
Ինչո՞ւ չի հրապարակվում Բաքվի հետ համաձայնագրի տեքստը. ԱԽ քարտուղարի մեկնաբանությունը

Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման վայրն ու ժամանակը դեռ չեն քննարկվել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նշեց, որ հանրային քննարկումների ընթացքում հանրությունն արդեն մանրամասն տեղեկություններ է ստացել համաձայնագրի բովանդակության վերաբերյալ:
«Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Հաշվի առնելով, որ դեռևս օրի և տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, երբ լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնենք»,- նշեց նա։
Նրա խոսքով ՝ սա դիվանագիտական մոտեցում է հարցին։
Արմեն Գրիգորյանը նշեց նաև, որ ստորագրման կոնկրետ վայրեր Հայաստանը չի առաջարկել, բայց հավելեց, որ տրամաբանական կլինի ընտրել ինչ-որ բալանսավորված տարբերակ։