«Ժամանակի հրամայականն է, որ Փաշինյանին տուն տանեմ. Հիմա էլ հեծանիվ է սիրում, մտածում եմ՝ հեծանիվով գամ, եթե իրեն խելոք պահի` ֆայտոնով էլ կգամ». Սևադա Ղուկասյան

Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը չի հավատում, որ իր համերկրացի Նիկոլ Փաշինյանն իր հռչակած «խաղաղության պայմանագրով» Հայաստանին խաղաղություն կբերի։ Ասում է՝ քանի անգամ էշով է եկել Երևան՝ փորձելով Նիկոլ Փաշինյանին տուն տանել ու երկիրը փրկել աղետից՝ չի ստացվել, իրեն բերման են ենթարկել, հետո բաց թողել, ու ստիպված առանց Նիկոլ Փաշինյանի է վերադարձել Իջևան։

«Հիմա ես չեմ հասկանում, այս ժողովուրդը ինչո՞ւ է հավատում, թե այդ մարդն իրենց խաղաղություն է բերելու։ Անձամբ ինձ համար տեղի ունեցածը սպասելի էր, ավելին՝ ամենավատ ու վատթարագույն բաներն այս իշխանությունից սպասելի է։ Թմբկահարում էր, թե նախկինները Արցախը հանձնել են, Հայաստանը վաճառել են և այլն, հիմա ինքն իր ասածների «տակն» է մնացել։

Ձեզ մի իրողություն ասեմ. 2020 թվականից սկսած՝ այս մարդն ամեն ինչ արեց, որ ժողովուրդն իրենից զզվի, հիասթափվի ու ռադ անի, բայց ժողովուրդն անտարբեր է, իհարկե, ոչ բոլորը։ Ես մշտապես Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերն եմ հիշում, ասում էր՝ անտարբերությունն ավելի մեծ չարիք է, քան դավաճանությունը»,- 168.am հետ զրույցում նշեց Սևադա Ղուկասյանը։

Նա երբեմն վիրավորվում է, երբ Նիկոլ Փաշինյանին համարում են իր համերկրացի՝ իջևանցի, շեշտելով, որ դեռ հարց է՝ Նիկոլ Փաշինյանն իջևանցի՞ է, կամ առհասարակ հա՞յ է, քանի որ հայը չէր կարող անել այն ամենը, ինչ նա է անում։

Կարդացեք նաև

«Մի խոսք կա՝ յուրաքանչյուր իշխանություն արժանի է իր հասարակությանը, հիմա սրանք գուցե արժանի են մեր հասարակությանը, ուղղակի տուժում են այն մարդիկ, որոնք այս երկրի, պետության համար սրտացավ են։ Ապրում են առանց թասիբի ու նամուսի, սա Ավետիք Իսահակյանի ասած՝ «ոգու սովն» է։ Որքան էլ զարմանալի է, բայց ես ուզում եմ՝ սրանք մնան, որ այս խեղճ ու կրակ ժողովուրդը երկար կտտանքներից հետո ուշքի գա, և, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տառապի, մեկ է՝ նա ամեն օր տառապանքների մեջ է ու եթե խելք ունենար, վաղուց հեռացած կլիներ։ Մարդն այդքան դավաճանություններից հետո չի կարող հանգիստ ապրել, երբ մեկի երեխային ասում են՝ հայրդ դավաճան է, սա արդեն տվյալ մարդու համար վերջն է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Սևադա Ղուկասյանի բնորոշմամբ, իրավիճակը բարդ ու ծանր է, սակայն սա հայ ազգի վերջը չէ, քանի որ հայ ազգի մեջ կան հերոսներ, խելացի մարդիկ, որոնք կարող են շտկել իրավիճակը։

Մեջբերելով հայտնի խոսքերը, թե ստրուկը երազում է ոչ թե ստրկությունից ազատվել, այլ ունենալ սեփական ստրուկները, Սևադա Ղուկասյանը շեշտեց.

«Ասածս ինչ է, սրանք ստրուկ են եղել իրենց տերերի ձեռքին, երազել են ոչ թե ազատվել այդ ստրկությունից, այլ ունենալ իրենց սեփական ստրուկները։ Հիմա եկել ու հայ ազգին են ուզում ստրկացնել։ Այս ճղճիմները հոգի չունեն, որ հասկանան՝ իրենց պատճառով հայ ազգն ինչ հոգեբանական ճնշվածություն է զգում, ուղեղ էլ չունեն, սրանք միայն տառապում են կենդանական բնազդով։

Հիմա ժամանակի հրամայականն է, որ ես Նիկոլ Փաշինյանին տուն տանեմ, աշխարհը պիտի տեսնի, որ մենք մի քիչ գոնե արժանապատվություն ունեցող ազգ ենք։

Մեր այս դերասանը հիմա էլ հեծանիվ է սիրում, մտածում եմ՝ հաջորդ անգամ հեծանիվով գամ, ինքն էլ հավես անի, հետներս գա։ Չնայած նա խոստում է տալիս, հետո թռնում է, չգիտեմ։ Եթե իրեն խելոք պահի, ֆայտոնով էլ կգամ հետևից»։

Սևադա Ղուկասյանը նաև ասաց՝ իր սեփական էշը՝ «Իլհամիկը», իրեն լավ է զգում, բայց «հետախուզում» են հայտարարել, երբեմն տխրում է։

«Դե կենդանի է, կտխրի, ասում է՝ քանի տարի է՝ սպասում եմ, բեռս տվեք, գնամ իմ երկիր։

Նաև ուզում եմ ասեմ՝ մեր գյուղ եկեք, եկեք, քանի դեռ մերն է, չեն հանձնել»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Սևադա Ղուկասյանը։

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանն իր հայրենակցին՝ Նիկոլ Փաշինյանին, տարբեր մեթոդներով հասկացրել է, որ սխալ քաղաքականություն է վարում, ուստի պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը մնա։ Այս առնչությամբ նա բազմաթիվ ակցիաներ է իրականացրել, ընդհուպ՝ 2021 թվականին էշով Իջևանից եկել,  հասել էր Երևան, որպեսզի, ինչպես ինքն էր ասել՝ «Նիկոլ Փաշինյանին տուն տանի»։

Բոլոր այս ակցիաներից ու հայտարարություններից հետո իրավապահները սկսեցին հետապնդել Սևադա Ղուկասյանին, նրան բերման էին ենթարկել։

Նա մի քանի գործով ենթարկվել է տուգանքի ու մինչև հիմա շարունակում է տուգանքները վճարել։ Ասում է՝ չի փոշմանել իր ակցիաների համար, անհրաժեշտության դեպքում այլ ակցիաներ ևս կիրականացնի:

Տեսանյութեր

Լրահոս