Ինչո՞ւ է ուշանում ամերիկյան խումբը, որի մասին խոսում էիք․ Հովհաննիսյանը խուսափեց հստակ պատասխանել
ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության մասնագետները մինչ օրս դեռ Հայաստան չեն ժամանել, պատճառը Սպիտակ տանը վարչակազմի փոփոխությունն է: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։
Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը հայտարարեց, որ Հայաստան ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը տեղի չի ունեցել։
Ինչպես այսօր նշեց Հովհաննիսյանը` հունվարին ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ ոք չի չեղարկել, իսկ ժամկետների վերաբերյալ պետք է հաշվի առնել Վաշինգտոնում թիմի փոփոխությունը: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ հարևան Իրանի հետ ևս այս հարցը համաձայնեցված է։



