
«Ասում են՝ թող Սերժ Սարգսյանն իշխանությունը չտար. եթե Սերժ Սարգսյանն ասեր՝ ինչ է լինելու հետագայում, ինչ-որ մեկը հավատալո՞ւ էր․․. »․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին փողոցային պայքարի որոշում չունի։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ընտրություններին պետք է պատրաստվել՝ չբացառելով փողոցային պայքարը։
Ըստ նրա՝ ով կկարողանա գեներացնել այդ պայքարը, ուրեմն՝ բոլորը նրան պետք է աջակցեն։
24News-ի տաղավարում պատասխանելով հարցին, թե ո՞վ է բերել Նիկոլ Փաշինյանին, նա ասաց, որ չի ցանկանում այդ թեմայի մեջ մտնել, բայց եթե բոլորն ազնվորեն վերաբերվեն 2018-ի իրադարձություններին, կտեսնեն, թե ով է Փաշինյանին իշխանության բերել։
«Ասում են՝ թող Սերժ Սարգսյանը պայքարեր, իշխանությունը չտար, իսկ եթե Սերժ Սարգսյանը պայքարեր, մի քանի հարյուր մարդ զոհվեր, և Սերժ Սարգսյանը պատմեր, թե ինչ է լինելու հետագայում, ինչ-որ մեկը հավատալո՞ւ էր այն ժամանակվա իշխանություններին, թե երկիրն ուր է հասնելու, վստահ եմ՝ ոչ մեկ չէր հավատալու։
Ընդհակառակը, ասելու էին՝ դիկտատուրա, ավտորիտար ռեժիմը մարդկանց կոտորեց, սպանեց, արյան վրա եկավ իշխանության և այլն։ Անկեղծ, չեմ ուզում մտնել այդ թեմայի մեջ, չեմ ուզում որևէ կողմի ասածը հաստատել կամ հերքել, ուղղակի ուզում եմ, որ մեր հիմնական թեզից չշեղվենք՝ մեր պայքարը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի դեմ է »,-ասաց նա։