
Հայաստանը գրավիչ գործընկե՞ր, թե՞ համոզված պարտապան

Հայաստանի կառավարությունը, ի վերջո, հայտնեց 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկման մասին, որոնք տեղաբաշխվել են 10 տարի ժամկետով՝ 7,1 տոկոս եկամտաբերությամբ:
Հայաստանը, իհարկե, նոր չէ, որ թողարկում է եվրապարտատոմսեր: Սա արդեն 5-րդ թողարկումն է: Առաջին անգամ Հայաստանը եվրապարտատոմսեր թողարկեց 2013 թվականին: Ընդհանուր առմամբ, միջազգային ֆինանսական շուկայում փաստացի պետական պարտատոմսեր թողարկելը պետական քաղաքականության բնականոն պրակտիկա է: Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ նպատակով են թողարկվում պարտատոմսերը, ի՞նչ որակի ու կառուցվածքի տնտեսություն է այդ թողարկումների «թիկունքում»:
Այդ տեսանկյունից այսօր Հայաստանի թողարկած 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի «թիկունքում», մեղմ ասած, ամուր տնտեսություն չէ: Ավելին, հենց այդ ամրության բացակայությունն էլ մղել է նրան, որ Հայաստանը փաստացի 750 միլիոն դոլարով ավելացնի պետական պարտքը, այն էլ՝ տարեկան 7,1 տոկոսով: Այդ փողն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:
Եթե Հայաստանի արտաքին պարտքին զուգահեռ՝ աճեր նաև արտաքին ներդրումների ծավալը, գուցե պարտքի խնդիրն արժանի չլիներ շատ մեծ ուշադրության: Ի վերջո, պետական պարտք, այդ թվում՝ պետական արտաքին պարտք, ներգրավում են գործնականում բոլոր պետությունները: Կրկնեմ, հարցն այն է, թե ինչպիսի՞ն է դրան զուգահեռ տնտեսական առողջությունը, իմունիտետը, որի առանցքային, հիմնարար ցուցիչներից մեկն էլ այդ տնտեսության ներդրումային գրավչությունն է, այդ տնտեսությունում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը:
Մինչդեռ, Հայաստանի պարագայում մտահոգության առարկան այն է, որ արտաքին պարտքի աճին զուգահեռ, տեղի է ունենում ներդրումային գրավչության նվազում, արտաքին ներդրումների ծավալի նվազում, առավել ևս՝ արտաքին խոշոր ներդրումային ծրագրերի գրեթե բացակայություն: Ավելին, եղած խոշոր ծրագրերն էլ կամ ձախողվել են, կամ գտնվում են անորոշությունների փուլում:
Այդ պատկերի ֆոնին է, որ պետական արտաքին պարտքի ավելացման հերթական խոշոր գործողությունը պետք է դառնար Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը, հանրային ուշադրության ու մտահոգության հիմնական թեմաներից մեկը: Այդ առումով, Հայաստանում հասարակական-քաղաքական դաշտում օրակարգերի ձևավորման «անոմալիաները» նորություն չեն:
Բայց, այստեղ կա նաև հոգեբանական, մտածողական, թերևս, շատ էական մի հարց, որի հետ գործ ունենք տվյալ դրվագում:
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Հայաստանում արտաքին խոշոր ներդրումային ծրագրի մասին որևէ խոսակցություն անգամ կարող է արժանանալ հանրային մեծ դժգոհության, ընդդդիմախոսության, անգամ դիմադրության, քան արտաքին պարտքի իրական ավելացումը: Սա Հայաստանում տարիներ շարունակ ձևավորված հոգեբանական և մտածողական որոշակի «անոմալիայի» մի դրսևորում է, որը հաճախ նկատելի չէ, սակայն իր խորքային առկայությամբ ըստ էության դառնում է նաև շատ ու շատ հանրային դերակատարների հրապարակային վարքագծի և շատ երևույթների ծավալման ենթագիտակցական հիմք:
Հայաստանի հանրության համար արտաքին պարտքը, դրա ավելացումն առավել ընդունելի երևույթ է, քան արտաքին ներդրումը: Արտաքին պարտքը Հայաստանի քաղաքացիների մի զգալի շերտ ընդունում է հանգիստ, իսկ Հայաստանի հանդեպ արտաքին ներդրողների որևէ հետաքրրքրություն և մտադրություն՝ սվիններով կամ կասկածներով: Արտաքին պարտքն ընկալվում է՝ որպես կյանքի բնականոն ընթացք, իսկ արտաքին ներդրողների հետաքրքրությունները՝ որպես Հայաստանի հանդեպ «դավադիր նպատակ» հետապնդող, Հայաստանի ինքնիշխանության դեմ «հյուսվող» մի «մութ պատմություն»:
Իր կապիտալը Հայաստան բերելու պատրաստակամություն կամ հետաքրքրություն արտահայտող ներդրողը, որն այդպիսով, փաստորեն, իր ռեսուրսները դնում է ՀՀ Սահմանադրության և օրենքների ենթակայության ներքո, իր հետաքրքրություններով անմիջականորեն կապվում է մեր պետությանը, մինչև անգամ՝ դրա անվտանգության հարցերին, Հայաստանում երբեմն նույնիսկ կարող է բառի պատկերավոր կամ անգամ բուն իմաստով ընկալվել թշնամի, հակառակորդ:
Սա տարօրինակ է, բայց նաև այս տարօրինակությունն է, որ եղել է Հայաստանը ոչ թե՝ զարգացման ու ամրացման, այլ՝ թուլացման ու քայքայման, նաև պարտության տանող պատճառներից մեկը: Ի տարբերություն այն ճանապարհի, որով անցել ու անցնում է Հայաստանի իրական հակառակորդը՝ Ադրբեջանը, շարունակաբար ընդլայնելով խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակն ու դրանք դիտարկելով իր պետական շահերի առաջմղման գործիք:
Պետությունները, հասարակությունները, որոնք կայուն տեղ են զբաղեցնում ոչ թե գրավիչ ու վստահելի ներդրումային գործընկերների, այլ ձեռքն առաջ մեկնած պարտապանների շարքում, միջազգային հարաբերություններում դիտվում են ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ՝ այդ ամենից բխող հետևանքով:
Հայաստանն անվտանգ և ինքնիշխան ապագա կարող է ունենալ, եթե ի վիճակի լինի միջազգային հարաբերություններում տեղ զբաղեցնել վստահելի ներդրումային գործընկերների, ոչ թե՝ կանխատեսելի պարտապանների շարքում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ