
«Այո՛, մենք չենք շարունակում ղարԱբաղյան շարժումը, ուզում եք՝ թռեք վերև, իջեք ցած». Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նիստերի դահլիճից դիմեց խորհրդարանի «բաց դաս» ծրագրի շրջանակներում ԱԺ օթյակում նստած դպրոցականներին՝ ասելով.
«Սիրելի դպրոցականներ, լավ սովորեք, շատ լավ սովորեք, բայց մեկ զգուշացում՝ Նիկոլ Փաշինյանից բան չսովորեք, հակառակ դեպքում ձեր կողքին վատ ապրողին, թոշակառու տատիկին փորձելու եք ոչ թե օգնել, այլ ասելու եք՝ փոքր ժամանակ դու լավ չես սովորել, դրա համար էլ լավ չես ապրում»։
Այնուհետև խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ Խաչատուր Սուրքիասյանը լավ հյուրանոց, պիցցերիա, բանկ է սարքում, բայց Կառավարությունը չգիտի՝ ոնց սարքի։
«Բա ինչո՞ւ եք այդտեղ նստած, ձեր ամբողջ աշխատանքը զրոյացնում է, ասում է՝ բան չգիտեն, ինչո՞ւ եք այդտեղ նստած»,- հարցրեց Գ. Մանուկյանը։
Խոսելով ղարԱբաղյան շարժման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ՝ «չեն պատրաստվում այն շարունակել», Գեղամ Մանուկյանը նկատեց՝ դեռ 1921 թվականին Ստալինը, Բերիան, Բաղիրովն ասում էին, որ ղարաբաղյան շարժում չպետք է լինի, հետո Սուսլովն էր ասում, որ չպետք է լինի, Էլչիբեյը, Մութալիբովը, բայց ղարաբաղյան շարժումը կա։
«Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար, Հայաստանում և Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ է իր հզորությամբ։ Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ։ Սա Նիկոլ Փաշինյանի 2020 և 2022 թվականների ուղերձներից մեջբերում էր։
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ես ասել, որ 300 տարվա մեջ միակ ազգային շարժումը եղել է ղարաբաղյան շարժումը»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը, ում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդհատեց՝ հորդորելով հարցը ձևակերպել, քանի որ ժամանակն ավարտվում է։
Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը հակադարձեց, որ հարց տալու իր ժամանակը չի ավարտվել, ինչից հետո Հակոբ Արշակյանի հորդորով պատգամավորի բարձրախոսն անջատեցին։
Երբ բարձրախոսը նորից միացրեցին՝ Գեղամ Մանուկյանը կրկին դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով՝ ուրիշներին կրթվելու, դաս տալու փոխարեն՝ լավ կլինի անձամբ կրթվի։
«Ձեր հարցազրույցում Մինսկի խմբին ձևակերպում եք տվել, թե այն ձևավորվել է Ադրբեջանի տարածքում՝ կոնֆլիկտի լուծման համար, գոնե Վիկիպեդիա կարդացեք»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը և Հակոբ Արշակյանի հորդորներին, թե՝ հարց ձևակերպի, Գեղամ Մանուկյանն ասաց, որ հարց չունի, ի՞նչ հարց տա։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից արձագանքեց պատգամավորին, ասելով՝ եթե իր ուղերձներն է մեջբերում, ապա նրան ավելի կարևոր բան կասի։
«Ես իմ կյանքի առաջին ցույցին մասնակցել եմ 1988 թվականին, այդ ուղերձները որ մեջբերում եք, ինչի՞ համար եք մեջբերում, բա դրա մասին է խոսքը։ Բա դա մեր անցած ճանապարհն է, պիտի մի հատ հետ նայենք։
Ես ուրիշներին կոչ չեմ անում կրթության, ինձ եմ կրթության կոչ անում և իմ կրթության արդյունքներն եմ ձեզ ներկայացնում, այդ թվում՝ այս հարցերի արձանագրման արդյունքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, թե ամեն օր հանձնարարում է, որ անապահով մարդկանց օգնեն, ու հետևում է, թե նրանց հետ ինչ է կատարվում, արդյունքում՝ նորից նրանք օգնություն են խնդրում։
Այս ամենից Նիկոլ Փաշինյանի եզրակացությունն այն է, որ այդ ամենով մարդկանց ստրկացնում են։
«Դպրոց կա, տարիներով սպորտդահլիճ չի ունեցել, բա դրա համար սերնդի կեսը ինչքան հիվանդություն կա, այդ ցանկին համապատասխանում է։ Հո Ղարաբաղի մասին գոռալո՞վ չէ, այո՛, մենք չենք շարունակում ղարաբաղյան շարժումը, ուզում եք՝ թռեք վերև, իջեք ցած։ Ասում եմ՝ դա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է, եթե ՀՀ ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը, որևէ պահի կդադարեմ լինել ՀՀ վարչապետ, դուք կլինեք ՀՀ վարչապետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում