Ծանոթացեք ԼՂ-ի վերաբերյալ արված վերապահմանը, որով և Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը․ Զուրաբյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

Ամենայն հարգանքով և համակրանքով Ֆրանսիայի և նրա ներկայացուցիչների նկատմամբ՝ ես պետք է ասեմ, որ տվյալ դեպքում դեսպանը սխալվել է: Այս մասին «Ազատությանն» ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի դեսպանի աղմկահարույց հայտարարությանը:

«Ըստ երևույթին, ինքը չգիտի, և այդ դեպքում ես իրեն խորհուրդ կտայի, որ ինքը վեր հանի այն ժամանակվա փաստաթղթերը», – ասաց Զուրաբյանը:

Նա Ֆրանսիայի դեսպանին հորդորում է նախ ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված վերապահմանը, որով և Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ըստ այդմ՝ Անկախ պետությունների համագործակցությունը բաց է նաև ԽՍՀՄ նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե: Իսկ Արցախը մինչը Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը՝ 1991-ի դեկտեմբերի 10 -ին արդեն Անկախության հանրաքվե էր անցկացրել և հռչակել իր անկախությունը: Ի դեպ, Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ ընդհանրապես այս փաստաթղթի կողմ չի եղել և դրան միացել է միայն 1993-ին:

«Ես չեմ ցանկանում մտնել մոտիվացիաների մեջ, այստեղ ամենակարևոր բանը, որ դեսպանը չի տեսել, հետևյալն է, որ այնուամենայնիվ, կար հակամարտություն, և այդ հակամարտության լուծման համար ստեղծվել էր Մինսկի խումբ, որի համանախագահներից մեկը Ֆրանսիան էր, և այդ հակամարտության հիմքը հենց այն էր, որ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը տարբերվող տեսակետներ ունեին նրա մասին, թե ինչը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի մասին վերջնական կարգավիճակը: Այն պահից, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դա նշանակում էր Մինսկի խմբի համանախագահության ներքո անցնող բանակցությունների ավարտ, որովհետև հակամարտության գլխավոր առարկան սպառվեց», – ասաց ՀԱԿ փոխնախագահը:

«Այ սա է խնդիրը, սա էր, որ բերեց ի վերջո նրան, որ իրականացվեց էթնիկ մաքրումը, որովհետև այլևս Ադրբեջանն այդ պահանջը դրեց և՛ Ռուսաստանի առաջ, և՛ Հայաստանի առաջ, և՛ ամբողջ միջազգային հանրության առաջ՝ ասելով, որ այստեղ էլ հակամարտություն չկա», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն օրերս «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Հենց Պրահայում՝ 2022-ի հոկտեմբերին տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, վարչապետ Փաշինյանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ: Փաշինյանից և Ալիևից բացի, այդ հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը», – ասել է Օլիվիե Դըկոտինյին:

Տեսանյութեր

Լրահոս