
Որևէ մայրաքաղաքի առավելություն չի տրվում. Կոստանյանը` համաձայնագրի ստորագրման տեղի մասին

Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն մայրաքաղաքին չի տրվում, թե որտեղ այն կստորագրվի։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«ՀՀ-ի համար նախընտրելին ստորագրման սցենարն է, մնացած բոլոր հարցերը քննարկելի են ու երկրորդական»,- նշեց նա։
Կոստանյանը դժվարացավ մեկնաբանել, թե ինչու է Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածում` իբր սահմանին հայկական կողմից կրակոցներ են հնչում, սակայն հստակորեն կարող է արձանագրել` խաղաղության մթնոլորտի վրա այս կեղծ հայտարարությունները որևէ կերպ չեն ազդում։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին Բաքվի մյուս հայտարարությանը, ՀՀ ԱԳ փոխնախարարն արձագանքեց` ասելով. «Բազմիցս ասել ենք, որ խաղաղության պայմանագրում նման դրույթ չկա և նման օրակարգ մեզ համար չկա»։
Անդրադառնալով լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմը ՀՀ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել պատժելու արցախյան պատերազմների մասնակիցներին, Կոստանյանն ասաց.
«Այսպիսի հատարարություններն արվում են` ստվերելու կամ որպես հակաարշավ Ադրբեջանում այս պահին ընթացող իրավական պրոցեսներին (որոնք դժվար է անգամ իրավական անվանելը) ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ։ Բնականաբար, միջազգային հանրությունը և ՀՀ-ն կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել այս գործընթանցները և ազատ արձակել մեր հայրենակիցներին։ Դրան ի պատասխան Ադրբեջանը նման հայտարարություններով է հանդես գալիս»։