
Թիկունքից խփողների իշխանությունը. Կամ՝ ինչպես Սրբուհի Գալյանը հանուն Փաշինյանի ուրացավ իրեն Սրբուհի Գալյան դարձնողին

Զարգացած և զարգացող, իրենց իրավական և ժողովրդավար հռչակած պետություններում ինստիտուցիոնալ հենքի վրա են դրվում դրական երևույթները: Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունում ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված «բարդակը», քաոսը:
Բայց մենք ապրում ենք Նիկոլի Հայաստանում, ուր արդարադատության նախարարը նշանակվում է՝ ըստ տրամադրության, բախտի բերմամբ, իրեն նշանակողին ու ողջ քաղաքական թիմին ցկեանս ծառայելու պատրաստակամությամբ:
Երբ գործող արդարադատության նախարարը դեռևս գլխավոր դատախազի տեղակալ էր, նրա մասին բավականին լավ կարծիքներ էին լինում, բայց նախարար նշանակվելուց հետո իր առաջին իսկ ճեպազրույցի ընթացքում պարզ դարձավ՝ Փաշինյանի թիմում բացառություններ լինել չեն կարող, և երբ արդարադատության նախարար նշանակված Սրբուհի Գալյանն ասում է՝ ամբողջովին կիսում է Նիկոլ Փաշինյանի վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, եթե չկիսեր, չէր նշանակվի, ու ասածը փաստում է տարբեր օրինակներով, թեման փակվում է:
168.am-ը բազմիցս է անդրադարձել նախարարի՝ հատկապես կադրային անհաջող քաղաքականությանն ու կամայական, հաճախ ոչ ինքնուրույն որոշումներին, հիմա նույնպես, ըստ նախարարությունից ստացվող տեղեկությունների, Սրբուհի Գալյանն Արդարադատության նախարարությունում փութաջանորեն հաստատում է համակարգային բարդակ:
Գալյանի օրոք նշանակված անձանց կենսագրությունը, 1-2 բացառություններով, ծիծաղելի է, պետության համար՝ կործանարար:
Գալյանի ներկայացմամբ արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվեց Աննա Կարապետյանը՝ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի մտերիմը, Մրցակցության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի կինը:
Նա նախարարությունում նորեկ չէ. ժամանակին եղել է Միջազգային իրավական համագործակցության վարչության պետի խորհրդական: Սակայն, ըստ նախարարության մեր աղբյուրների, ֆանտաստիկ կերպով տապալելով իրեն վերապահված աշխատանքը՝ տեղափոխվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, այնուհետև հեռացվել ՄԻՊ աշխատակազմից Անահիտ Մանասյանի՝ իր ամուսնու մտերիմ ընկերոջ կողմից. բացառիկ ոչկոմպետենտությունը, որն անգամ Աննա Կարապետյանի ամուսնու մտերիմ ընկեր Անահիտ Մանասյանը չի հանդուրժել, հիմա հանդուրժում է Սրբուհի Գալյանը:
Հանուն ճշմարտության՝ այնպես չէ, որ կոմպետենտ, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետները համաձայնում են աշխատել ՔՊ-ական իշխանության հետ: Այնպես որ, թերևս ընտրում են նրանից, ինչ կա:
Դա է պատճառը միգուցե, որ Արդարադատության նախարարության հաստիքների 60-70%-ը համալրված չէ, թափուր է: Թափուր է նաև քրեական արդարադատության ոլորտը համակարգող փոխնախարարի պաշտոնը. հեղինակություն ունեցող որևէ անձ չի ցանկանում աշխատել Գալյանի հետ:
Վերջերս աշխատանքից ազատվել է Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը՝ տեղափոխվելով ՆԳՆ՝ որպես ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր:
Գալյանը ցանկացել է աշխատանքից ազատել նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանին՝ պատճառաբանելով, թե իրենց հետագա համատեղ աշխատանքը չի պատկերացնում: Սակայն Դավիթ Ղուլյանը պատասխանել է Գալյանին, որ եթե նախարարը չի պատկերացնում իրենց հետագա աշխատանքը, ապա թող հենց նախարարն էլ ազատման դիմում գրի:
Ազատման դիմում գրելու պահանջ ներկայացվել է նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության պետ Մարինե Յայլախանյանին, սակայն Քրեակատարողական ծառայությունում աշխատող Սրբուհի Գալյանի ընկերուհիները նախարարին համոզել են չազատել Յայլախանյանին:
Գալյանն այն աստիճան չկողմնորոշված է, որ նախկին կադրերին վերանշանակել է, ապա 2 ամիս հետո՝ ազատել կամ տեղափոխել:
Մեկ այլ տարօրինակ հատկանիշ էլ ունի Գալյանը. նախարարությունում ժողով է անում միայն իր նշանակած կամ յուրային դարձած կադրերի հետ:
Սա՝ վերը նշված համակարգային բարդակի մասին:
Սակայն Գալյանի ֆենոմենը սեփական քաղաքական թիմի աղճատված էությունը ճիշտ ըմբռնելու մեջ է: Շատ լավ գիտակցելով դավաճանական ցանկացած պահվածքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դրական արձագանքը՝ 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Գալյանը ՔՊ-ական իր շրջապատում գլուխ է գովում, որ Գագիկ Ղազինյանի նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթը, ի նշան ՔՊ-ին և Փաշինյանին անվերապահ հավատարմության, հենց ինքն է նախաձեռնել, այլ ոչ թե Աննա Վարդապետյանը:
Հիշեցնենք, որ երբ Սրբուհի Գալյանը գլուխ է գովում, որ 10 տարի կամ ավելի (ինքն ավելի լավ կիմանա) դասավանդում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետում ու իրեն լավ մասնագետ է համարում, դա շնորհիվ ֆակուլտետի նախկին երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանի: Ու Սրբուհի Գալյանը շատ լավ գիտի, որ իր կայացման մեջ Գագիկ Ղազինյանի ունեցած ներդրումն անուրանալի է:
Սակայն վաղուց աքսիոմատիկ է այն ճշմարտությունը, որ Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տվածները հանուն պաշտոնի պատրաստ են ոտնատակ տալ ցանկացած կարմիր գիծ: