Այդ ցուցակում կանայք ևս կան, նաև ես կամ, որովհետև կոչ եմ արել ռմբակոծել Մինգեչաուրի ջրամբարը․ Նաիրա Զոհրաբյան

Մարտի 8-ն ամեն տարի նշվում է որպես կանանց համերաշխության, հավասար իրավունքների, ազատության համար պայքարի օր։ Տոնը 1975 թվականից նշվում է ՄԱԿ-ում: Կանանց միջազգային օրը Հայաստանում ևս տոնական է։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսպիսի տոները համարում է արհեստածին, նշում է՝ կանանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի ամեն օր։

«Ես դեմ եմ այս արհեստածին տոներին, որովհետև ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ենք կլարացետկինյան, ռոզալյուքսեմբուրգյան օրերը փորձում տրանսֆորմացնել մեր իրականության մեջ՝ իբր կնոջ իրավունքների պաշտպանության օր։ Արդյո՞ք այսօր կնոջ իրավունքները պաշտպանված են Հայաստանում՝ ո՛չ,- 168am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ մանրամասնելով,- Մենք թաքցնում ենք իրական վիճակը՝ օրինակ, ընտանեկան բռնության առումով, որովհետև նույնիսկ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքն այս իրավիճակը չփոխեց, որովհետև մենք ունենք շատ վատ ստատիստիկա, որ հայկական ընտանիքներում կանանց 70-ից ավելի տոկոսը ենթարկվում է այս կամ այն տիպի բռնության (պարտադիր չէ, որ բռնությունը լինի ֆիզիկական․ կա տնտեսական, սոցիալական, հոգեբանական բռնություն), բայց սրանով ոչ ոք չի զբաղվում։ Ֆեյք օրեր են ընդունված, ու փորձում ենք այդ օրերին հիշել կնոջ իրավունքի մասին․ այդպես չի՛ լինում»։

Առհասարակ, Նաիրա Զոհրաբյանը հիշեց իր մշտական խորհուրդը կանանց՝ քանի դեռ կինն ինքն իրեն չգնահատի, չսիրի, դիմացինից չի կարող որևէ բան ակնկալել։

Կարդացեք նաև

«Իմ խորհուրդն է բոլոր կանանց՝ եթե ուզում եք երջանիկ լինել, ձեր շրջապատից մաքրե՛ք բոլոր տոքսիկ մարդկանց, կտրե՛ք բոլոր տոքսիկ հարաբերությունները, եթե նույնիսկ այդ հարաբերությունները ձեզ համար թվում են կենսական։ Եթե դուք մեկ օր անգամ այդ հարաբերություններում երջանիկ չեք, պետք է ավարտել դրանք»,- հավելեց նա։

Շարունակելով հայաստանյան իրողությունների համատեքստում դիտարկել կանանց իրավունքների թեման՝ մեր զրուցակիցը նկատեց, որ այսօր Հայաստանում ընդհանրապես մարդու իրավունքները պաշտպանված չեն․ թավշյա տեռորից հետո Հայաստանում մարդու կյանքը, իրավունքը ամենաէժան ապրանքն է։

«Հատկապես այս իշխանության օրոք մենք տեսնում ենք՝ ընդհանրապես մարդու իրավունքի մասին խոսք լինել չի կարող։ Քիչ առաջ նայում էի՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն է հայտարարել (ինչը միանշանակ կանխատեսելի էր), որ վերջնական խաղաղության հասնելու համար Հայաստանը Ադրբեջանին պետք է հանձնի «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին»։

Բնականաբար, խոսքը նախևառաջ բոլոր նախկին նախագահների ու պաշտպանության նախարարների մասին է, բայց նաև այլոց․ այդ ցուցակում, ի դեպ, կանայք ևս կան, նաև ես կամ, որովհետև Ստրասբուրգում կոչ եմ արել ռմբակոծել Մինգեչաուրի ջրամբարը։ Ու ես չեմ կասկածում, որ եթե գա սեփական իշխանությունը ևս մեկ ժամ ավել պահելու հարցը, ինչի դիմաց Նիկոլը պետք է կատարի ալիևյան ռեժիմի պահանջը, նա առանց աչքը թարթելու՝ դա անելու է»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս