
Հոգեթերապիայի սեանսներ՝ Խաղաղության խաչմերուկում

«Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ»,- «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին» վերնագրով հոդվածում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հոդվածը հրապարակվել է այն օրերին, երբ բոլոր հայերը հոգեկան տրավմա են ապրում Բաքվի բանտերում գտնվող՝ ֆիզիկական ու բարոյական բռնության ենթարկվող հայ գերիների լուսանկարներից։ Ահա այս պայմաններում Փաշինյանը, որ, ի տարբերություն պետության կառավարման, վարժ է հատկապես հոդված գրելու հարցում, գրում է ոչ թե մեր հայրենակիցներին ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների ենթարկելու մասին, ոչ թե դատապարտում է դրանք, այլ իր մտահոգությունն է արտահայտում․․․ «ադրբեջանցի վարորդների հոգեբանական բարդություններ ունենալու» մասին և պատրաստակամություն հայտնում նրանց ամոքել, ուշադրությո՛ւն, թուրքերի միջոցով։ Սա ասում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։
Փաշինյանի այդ հոդվածը, ընդհանրապես պատմությունը, որում հայտնվել է Հայաստանը, հաղորդակցությունների ու ճանապարհների մասին չէ։ Այս պատմությունը միջանցքի մասին է, բայց դա միայն «Զանգեզուրի միջանցքը» չէ, ինչպես թվում է շատերին, և որը պատրաստ է տրամադրել Հայաստանը՝ որևէ այլ անունով։ Փաշինյանի հոդվածը, առաջին հերթին, մարդկային ու բարոյական միջանցքի մասին է։ Որևէ երկու կետ իրար միացնող միջանցքը տվյալ դեպքում անցում է մարդկայինից դեպի չմարդու անբարոյական հանգրվան։
Նիկոլ Փաշինյանն ահա, իր ոչ միայն այս հոդվածով, այլև վերջին տարիների բոլոր վերբալ ու ոչ վերբալ միջոցներով անցնում է այդ միջանցքով՝ ամեն օրվա հետ մոտենալով միջանցքի մյուս ծայրում անպատվության վերջնակետին, որտեղ ակնկալվող ադրբեջանաթուրքական ծափահարությունները հույս ունի կապիտալիզացնել սեփական իշխանությունը պահպանելու համար։ Ու մինչ Հայաստանում քննարկում են՝ կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների պահանջած «Զանգեզուրի միջանցքին», թե՞ ոչ, այն մյուս՝ անտեսանելի միջանցքով նա արդեն իսկ մոտենում է «Արևմտյան Ադրբեջանին», որն այդքան հաճույքով օգտագործում է իր գրավոր և բանավոր խոսքում։
Եվ երբ նույն հոդվածում գրում է, թե Հայաստանը պատրաստ է ամեն ինչի, «մնում է Ադրբեջանը ասի՝ այո», հասկացնում է, որ ադրբեջանական հոգիները թուրքական վարորդների միջոցով փրկելու իր պատրաստակամությունից հետո ինքն այլևս «Ոչ» չի ասելու Ադրբեջանին որևէ հարցում։ Հոդվածում գրված «Այո»-ի ու չգրված «Ոչ»-ի այլաբանությունը նաև այն մասին է, որ իր իշխանության պահպանումը երաշխավորելու է ադրբեջանական պահանջով Հայաստանի Սահմանադրության հանրաքվեում հայտարարվելիք «Այո»-ն։
Մարդկային ու քաղաքական անբարոյականության միջանցքով դեպի «Արևմտյան Ադրբեջան» Նիկոլ Փաշինյանի վստահ ընթացքը պայմանավորված է նրանով, որ մինչ ինքն «Այո» է ասել ադրբեջանական բոլոր պահանջներին, հայ հասարակությունը՝ յուր քաղաքական պայքարողներով, որևէ անգամ չի ասել՝ «Ոչ»՝ թույլ տալով, որ Հայաստանի ղեկավարը պաշտոնապես ինքնամատուցվի՝ որպես ադրբեջանցի վարորդների հոգեթերապևտ, մինչ Ադրբեջանը հոգեպես սպանում է հայ գերիներին՝ դրա միջոցով հոգեկան բռնության ենթարկելով դեռևս արժանապատվություն ունեցող Հայաստանի բոլոր քաղաքացիներին։
Հարցը՝ Նիկոլ Փաշինյանի հոգեբանական բարդությունները կվերացնեն ադրբեջանցի՞, թե՞ թուրք վարորդները, վաղաժամ է․ մինչ այդ պետք է համոզվել հոգու առկայության հարցում։
Հարություն Ավետիսյան