Բաժիններ՝

ԱՀԿ-ն հայտարարել է Գազայում պոլիոմիելիտի պատվաստումների վերսկսման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայում մեկնարկում է պոլիոմիելիտի դեմ զանգվածային պատվաստումների նոր արշավ, քանի որ վիրուսը դեռևս առկա է այնտեղ և վտանգ է ներկայացնում երեխաների համար: Այս մասին նշված է ԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Պատվաստումները կմեկնարկեն փետրվարի 22-ից և կշարունակվեն մինչև փետրվարի 26-ը: Մինչև 10 տարեկան ավելի քան 591 000 երեխա կպատվաստվի պոլիոմիելիտի դեմ», – նշվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը X հարթակում պարզաբանել է, որ այս արշավը «մեկնարկել է կեղտաջրերի նմուշներում պոլիոմիելիտի վիրուսի հայտնաբերումից հետո, ինչը նշանակում է, որ այն առկա է շրջակա միջավայրում և վտանգի տակ է դնում երեխաներին»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ պոլիոմիելիտի պատվաստանյութերն «անվտանգ են», և որ պատվաստման առավելագույն քանակ չկա, քանի որ «յուրաքանչյուր դեղաչափն ապահովում է լրացուցիչ պաշտպանություն, որն անհրաժեշտ է բռնկման ժամանակ»:

Գազայի հատվածում պատվաստման առաջին արշավն իրականացվել է 2024 թ․ սեպտեմբերին և հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ 25 տարվա ընթացքում հաստատվել էր պոլիոմիելիտի առաջին դեպքը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս