Ռուսական շուկան լքելուց հետո ամերիկյան բիզնեսն ավելի քան 300 մլրդ դոլար է կորցրել. Դմիտրիև

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն առաջին անգամ է հրապարակել հակառուսական պատժամիջոցներից ամերիկյան տնտեսության կրած վնասների մասին տվյալները։ Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասել է Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկից առաջ։

RT-ի փոխանցմամբ՝ նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ ամենաշատը տուժել են ՏՏ և մեդիա ոլորտները։

Նա հայտնել է, որ ռուսական շուկան լքելուց հետո ամերիկյան բիզնեսն ավելի քան 300 մլրդ դոլար է կորցրել։

«Համատեղ տնտեսական ուղիների որոնում, հարցերի դրական լուծումներ. սա չափազանց կարևոր է հիմնականում ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համար, որոնք սկսում են հասկանալ, որ ռուսական շուկան չափազանց գրավիչ է, և որ պետք է ներկա լինել այնտեղ»,- ասել է Դմիտրիևը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը բանակցություններում հստակ կլսվի և երկխոսությունը կշարունակվի։

Միևնույն ժամանակ, CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի որոշ ներկայացուցիչների հետ։ Դմիտրիևի խոսքով` նրանք հիանալի լուծում են խնդիրները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարցերի շուրջ բանակցություններում առաջիկա 2-3 ամսում հնարավոր է առաջընթաց գրանցվի։

«Մանրամասները չենք կարող հրապարակել: Իհարկե, կա քաղաքական խնդիր: Ես քաղաքական հարցերով չեմ զբաղվում, բայց զբաղվում եմ ներդրումային և տնտեսական հարցերով: Մենք ունենք մի շարք առաջարկներ, որոնց շուրջ մտածում են մեր գործընկերները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Դմիտրիևը։

 

Տեսանյութեր

Լրահոս