
Ռոբերտ Քոչարյան-Արմեն Սարգսյան հեռախոսազրույցների և շփումների վերաբերյալ իմ պնդումները շարունակում են մնալ անհերքելի. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի այսօրվա հերքման փորձը ոչ միայն չփարատեց բարձրացված հարցերը, այլև դրանք դարձրեց առավել արդիական։ Եթե այսօրվա հրապարակումը, ըստ գրասենյակի, ենթակա է հերքման, ապա ինչպե՞ս բացատրել այն, որ 2018 թվականի մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում էին նախագահ Քոչարյանի և Արմեն Սարգսյանի հանդիպմանը, նույն օպերատիվությամբ հերքման չեն արժանացել։ Թե՞ հետին թվով հերքումները այսօր քաղաքական կոնյուկտուրայի մի մասն են։
Միևնույն ժամանակ, հեռախոսազրույցների և շփումների վերաբերյալ իմ պնդումները շարունակում են մնալ անհերքելի։ Եթե պարոն Միկոյանի համար սկզբունքային նշանակություն ունի հանդիպումների և հեռախոսազրույցների վայրը կամ քանակը, կամ եթե նա հենց այդ պատճառով է վրդովվում և հարցադրումները համարում սուտ պնդումներ, ապա ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակեցնել, որ ըստ էության, հարցը հանդիպումների, դրանց քանակի կամ վայրի մասին չէր։ Առավել կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ և ինչ նպատակով է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել կամ հեռախոսազրույցներ ունեցել մի անձի հետ, ում, ըստ իր թիմակիցների պնդումների, վերագրվում է Արցախի հանձնման գործընթացում առանցքային դերակատարություն։
Այս համատեքստում հատկապես կարևոր է մեկ այլ հարց. եթե այժմ պնդում եք, որ նման գնահատականները իրականությանը չեն համապատասխանում, ապա ինչպե՞ս պետք է հասկանալ այն, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային կերպով շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արդյունավետ աշխատանք։ Ինչո՞ւ էր պետք շնորհավորել և արդյունավետ աշխատանք մաղթել մի մարդու, ով, ըստ երկրորդ նախագահի թիմակիցների, հետագայում պետք է ճակատագրական դեր ունենար Արցախի հանձնման գործընթացում։
Հետևաբար, եթե պարոն Միկոյանը նպատակ ունի տալու լիարժեք պարզաբանում, ապա անհրաժեշտ է, որ նա անդրադառնա այս հարցերին՝ ոչ թե ընտրովի և 7 տարի ուշացումով արվող հերքումներով, այլ հստակ և փաստարկված հիմնավորումներով։
Հ.Գ. Իմ ուղղակի հարցին Դուք պատասխանեցիք, որ դա սուտ է, իսկ Միհրդատ անունով մեկը, ով «Նիկոլի զոմբիներին» հարիր ձևակերպումներով գրառումներ է անում, պարզապես բանսարկության մեջ է մեղադրում ինձ՝ առանց պատասխանելու բուն հարցին։ Եթե ի վիճակի չեք քաղաքական բանավեճ վարելու, ապա մի արտահայտեք մտքեր, որոնց համար պատասխանատվություն չեք կարող կրել, և մի իջացրեք քաղաքական խոսույթի մակարդակը՝ հասցնելով այն Նիկոլին հարիր հռետորաբանության։ Եվ մի բան էլ. ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար հանդիսացող մարդը կարող է ավելի կրեատիվ և չծեծված ձևակերպումներ գտնել, քան սոցիալական ցանցերում հազար անգամ կրկնված և չարչրկված շաբլոնները»: