
Հարավային Կորեայում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի

Հարավային Կորեայում շարունակում են մոլեգնել մարտի 21-ից սկսված անտառային հրդեհները, որոնց զոհերի թիվը հասել է 26-ի։ Եվս 30 մարդ վիրավորվել է, շուրջ 37 000 մարդ տեղահանվել է։
Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։ Զոհերի մեծ մասը տարեցներ են։
Հյուսիային Գյոնգսանգի նահանգում մոլեգնող հրդեհներն ամենամասշտաբայինն են երկրի պատմության ընթացքում։ Կրակն այրել է շուրջ 36 000 հեկտար անտառային տարածք։
Հազարավոր տներ հրդեհների պատճառով զրկվել են էլեկտրականությունից, որոշ շրջաններում նաև եղել են ջրամատակարարման և կապի խափանումներ։ Հրդեհների հետևանքով Ուիսոնգ քաղաքում այրվել է 1300 տարվա հնություն ունեցող տաճար։ Կրակը սպառնում է նաև մշակութային այլ օբյեկտների։
Ըստ իշխանությունների՝ հրդեհները սկսվել են մարդկային գործոնի պատճառով, սակայն դրանց արագ տարածմանը նպաստել են ուժգին քամիները և չոր եղանակը։