
Կրակոցները թիրախային ու ինտենսիվ չեն, պետք է մի 2 ամիս սահման պահած լինեիք, որ իմանայիք. Ղահրամանյան
«Դրանք չեն կրում կոնկրետ թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով արդեն մի քանի օր Գորիսի տարածաշրջանից հնչող ահազանգերին, որ գիշերային ժամերին կրակոցներ են լսվում իրենց մոտ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ այդ կրակոցները «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։
Լրագրողները ՔՊ-ական պատգամավորից, ով Սյունիքի մարզից է՝ հետաքրքրվեցին՝ ինչ՞ համար է հակառակորդը նման կրակոցներ արձակում։
Ի պատասխան՝ նա ասաց. «Պետք է մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք, թե դա ինչի՞ համար է արվում,- ապա հավելեց,- Մարդիկ օդ են կրակում և այս կողմից, և մյուս կողմից, երբ տեսանելիություն չի լինում։ Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք։
Այս կրակոցները վերջին օրերի, ես քաջատեղյակ եմ, դրանք չեն կրում կոնկրետ թիրախավորված եւ ինտենսիվ բնույթ չեն կրում, վիրավորներ չկան»։
Նարեկ Ղահրամանյանը միաժամանակ ասաց՝ եթե կրակոց կա, ուրեմն վտանգ միշտ էլ կա, սակայն հավաստիացնում է՝ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ կրակոցները բնակչությանը չեն թիրախավորել, մարդկանց կյանքի համար վտանգ չկա։