
102 միլիոն դրամ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից՝ Զարեհ Սինանյանի գրասենյակին

Վարչապետի աշխատակազմն այս տարի շուրջ 102 միլիոն դրամ է տրամադրելու մատակարար կազմակերպությանը, որպեսզի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը 600 սփյուռքահայ երիտասարդի քայլերը 1 ամսով ուղղի Հայաստան:
Այս վեհ առաքելության մեջ իշխանություններին կօգնի «Գևորգիան կոնցեռն»-ը՝ բաց մրցույթով ընտրված մատակարարը և համատեղությամբ՝ պետգնումներում պետական գերատեսչությունների ֆավորիտը։
Այսպիսով, ըստ օրերս պետգնումների էլեկտրոնային համակարգում տեղ գտած այս գնման մասին պայմանագրի տեխնիկական բնութագրի, 2025 թվականի հունիսի 6-ից օգոստոսի 27-ը կիրականացվի «Քայլ դեպի տուն» միջոցառումը, որի շրջանակում 13-18 տարեկան առնվազն 600 սփյուռքահայ երիտասարդներ կլինեն Հայաստանում։
101 միլիոն 985.600 դրամով «Գևորգիան կոնցեռնը» կիրականացնի ճամբարի ծառայությունների մատուցում 6 փուլով, հանրային սննդի կազմակերպում, շրջայցերի կազմակերպում, տեսանկարահանման, լուսանկարահանման ծառայություններ։
Ընտրված մատակարարի մասին
2017 թվականին հիմնադրված «Գևորգիան կոնցեռն»-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վլադիմիր Գևորգյանին, որն իրեն ու իր ընտանիքին առնչվող տարբեր կազմակերպություններով բավականին ակտիվորեն, հաճախ առանց մրցույթների տարբեր պետական գերատեսչությունների հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքում։
Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր գործարար Վլադիմիր Գևորգյանին ու նրա ընտանիքին ասոցիացվող ընկերությունների՝ պետգնումներում հաղթարշավին՝ բացահայտելով, оրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ», «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ», «Օլ հոթելս» և այլ ՍՊԸ-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է: