
«Կա՛մ շատ քիչ է մնացել բոլորիս, կա՛մ քիչ է մնացել խայտառակությանը, եթե հայրենասերները հաջողության հասնեն». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին, մինչև հայտարարությամբ հանդես գալը, հույս հայտնեց, որ Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չեն գտնվի արկածախնդիրներ, որոնք կհանդգնեն Ալեն Սիմոնյանի՝ իրականության հետ կապ չունեցող «ասեղը թելել»։
Այսուհետև Հայկ Մամիջանյանը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները փորձեց դիտարկել հայտնի քաղաքագետ Ռոբերտ Փաթնամի տեսություններից մեկի համատեքստում։
«Տեսությունը կոչվում է «երկմակարդակ խաղերի» տեսություն ու տրամաբանությունը կայանում է հետևյալում, որ ցանկացած միջազգային բանակցություն շախմատային խաղ է երկու տախտակի վրա։ Մեկ տախտակի վրա բանակցողները խաղում են իրար հետ, իսկ երկրորդը բանակցողի մեջքի հետևում է, որտեղ ինքը շախմատ է խաղում շահային խմբերի, քաղաքական ուժերի, կրոնական կազմակերպությունների հետ։ Եկեք վերլուծենք այն ամենը, ինչը կատարվում է մեր երկրի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը զիջել է հնարավոր ամեն ինչ, այն փաստաթուղթը, որն իրենք անվանում են խաղաղության փաստաթուղթ, մեջը սահմանազատման մասին, մեր օկուպացված տարածքներն ազատելու մասին որևէ տառ չկա։
Այսինքն՝ մեր հողում կանգնած ադրբեջանցու հետ մենք բանակցում ենք, մեր տղաները գերի են Բաքվում, մենք բանակցում ենք։ Գոնե բանակցությունների ընթացքում նշույլ էլ չեն անում, չնայած, ինչպես վերջերս Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ փորձել են, չի ստացվել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև հիշեցրեց դատական հայցերի հետքաշումը, երրորդ ուժերի տեղակայման արգելքը։ Արդյունքում ստացվել է, որ Փաշինյանն Ալիևի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր ու անհնար առումներով ու հիմա փորձում է շախմատային խաղը հաղթել հայ ժողովրդի դեմ։
«Բայց այս ամենին շատ քիչ է մնացել՝ կա իրադարձությունների զարգացման 2 տարբերակ՝ կա՛մ շատ քիչ է մնացել բոլորիս, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, կա՛մ քիչ է մնացել ամոթին, խայտառակությանը, պարտվողականությանը, եթե հայրենասերները հասնեն հաջողության»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում