
Թրամփը Զելենսկիին պարզապես վռնդել է Սպիտակ տնից․ արևմտյան լրատվամիջոցներ

Արևմտյան ԶԼՄ-ները շարունակում են ուշագրավ կուլիսային մանրամասներ ներկայացնել Սպիտակ տուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցից՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Զելենսկիին պարզապես վռնդել է Սպիտակ տնից։
Fox News-ի Սպիտակ տան թղթակիցը նշել է, որ Զելենսկիին վտարել են։ Լրագրող Ջեքի Հենրիխը X-Twitter-ում հայտնել է, որ «ուկրաինացիները աղաչում էին վերսկսել հանդիպումը, սակայն Ռուբիոն և Ուոլցն ասացին, որ Զելենսկին պետք է լքի Սպիտակ տունը և վերադառնա, երբ պատրաստ լինի խաղաղության», – պնդում է Հենրիխը: «Այն սնունդը, որը պետք է ուտեին պատվիրակության անդամները, ի վերջո տրվել է Սպիտակ տան մամուլի ծառայության աշխատակիցներին»,-պնդել է լրագրողը։Նրա խոսքով՝ Թրամփին և նրա շրջապատին դուր չի եկել Զելենսկու պահվածքը։ Ասում են՝ զրույցի ժամանակ նա «ուսերը թոթվել է ու աչքերը կկոցել»։
Գերմանական Bild պարբերականը ևս գրել է, որ Թրամփը Զելենսկիին Սպիտակ տնից վռնդել է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղաժամ լքել է Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո։
«Բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Սպիտակ տան սկանդալից առաջ ամեն ինչ վկայում էր ներդաշնակ հանդիպման մասին, որի ընթացքում նախատեսվում էր ստորագրել Ուկրաինայի բնական ռեսուրսների համատեղ օգտագործման համաձայնագիրը։ Գործարք, որը Թրամփը անվանել է «շատ արդար», և որին Զելենսկին նախապես համաձայնել էր։
Օվալաձև աշխատասենյակի ուղիղ եթերում երևում է, որ Զելենսկին նստած է ձեռքերը խաչած, երբ Թրամփը անդադար խոսում էր նրա հետ և ընդհատում էր, երբ Զելենսկին փորձում էր ինչ-որ բան ասել: Տեսախցիկների առջև Թրամփը փորձել է նվաստացնել իր զրուցակցին՝ վիրավորական արտահայտություններ անելով անձամբ Զելենսկու և հարձակման ենթարկված Ուկրաինայի հասցեին։
Երկու նախագահների զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիից պահանջել է «երախտագիտություն» հայտնել Ռուսաստանի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։
Թրամփն ու նրա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Զելենսկիին մեղադրել են «անհարգալից վերաբերմունքի» մեջ»,-գրում է պարբերականը։