
Ի՞նչ է հելիկոբակտեր պիլորին, ինչո՞ւ են ռիսկի գոտում երեխաները, երկաթի դեֆիցիտ ունեցողները․ Պարզաբանում է գաստրոէնտերոլոգը
Հելիկոբակտերային վարակն ամենատարածված քրոնիկական բակտերիալ վարակներից է: Ձեռք է բերվում միջինում 12 տարեկան հասակում և կարող է կլինիկորեն չդրսևորվել տասնյակ տարիներ:
Հիվանդության զարգացման, բուժման մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գաստրոէնտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ։
– Հելիկոբակտերն ինչպե՞ս է հայտնվում մեր օրգանիզմներում։
– Տարածված այս հիվանդությամբ վարակվում են կեղտոտ ձեռքերի, սպասքի, համբույրի միջոցով։
– Ավելի շատ երեխաների, դեռահասների մոտ է հանդիպում, ինչո՞ւ։
– Այդպես նշել ճիշտ չէ, քանի որ ցանկացած տարիքում կարելի է վարակվել հելիկոբակտերով։ Ռիսկային են երեխաներն ու դեռահասները, որովհետև հելիկոբակտերի վարակումն անմիջապես կապված է հիգիենայի հետ։ Երեխաներն ավելի շատ են կեղտոտ իրերը բերանը տանում։ Բացի այդ, երեխաների ստամոքսային լորձաթաղանթն ավելի քիչ է պաշտպանված, քան մեծերինը, և սովորաբար, հելիկոբակտերային վարակները՝ կապված երեխաների հետ, ավելի տարածված են աղքատ երկրներում, որտեղ կենցաղային պայմաններն ավելի վատ են։ Իսկ ընդհանրապես ցանկացած տարիքում կարելի է վարակվել, երկար ժամանակ կրել վարակը և չիմանալ այդ մասին։
– Այսինքն, վարակը կարող է մարդու օրգանիզմում լինել և չարտահայտվե՞լ։
– Այո։ Հելիկոբակտերային վարակը կարող է երկար ժամանակ չդրսևորվել, մինչև կառաջանա որևէ դրդող գործոն։ Կարող է նաև մինչև կյանքի վերջ որևէ խնդիր չառաջացնել։
– Որո՞նք են դրդող գործոնները․ ի՞նչ է անում մարդը, որ վարակն արթնանում է։
– Գոյություն ունի մի քանի պայման՝ իմունիտետի հետ կապված։ Տեղային, ստամոքսային լորձաթաղանթի իմունիտետը մեզ պաշտպանում է տարբեր գործոններից, բակտերիալ վարակներից։ Այն ստամոքսահյութն է՝ աղաթթուն, երբ ինչ-ինչ գործոններ՝ երկարատև ասպիրինային շարքի, հակաբորբոքային դեղերի օգտագործումը, իմունիտետի անկումը, թերսնուցումը, ալոկոհոլը, քաշի կտրուկ իջեցումը պատճառ են հանդիսանում, որ մեր ներսում գտնվող բակետրիանը, այդ թվում՝ հելիկոբակտերը, իրեն լավ զգա, և առաջանում են տարբեր տիպի բորբոքումներ։
– Սիրտ-անոթային հիվանդություն ունեցողներին հաճախ նշանակում են ասպիրին պարունակող դեղորայք։ Հիմա ասպիրինն ու հելիկոբակտերը երբ հանդիպում են իրար՝ «վիճո՞ւմ» են։
– Ճիշտ եք, սակայն ոչ թե վիճում են, այլ օգնում են իրար՝ ի վնաս տիրոջ։ Կան որոշումներ, ըստ որոնց՝ այն մարդիկ, ովքեր երկարատև օգտագործելու են ասպիրինային շարքի դեղեր կամ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր, պարտադիր պետք է ստուգվեն հելիկոբակտերի կապակցությամբ և ստանան բուժում, քանի որ այս դեղերը՝ համակցված հելիկոբակտերի հետ, բարձրացնում են ստամոքսի խոցի հավանականությունը, իսկ մենք գիտենք, որ հելիկոբակտերը ոչ միայն խոց առաջացնող գործոն է հանդիսանում, այլև առաջին կարգի ստամոքսի քաղցկեղածին գործոն է՝ չհաշված գենետիկ ստամոքսի քաղցկեղի դեպքերը։ Չինաստանում հետազոտել են ստամոքսի քաղցկեղ ունեցող մարդկանց, հայտնաբերել են հելիկոբակտեր, այսինքն՝ ստամոքսի քաղցկեղը պայմանավորված է եղել հելիկոբակտերով, և ոչ մի դեպք չի հայտնաբերվել՝ առանց հելիկոբակտերի՝ ստամոքսի քաղցկեղով մարդ։
– Կարո՞ղ է մարդը դիմադրողականություն ունենալ, և ինչքան էլ դեղորայքն ու հելիկոբակտերը հանդիպեն իրար՝ չարտահայտվի։
– Այո։ Իմունիտետը, գենետիկ գործոնները կարող են պաշտպանիչ դեր ունենալ։ Մարդը կարող է ստամոքսը վնասող տարբեր գործոններ կրել և չունենալ խնդիր։
– Վահանաձև գեղձի խնդիրներ ունեցողները և՞ս պետք է ստուգեն հելիկոբակտերը, քանի որ համաձայն որոշ տեղեկությունների, թիրեոտրոպ հորմոնը լավ չի ներծծվում, եթե առկա է վարակ։
– Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների հետ կապված կամ B12 դեֆիցիտային հիվանդությունների ժամանակ պարտադիր պետք է բացառել հելիկոբակտերի գործոնը։ Ինչպես նաև կապ են գտել նյարդային մի քանի խնդիրների, օրինակ, Ալցհեյմերի և հելիկոբակտերի միջև։ Դրա համար անպայման պետք է ստուգել հելիկոբակտերը և ստանալ բուժում։
– Երկաթի դեֆիցիտը պայմանավորվա՞ծ է հելիկոբակտերով։
– Երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիաները կարող են տարբեր պատճառներ ունենալ՝ ֆերիտինի իջեցում, միս չուտել, սուրճի շատ քանակի օգտագործում, արյունահոսություններ, բայց անհայտ բնույթի անեմիաները պարտադիր պետք է ստուգվեն հելիկոբակտերի կապակցությամբ, չէ՞ որ այն առաջացնում է գաստրիտ, երբեմն՝ ատրոֆիկ գաստրիտ, այսինքն՝ ստամոքսի գեղձերի տափակեցում, որը բավականին ուշադրության արժանի հիվանդություն է, ինչ-որ տեղ՝ նաև վտանգավոր։ Այս դեպքում առաջանում է երկաթի ներծծման խնդիր։ Նման մարդիկ կարող են ունենալ երկաթ-դեֆիցիտային անեմիա՝ որպես առաջին նշան։ Այս դեպքերում հատկապես պետք է կատարել էնդոսկոպիկ հետազոտություն, գտնել բակտերիան, եթե դրանով է պայմանավորված ատրոֆիկ գաստրիտը և ստանալ համապատասխան բուժում։
– Ճի՞շտ է, որ ռիսկի գոտում արյան առաջին խումբ ունեցողներն են։
– Կան նման հետազոտություններ, բայց չեմ շտապի միանշանակ ներկայացնել, որովհետև դրանք դեռ հետազոտություններ են՝ կապված արյան խմբերի և ստամոքսի քաղցկեղների հետ։ Դրանք դեռ հետազոտություններ են։
– Շատերը սնունդ ընդունելուց հետո ցավ են ունենում, ասում են՝ գաստրիտ է, դեղ են խմում։ Սա կարո՞ղ է հելիկոբակտերի հետ կապ ունենալ։
– Հելիկոբակտեր կրելու հետ կապված մի շարք գանգատներ կան․ վքնածություն, դիսկոմֆորտ ստամոքսում։ Կարող է այրոց լինել, և նման դեպքերում կարող ենք մի քանի կերպ վարվել․ եթե երիտասարդ է հիվանդ, թեստ են անում, իսկ ՀՀ-ում հազվադեպ ենք նման կերպ վարվում, որովհետև այստեղ էնդոսկոպիկ միջամտությունը բավականին մատչելի է, բացի այդ, փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում մի բան ավելի ենք հայտնաբերում, քան սպասում էինք։ Կան հետազոտության մի քանի մեթոդներ, որոնցից է շնչառականը, էնդոսկոպիկը, կղանքում հակածնային մեթոդը։ Հետո գալիս է արյան մեջ հակամարմինների մեթոդը, և բժիշկն է որոշում, թե որ մեթոդով է պետք հսկել հիվանդին։
Կան մի քանի նախապայմաններ, որոնք կարող են հետազոտությունները խափանել, տալ կեղծ դրական կամ կեղծ բացասական պատասխաններ։ Դրանք են՝ մեկ ամսվա ընթացքում հակաբիոտիկների կիրառումը․ այս դեպքում կեղծ բացասական կարող է ցույց տալ։ Գոնե երկու շաբաթ չպետք է օգտագործեն նաև օմեպրազոլային դեղերը։
– Ծնողները, տատիկ-պապիկները երեխաներին հաճախ իրենց գդալով են կերակրում, դա կարո՞ղ է վարակի փոխանցման աղբյուր հանդիսանալ։
– Եթե տան անդամը վարակված է հելիկոբակտերով, ապա՝ այո։ Թուքը կարող է վարակիչ լինել երեխայի համար։ Ընդհանրապես սխալ է դիմացինին պարգևել քո միկրոֆլորան։
– Թքի թեման շատ արդիական է․ ամբողջ Հայաստանում թքելով ման են գալիս, հատկապես՝ տղամարդիկ։ Սա կարո՞ղ է վարակի պատճառ լինել։
– Արտաքին միջավայրում բակտերիաները երկար չեն մնում, չնայած կան բակտերիաներ, որ տարիներով են մնում, բայց կոնկրետ նշվածը չեմ կարծում, որ մնա, ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց տան անդամները և վատ լվացված սպասքը՝ ռեստորաններում, արդեն մեզ բավարար է։
– Եթե ընտանիքի անդամներից մեկի մոտ վարակը հայտնաբերվում է, մյուսները և՞ս պետք է ստուգվեն։
– Նման ցուցում չկա, բայց ցանկալի է, որ ստուգվեն։ Պարտադիր չէ, որ զուգընկերը, տան անդամն անպայման վարակվեն, բայց շանսերը մեծ են։ Առանց ստուգման պետք չէ, որ նույն դեղերը մյուսները ևս օգտագործեն։
Նշեմ, որ հելիկոբակտերը ենթադրում է 14-օրյա բուժում։
– Բուժման հիմնական եղանակը դեղորայքային է, և 14 օրից այն վերանո՞ւմ է օրգանիզմից։
– Իհարկե, հելիկոբակտերը բուժվում է հստակ դեղորայքներով։ Բուժումը պարտադիր տևում է 14 օր՝ հակաբիոտիկների մասով։ Կան դեղորայքներ, որոնք ավելի երկար են նշանակվում՝ թթվայնության հետ կապված։ Բուժման այլ եղանակ չկա․ բրոկոլին, տարբեր խոտաբույսերը վարակը չեն կարող բուժել։
– Հելիկոբակտերը չբուժելու դեպքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ։
– Հելիկոբակտերը կարող է առաջացնել գաստրիտ, 12-մատնյա աղու բորբոքում, ստամոքսի բորբոքում, էրոզիաներ, խոցեր, ատրոֆիկ գաստրիտ, ստամոքսի քաղցկեղ։