Լուրջ պրոբլեմ է. թանգարաններում տեսնում են ԽՍՀՄ. «Իրական Հայաստան»-ից բան չկա

Հայաստանում մշակութային աճուրդներ կլինեն, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի արվեստի շուկայի կայացման գործում։

«Մասնավորաբար, կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները: Բացակայում է արվեստի պատկերասրահների և աճուրդային տների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման և արվեստի նոր միտումների ձևավորման գործում:

Միաժամանակ, արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը և թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու և պետության համար կարևոր նշանակության մշակութային արժեքների ձեռքբերման տեսանկյունից»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե անկախ Հայաստանի արվեստը թանգարաններում շատ քիչ է ներկայացված։

«Ու սա կապ ունի պետականության ու անկախության ընկալման այն պրոբլեմների հետ, որի մասին խոսում ենք։ Աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, գնում են ու տեսնում շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է, վակուում է, ոչ մի բան չկա»,- նշեց նա։

Ըստ նրա՝ սա շատ լուրջ պրոբլեմ է ու պետք է ֆոնդերը համալրել։

«Հայաստանի ազգային պատկերասրահում ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա»,- նշեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս