Հալեպում Թուրքիայի հյուպատոսն այցելել է Հայաստանի հյուպատոսություն

Մարտի 26-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն են այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենգիզը և փոխհյուպատոս Էրինը: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայարարություն է տարածել Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը։

Ողջունելով հյուրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Ջենգիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: Ավետիսյանն ընդգծել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին:

Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և Թուրքիայի տարաքծով բեռնատարների անարգել անցման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ջենգիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջ հետ:

ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում: Հանդիպման ավարտին Ջենգիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու Թուրքիայի հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ։ Ավետիսյանն ընդունել է հրավերը և կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս