Բաժիններ՝

Պատասխանատվության չափը

Ծրագրավորողը համակարգչային նոր խաղ ստեղծեց՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ եթե կան մարտեր առանց կանոնների, ապա խաղերն ինչո՞ւ չեն կարող առանց կանոնների լինել: Չնայած մի պայման կար այդ խաղում՝ ամեն գնով հասնել վերջնագծին: Եվ ոչինչ չպետք է քեզ խանգարի կամ շեղի: Կտեսնես, օրինակ, կույր տատիկի, որը չի կարողանում փողոցն անցնել, կամ փորձանքի մեջ հայտնված մարդու՝ մտքովդ անգամ չանցնի օգնել: Այլապես՝ կկորցնես թանկագին միավորները կամ ավելի վատ՝ կտուգանվես:

Ծրագրավորողը վաճառեց իր ստեղծած խաղն ու մեծ գումար ստացավ դրա դիմաց: Մեքենա գնեց, ամառանոց…

Իսկ մարդիկ այդ խաղը գնեցին երեխաների համար, որոնց այն շատ դուր եկավ:

Տարիներ անցան: Ծրագրավորողի մազերը ճերմակեցին: Երեխաները մեծացան:

Մի անգամ նա քաղաքից ամառանոց էր գնում, երբ հանկարծ սրտի նոպա ունեցավ ճանապարհին: Պետք էր հնարավորինս արագ շտապ օգնություն կանչել, բայց, դժբախտաբար, բջջային կապ չկար ճանապարհի այդ հատվածում:

Նա փորձեց մեքենա կանգնեցնել, բայց մեքենաները մեկը մյուսի ետևից սլանում էին նրա մոտով առանց կանգ առնելու: Մեկը… հինգերորդը… տասներորդը… Եվ բազմաթիվ փորձերից հետո միայն մեկը կանգ առավ նրա մոտ:

«Վերջապե՛ս,- ուրախությամբ մտածեց նախկին ծրագրավորողը:- Ահա թե ով կփրկի ինձ»:

Բայց լուսամուտից դուրս ցցված երիտասարդ վարորդը, նույնիսկ չլսելով նրան, շտապով բացականչեց.

– Հե՜յ, հորեղբա՛յր, ինչպե՞ս այսինչ քաղաքը գնամ:

– Ի՞նչ քաղաք,- տնքաց ծրագրավորողը:- Մի՞թե չես տեսնում, որ մեռնում եմ:

– Տեսնում եմ,- գլխով արեց վարորդը:- Բայց եթե հիմա Ձեզնով զբաղվեմ, կկորցնեմ միավորներս… այսինքն՝ ժամանակս ու փողերս:

Եվ մեծ արագություն բացելով՝ սլացավ:

– Ախ, այդ ո՞վ է ձեզ նման անհոգի վերաբերմունք սովորեցրել,- նրա հետևից բղավեց նախկին ծրագրավորողն ու կես խոսքից ձայնը կտրեց: Ով-ով, բայց նա՛ հաստատ գիտեր այդ հարցի պատասխանը:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս