Բաժիններ՝

25 միլիոն 59․065 դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման համար․ մատակարարն էլի նույն ՍՊԸ-ն է ընտրվել

Վարչապետի աշխատակազմը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կարիքների համար միջոցառումների հետ կապված ծառայությունների համար հերթական պայմանագիրն է կնքել «Գևորգիան կոնցեռն»-ի հետ։

Ըստ պայմանագրի՝ Գևորգիան կոնցեռնը 25 միլիոն 597․ 065.60 դրամով պետք է կազմակերպի «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառումը։

Այս միջոցառումը Զարեհ Սինանյանի ղեկավար կառույցը նախատեսում է անցկացնել 2025 թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը: Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ միջոցառմանը կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-35 տարեկան սփյուռքահայ առավելագույնը 30 երիտասարդ: Գնումը կատարվել է Էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով, և պարզվում է՝ մրցույթի ընտրված մասնակիցը՝ «Գևորգիան կոնցեռն»-ը, մյուս մասնակցից՝ «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ից, 500 դրամով նվազ գին է առաջարկել։

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն միջոցառման կազմակերպումը նախորդ տարի՝ 2024 թվականին ևս «Գևորգիան կոնցեռն»ին էր վստահվել։ 2024 թվականին այս նպատակի համար Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հատկացրել էր 24 միլիոն 281.865 դրամ՝ դարձյալ սփյուռքահայ շուրջ 30 երիտասարդի համար։

Կարդացեք նաև

Ավելին՝ 2023 թվականին էլ այս միջոցառման կազմակերպման համար գնման նույն ընթացակարգով ընտրվել էր Վլադիմիր Գևորգյանի տիկնոջը պատկանող «Օլ Հոթելս» ՍՊԸ-ն․ 11 միլիոն 536.888 դրամով այդ ընկերությունը ծառայություններ է մատուցել 2023 թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման շրջանակներում: Այդ ժամանակ նախատեսվել էր Սփյուռքից 20 մասնակցի այց:

Ի դեպ, ընդամենը օրեր առաջ էինք գրել, որ Փաշինյանի աշխատակազմը շուրջ 102 միլիոն դրամ է տրամադրելու մատակարար կազմակերպությանը, որպեսզի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը 600 սփյուռքահայ երիտասարդի քայլերը 1 ամսով ուղղի Հայաստան:

Ու այդ վեհ առաքելության մեջ իշխանություններին դարձյալ օգնել էր «Գևորգիան կոնցեռն»-ը՝ բաց մրցույթով ընտրված մատակարարը և համատեղությամբ՝ պետգնումներում պետական գերատեսչությունների ֆավորիտը։

Ըստ օրերս պետգնումների էլեկտրոնային համակարգում տեղ գտած այս գնման մասին պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ 2025 թվականի հունիսի 6-ից օգոստոսի 27-ը կիրականացվի «Քայլ դեպի տուն» միջոցառումը, որի շրջանակում 13-18 տարեկան առնվազն 600 սփյուռքահայ երիտասարդներ կլինեն Հայաստանում։ 101 միլիոն 985.600 դրամով «Գևորգիան կոնցեռնը» կիրականացնի ճամբարի ծառայությունների մատուցում 6 փուլով, հանրային սննդի կազմակերպում, շրջայցերի կազմակերպում, տեսանկարահանման, լուսանկարահանման ծառայություններ։

Հիշեցնենք, որ մատակարար ընկերությունը՝ 2017 թվականին Լոռու մարզում գրանցված «Գևորգյան կոնցեռն» ՍՊԸ-ն, 2018 թվականից հետո պետգնումներում ֆավորիտ է դարձել: Կոնցեռնի ղեկավարը Վլադիմիր Գևորգյանն է, որի այլ ընկերություններ ևս պարբերաբար պետգնումների թոփ-տասնյակում են հայտնվում՝ հիմնականում մեկ անձ, դրամաշնորհային մրցույթ գնման ընթացակարգերով արված գնումներով։

Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր գործարար Վլադիմիր Գևորգյանին ու նրա ընտանիքին ասոցիացվող ընկերությունների՝ պետգնումներում հաղթարշավին՝ բացահայտելով, оրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ», «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ»-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է: «ՕԼ հոթելս» ընկերությունն էլ պատկանում է Վլադիմիր Գևորգյանի տիկնոջը՝ Նադեժդա Ստեփանյանին:

Տեսանյութեր

Լրահոս