Ինչի մասին էր «Փաշինյանի Ռուհնաման»

Հայկական «Ռուհնամայի» պրեզենտացիայից հետո եղավ ծաղրանքի, ֆեյսբուքյան պոռթկման մեծ ալիք, և ցավոք, մի քանի հստակ քաղաքական ձևակերպումներ։

Այս պատկերը ունի նվազագույնը 4-5 տարվա պատմություն, և մենք նորից կարծես, թե անում ենք նույն սխալները, մտնում նրա ծուղակի մեջ։

Նա կորցրել է իր սոցիալական բազան Հայաստանում, կորցրել է արտաքին աջակցության տանիքը։ Հայաստանում և Հայաստանի շուրջ այսօր հաստատվել է լարվածության էական թուլացում։ Այս պայմաններում նա վերընտրվելու և իշխանություն պահելու որևէ շանս չունի։

Հանդարտ ներքին և արտաքին միջավայրը նրա համար խորթ և հակաբնական միջավայր է, որտեղ նա պարտվում է։

Սա հասկանալով՝ Նիկոլը գնում է (հերթական անգամ) ներքին և արտաքին էսկալացիայի։ Հրապարակված դրույթները և «նոր սահմանադրության» գաղափարը արհեստական, գռեհիկ, ժամանականավրեպ բանավեճերի ալիք է բարձրացնելու երկրի ներսում, պառակտելով հասարակությունը չորրորդական հարցերի շուրջ, վերաձևավորելով խառնակչության և թշնամանքի մթնոլորտ։ Սա արվեց՝ երկրի ներսում ձևավորված, դեռևս շատ փխրուն, հանդարտության, ներքին հաշտության սաղմերը ջարդելու համար։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի գիրկը նետվելու՝ նրա քաղաքական պատրաստակամության ուղերձը այսօրվա աշխարհում, աչքիդ առաջ փոփոխվող աշխարհում, տարածաշրջանային լուրջ էսկալացիայի հնարավորություն է տալիս։ Մոտավորապես ասաց. «Հայաստանը Թուրքիա է, և վերջ»։ Իսկ մենք գիտենք, թե դա ինչ հետևանքներ է ունենում։
Ամփոփելով՝ Նիկոլը միտումնավոր տանում է ներքին և արտաքին էսկալացիայի։
Ինչ պետք է անենք մենք
Նիկոլի հաշվարկն այն է, որ սովորականի պես տեղի կունենա զանգվածային էմոցիոնալ ռեակցիա սոցցանցերում, և ոչիշխանական բազմաթիվ անկյուններից կսկսի հորդալ ցաքուցրիվ, շատ հաճախ՝ անմիտ գաղափարների ու տեսակետների հեղեղ։ Այս հորձանուտը կքշի-կտանի փոքրաթիվ գրագետ և գործուն առաջարկներն ու գաղափարները։

Ինչ է պատասխանելու հասարակությունը

Հասարակությունը կարող է տալ առողջ ռեակցիա, եթե նրա համար ձևակերպվեն ճիշտ գաղափարներ և նրան մատուցվեն ճիշտ ճանապարհով։

Հասարակությունը կարող է նաև տալ հակապետական ռեակցիա՝ է´լ ավելի կազմաքանդվել՝ ուղղակի ի վիճակի չլինելով մարսել հերթական «մտավոր տեռորիզմը»։

Ամեն ինչ կախված է հանրային ակտիվ շերտից։ Կկարողանա՞նք վեր կանգնել մեր ամբիցիաներից, կկարողանա՞նք քիչ թե շատ կոորդինացված աշխատել, կունենանք հաջողություն։

Փոփոխվող աշխարհում չլինել դինոզավր

Քաղաքական և պետական ճկունությունն այսօրվա աշխարհում կարևոր գործոն է։ Նիկոլի ելույթն իրականում դժվար կացության մեջ դրեց հասարակությանը. պետության ղեկավարները դժվարությունները վերցնում են իրենց ուսերին, ոչ թե գցում ժողովրդի վրա։ Մեր դեպքում արդեն 6 տարի է՝ հակառակն է։

Ակնհայտ է, որ հասարակական առողջ, դոմինանտ ռեակցիան պետք է լինի ՄԵՐԺՈՒՄԸ։ Բայց ոչ թե բովանդակության կամ նրա առանձին կետերի, այլ՝ հեղինակի։ Մեր սուպերպրոբլեմը հեղինակն է, նրա´ն է պետք մերժել։ Սա այն ճիշտ ռեակցիան է, որ արտաքին աշխարհին պետք է հղել։ Նորից եմ շեշտում՝ Նա տանում է ժողովրդին մի ընտրության, որը հանգիստ կարելի էր չանել։

Մեր պետական մտածողության ճկունությունն այս պայմաններում պետք է լինի հետևյալ պատասխանի տեսքով. փոփոխվող աշխարհում շա´տ հարցեր կարելի է քննարկել, և մենք պատրաստ ենք, բայց դա կլինի միայն Նիկոլի հեռացումից հետո, նոր իշխանության պայմաններում։

Հակառակ դեպքում մենք մտնելու ենք ֆիդայականության և թուրքամետության անթույլատրելի բանավեճի տիրույթ։

Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

Լրահոս