Բաժիններ՝

Երեկոյան ժամերին սմարթֆոնների և տարբեր տեսակի գաջեթների երկարատև օգտագործումը կհանգեցնի քնի որակի վատացման

Առողջ և լիարժեք քունը մարդու կյանքում ունի շատ կարևոր և անփոխարինելի դեր: Պետք է հիշել, որ քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ: Բոլորը՝ այդ թվում մասնագետները, կփաստեն, որ ոչ լիարժեք քնած մարդը չի կարող առույգ, առողջ  և լիարժեք  առօրյա ունենալ:

Մեր կյանքում քնի դերի կարևորության և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում զրուցել ենք Հերացի համալսարանական հիվանդանոցի  նյարդաբանական ծառայության նյարդաբան Հասմիկ Մանուչարյանի հետ:

Մասնագետը նշեց՝ քնին պետք է տրամադրել օրական միջինը 7-8 ժամ, որի համար պատասխանատու է մելատոնինը։ Մելատոնինը քունն ապահովող ուղեղի բջիջների կողմից արտադրվող նյութ է։ Երբ մթնում է, մելատոնինի արտադրությունը սկսում է աճել:

«Քնի ցանկացած խանգարման դեպքում մարդու մոտ արտահայտվում է հոգնածություն, ուշադրության կամ հիշողության նվազում, ընկճվածություն, դեպրեսիա, կենսական ակտիվության նվազում և այլն: Քնի ժամանակ տեղի է ունենում աճի հորմոնի անջատում, որը կարևոր է վերարտադրողականության և բջիջների վերականգնման համար, գիշերը՝ խոր փուլերում, արտադրվում է տեստոստերոն և սոմատոտրոպ հորմոն»,- նշեց մասնագետը:

Անդրադառնալով այն հարցին, թե սմարթֆոնների և տարբեր տեսակի գաջեթների երկարատև օգտագործումը հատկապես երեկոյան ժամերին կարո՞ղ է նպաստել անքնությանը և քնի որակի վատացմանը՝ մասնագետը փաստեց, որ դա միանշանակ ունի բացասական ազդեցություն քնի վրա:

«Շատերին, միգուցե, թվում է, որ սմարթֆոններով զբաղվելը կնպաստի, որ շուտ քուն մտնեն, բայց հենց էկրանի լույսը կարող է բացասական անդրադառնալ և  խանգարել խորը և որակյալ քուն ունենալուն»,- նշեց Մանուչարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս