանն այդպես էլ չի արձագանքել, արդյո՞ք տեղյա՞կ է եղել նման առաջարկից, և ինչո՞ւ կամ ո՞ւմ կողմից այն չի ընդունվել:

Տեսանյութեր

Լրահոս