
Իսրայելական ուժերը անորոշ ժամանակով կմնան Լիբանանի հետ սահմանին. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ իսրայելական ուժերը «անորոշ ժամանակով կմնան» Լիբանանի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտում, և որ նրանց տեղակայումն այնտեղ «կախված է իրավիճակից»։ Բացի այդ, նախարարը հավելել է, որ իսրայելական ուժերը նաև կմնան Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածում, այսպես կոչված, «Ֆիլադելֆիական միջանցքում»։ Այս մասին հայտնում է Asharq al-Awsat-ը։
Իսրայելցի պաշտոնյայի խոսքով` իրենք ԱՄՆ-ից ստացել են «կանաչ լույս», և ուժերի այնտեղ մնալը կախված է իրավիճակից, ոչ թե ժամանակից։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը քննադատել է Իսրայել Կացի հայտարարությունները Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածը բուֆերային գոտի դարձնելու մասին՝ «համարելով այն հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում»։
Հայտարարությունում ընդգծվում է ՀԱՄԱՍ-ի լիակատար հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և համաձայնագրի երկրորդ փուլի համար բանակցություններ վարելու պատրաստակամությունը, և կոչ է արվում միջնորդներին, միջազգային հանրությանն անհապաղ և լուրջ քայլեր ձեռնարկել՝ Իսրայելին «ստիպելու հարգել համաձայնագիրը»: ՀԱՄԱՍ-ը նաև հերքել է Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունները հրադադարի ընթացքում զինվորների և բնակավայրերի վրա հարձակումներ իրականացնելու մասին։
«Ֆիլադելֆիական միջանցքը», որը նաև հայտնի է որպես «Սալահ ադ-Դին միջանցք», սահմանային գոտի է, որը տարածվում է 14,5 կիլոմետր՝ Միջերկրական ծովից մինչև Պաղեստինի տարածքում գտնվող Քերեմ Շալոմ անցումը: Այն համարվում է բուֆերային գոտի՝ 1979 թվականին Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրված Քեմփ-Դեյվիդի համաձայնագրով։