
Դա արվում է՝ հետագայում արդարացնելու համար ՀՀ իշխանությունների՝ Մեղրիի միջանցքը հանձնելը․ վերլուծաբան
«ՀՀ իշխանությունների կողմից առաջ մղվող եվրաինտեգրման ճանապարհը քարոզչություն է հստակ ներքաղաքական նպատակներով»,- այս մասին այսօր «ԵՄ, թե ԵԱՏՄ, Հայաստանի ընտրությունը նոր աշխարհակարգի պայմաններում» վերտառությամբ քննարկման ընթացքում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը։
Նրա խոսքով՝ հենց իրենք՝ եվրոպացիները, եվրոպական ղեկավարներն են խոստովանում, որ Եվրոպան ինքնին չունի բավարար ինքնիշխանություն և անվտանգություն։ Նրանք, ըստ Կարեն Իգիթյանի, այդ հարցերում լիովին կախված են Միացյալ Նահանգներից։
«Հանգամանքը, որ այսօր Եվրոպայի հարցերը լուծվում են առանց Եվրոպայի, իսկ Ուկրաինայի հարցերը՝ առանց Ուկրաինայի, վկայում է այն մասին, որ այդ ճանապարհը կամ սխալ է, կամ դա քարոզչություն է, որն ունի հստակ նպատակներ։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանությունները ցանկանում են եվրաինտեգրման թեման օգտագործել՝ մեկ փաթեթով ՀՀ Սահմանադրության փոփոխության, ընտրությունների ու հանրաքվեի հարցերն առաջ մղելու համար»,- ասաց Կարեն Իգիթյանը։
Նա նշեց, որ ՀՀ եվրաինտեգրման ձգտումներին ԵՄ-ի կողմից պատասխան արձագանք չկա։
«Սա պետք է երկկողմանի գործընթաց լիներ, սակայն այդպիսին չէ, հետևաբար՝ սա քարոզչություն է՝ լուծելու համար սեփական ներքաղաքական խնդիրները»,- նկատեց բանախոսը։
Նա արձանագրեց, որ եվրոպացիների դիրքերի թուլացումն ամրապնդելու է Թուրքիային։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։