«Արագ գործենք, որպեսզի ռիսկերը չեզոքացվեն». թուրք ընդդիմադիրները՝ Օջալանի կոչի մասին.

Մինչ թուրքական իշխանություններն արձագանքում են իրենց համար ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչին, լուրեր են տարածվում դրան հաջորդող «ծայրաստիճան կարևոր» օրերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության թղթակից Մեհմեդ Ասլանը գրում է, որ Օջալանի կոչին հաջորդող առաջին 10 օրը մեծ նշանակություն ունի և չափազանց կարևոր է: Նրա խոսքով՝ այդ օրերին իշխանություններն ու պետությունը (Թուրքիան) պետք է իրավական և օրինական քայլեր ձեռնարկեն:

Հատկանշական է, որ անհրաժեշտ քայլերի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Օջալանի հետ բանակցող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խոսնակ Այշեգյուլ Դողանը մտավախություն է հայտնում իրավիճակի հնարավոր ռիսկայնության մասին:

«Արագ գործենք, որպեսզի ռիսկերը չեզոքացվեն»,-ասել է նա:

Նույն կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերն էլ զուգահեռաբար հայտնում է, որ քննարկվել է Իմրալըի շփումների բաց լինելու անհրաժեշտությունը, չնայած նրան, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ ֆորմատով են շարունակվելու շփումներն Օջալանի հետ և արդյոք կրկին պատվիրակություն, թե փաստաբաններ, լրագրողներ և քաղաքական գործիչներ են գնալու:

Նշենք նաև, որ իրավիճակի նման զարգացումների բովում Օջալանի հետ 3 անգամ հանդիպած ընդդիմադիրների պատվիրակությունը շարունակում է շփումներն իշխանության հետ:

Տեղեկություններ կան նույնիսկ, որ մարտի 3-ին՝ պատվիրակության հանդիպումների ծրագրմանը ներկա է գտնվել նաև անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանի կոչն ընթերցվել էր փետրվարի 27-ին, երբ DEM-ի 7 անդամից կազմված պատվիրակությունը վերադարձել էր Օջալանի հետ հանդիպումից:

Տեսանյութեր

Լրահոս