«Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է… Ներող եղեք». Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել, որտեղ նաև ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել է խոսքով, գործով կամ անուշադրությամբ։

«Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզություն կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել:

Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:

Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով…իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը:

Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին:

Ես շատ երջանիկ  մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք  իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը:

Երջանիկ եմ, որ հաջողվեց մեծաթիվ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնյակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թվում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մահմեդական ընկերոջը (չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար:

Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել,  որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում»:

Տեսանյութեր

Լրահոս