Բաժիններ՝

Իսպանացի անվանի դիրիժոր Ուլիսես Իյանի ղեկավարությամբ Հայաստանում կհնչի Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը»

Երկարատև դադարից հետո հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան։

Համերգին, որը տեղի կունենա մարտի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Երևանի պետական կամերային և  «Կոմիտաս» երգչախմբերը։ Երեկոյի մենակատարներն են սոպրանոներ Նելլի Քալաշյանը, Շահանե Աղաքարյանը, տենոր Գուրգեն Պողոսյանը և բաս-բարիտոն Աշոտ Ղանթարջյանը։

Համերգի հատուկ հյուրն է իսպանացի անվանի դիրիժոր Ուլիսես Իյանը։ Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետը վարպետորեն ղեկավարում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ օպերային ռեպերտուարներ՝ բարոկկոյից մինչև ժամանակակից շրջանի ստեղծագործություններ։ Նա իր էներգիայով ու փորձով նոր շունչ կհաղորդի Հայդնի վեհաշուք օրատորիային։

Դիրիժորն առաջին անգամ չէ Հայաստանում և շատ ուրախ է վերադառնալ։ Նա երկրորդ անգամ է համագործակցում Կոմիտասի անվան կամերային երաժշտության կենտրոնի հետ։ Ավելի վաղ երաժշտասերներին են ներկայացրել Հենդելի ստեղծագործություններից մեկը։

«Այժմ աշխատում ենք Հայդնի օրատորիայի վրա, որը կրոնական երաժշտություն է՝ հոգևոր ուղերձով։ Այն երաժշտության պատմության մեջ շատ կարևոր արվեստի գործ է։ Հայդնն այն գրել է կյանքի վերջին տարիներին։ Կարելի է անգամ զուգահեռներ անցկացնել Հայդնի «Աշխարհի արարումը» և Հենդելի «Մեսիա» օրատորիաների միջև։ Նրանք ցանկացել են մարդկությանը փոխանցել մեծակտավ գործեր՝ հոգևոր շատ կարևոր հաղորդագրություններ, ինչպես Բեթհովենն իր 9-րդ սիմֆոնիայով, որն ասես հիմն լինի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուլիսես Իյանը։

Ըստ Ուլիսես Իյանի՝ Հայդնն իր երաժտությամբ ասես նկարում է. նա սկսում է խավարով և քաոսով, հետո ամեն բան լուսավորվում է, մռայլ երաժշտությունը փոխակերպվում է պայծառ մեղեդիներով, ինչը կարևոր պահ է, որովհետև հակադրություն է ստեղծում։ Հայդնի օրատորիան ներկայացնում և փառաբանում է աշխարհի արարումն, ինչպես այն նկարագրված է Աստվածաշնչի Հին Կտակարանի Ծննդոց գրքում և Ջոն Միլթոնի «Կորսված դրախտը» պոեմում։ Այն կառուցված է երեք մասից. առաջին մասը վերաբերում է լույսի, երկնքի և երկրի, արևի և լուսնի, ցամաքի ու ջրի և բույսերի ստեղծմանը։

Երկրորդ մասը՝ ջրային և ցամաքային կենդանական աշխարհի ու մարդու  ստեղծմանը, եզրափակիչ հատվածում նկարագրում է եդեմի պարտեզում Ադամին և Եվային, նրանց անցկացրած երջանիկ ժամերը։

«Հայդնը գեղեցիկ է նկարագում կենդանական աշխարհը, երաժշտության միջոցով ներկայացնում է կենդանիների բիոռիթմը, իսկ ամենագեղեցիկը Ադամի և Եվայի միջև եղած կապն է։ Ես քո կարիքն ունեմ, դու՝ իմ, արի միասին ստեղծենք որևէ գեղեցիկ բան՝ այս գաղափարն է ընկած հիմքում։ Ինձ համար Ադամի և Եվայի հատվածն ասոցացվում է Հայաստանում Նոյի պատմության հետ, որը խորհրդանշում է նոր սկիզբը»,- պատմեց դիրիժորը։

Նա Հայաստանում իրեն շատ լավ է զգում, քանի որ հոգու ընկերներ է գտել։ Օրատորիայի կատարումը մարտահրավեր է համարում և նշում՝ մենակատարները տաղանդավոր են, նվագախումբն ու երգչախմբերը՝ ևս։

«Կենտրոնը մեծ ջանքեր է գործադրել ծրագիրն իրագործելու համար։ Սա նաև ռազմավարական թիմային աշխատանք է, և ես շատ ուրախ եմ որպես «նավապետ», որ ղեկավարում եմ այս գեղեցիկ ստեղծագործության կառուցման ամբողջ գործընթացը, փորձում եմ համախմբել բոլոր բաղադրիչները, որպեսզի լավագույնս ներկայանանք համերգին»,-հավաստիացրեց  Իյանը։

Փորձերի ընթացքում որոշ հայերեն բառեր է սովորել, երբեմն սխալ է արտասանում բառերը, ինչի արդյունքում ժպիտ, ծիծաղ է պարգևում երաժիշտներին ու երգիչներին։ Անմիջականությունը ամուր կապեր հաստատելու երաշխիք է համարում, ասում է՝ երաժշտությունը միջազգային լեզու է, սակայն սիրով հայերեն կսովորի։
Դիրիժորն անհամբերությամբ է սպասում առաջիկա համերգին, քանի որ նախորդ համերգի վառ հիշողությունները դեռ իր հետ են։

«Զգում էի հանդիսատեսի շունչը։

Երբ համերգի տեսանյութն էի նայում, նկատեցի նաև արցունքոտ աչքեր։ Եթե ես լի եմ էմոցիաներով և էներգիայով, դա փոխանցում եմ երաժիշտներին, երբ նրանք դա ստանում են, փոխանցում են հանդիսատեսին, հետո հանդիսատեսն այն փոխանցում է երաժիշտներին, նրանք էլ՝ ինձ։ Հատկապես  գլուխգործոցներ կատարելիս եմ դա զգում։ Փորձերի առաջին օրերը շատ կարևոր են, որովհետև կապ են ստեղծում մարդկանց միջև»,-ընդգծեց Ուլիսես Իյանը։

Նա ղեկավարել է այնպիսի նշանավոր կոլեկտիվներ, ինչպիսիք են Haydn Sinfonietta Wien-ը, Festival Strings Lucerne-ը և Orquesta Sinfónica de Radio Televisión Española-ն:

Գերագույն հաճույքով է աշխատում Հայաստանի պետական կամերային նվագախմբի, երգչախմբերի, մենակատարների հետ։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հենց Իյանն է առաջարկել կատարել Հայդնի օրատորիան։

«Ծանոթանալով մեր նվագախմբի, երգչախմբերի պոտենցիալին՝ նա առաջարկեց այդ բարդ ստեղծագործությանն անդրադառնալ։ Մարտ և ապրիլ ամիսներին Մեծ Պահքի շրջանն է, իսկ Հայդնի օրատորիան խորհրդանշում է աշխարհի արարումը։ Վստահ եմ, որ մարտի 18-ին լավ երեկո ենք ունենալ, հանդիսատեսը հաղորդակցվելու է բարձրաճաշակ երաժշտությանն ու հոգևոր սնունդ է ստանալու»,-եզափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս