Բաժիններ՝

Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի վերջին. Bloomberg

Ռուսաստանի և Միացյալ Նահագների պաշտոնյաները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի վերջին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Հանդիպման մանրամասներն ու մասնակիցների ցանկը դեռևս ճշտվում են։

Սակայն, ըստ Bloomberg-ի աղբյուրների, խմբում, ամենայն հավանականությամբ, կլինեն ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ։ Նպատակը մարտին սուրբ Ռամադան ամսվա մեկնարկից առաջ ամսաթիվ նշանակելն է:

Եվրոպացիներից շատերը հնարավոր հանդիպման մասին դեռևս տեղեկացված չեն, ասել է մեկ այլ պաշտոնյա։ Ու թեև սպասվում է Ուկրաինայի պաշտոնյաների ժամանումը, նրանք նույնպես, ըստ ամենայնի, տեղյակ չեն նախապատրաստական ​​աշխատանքների բոլոր մանրամասներին, գրում է գործակալությունը։

Բանակցությունները կղեկավարի Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ ալ Այբանը, հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ վերջին րոպեի փոփոխություններով ծրագրերը կարող են խափանվել:

Ակնկալվում է, որ ամերիկյան կողմից բանակցությունները կղեկավարեն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Պուտինը բարձր խաղադրույքներով բանակցություններում երկար տարիների փորձ ունեցող ծանր քաշայինների թիմ է հավաքում: Նրանց թվում են՝ 50 տարվա դիվանագիտական ​​փորձ ունեցող Կրեմլի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովը և հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Վերջինս, ըստ իրավիճակին ծանոթ մարդկանց, Պուտինի հետ ծառայել է խորհրդային ՊԱԿ-ում»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ գործակալության աղբյուրների՝ Սթենֆորդում և Հարվարդում կրթություն ստացած ֆինանսիստ Կիրիլ Դմիտրիևը, որը կապեր ունի ՌԴ նախագահի ընտանիքի հետ, կարող է առանցքային դեր խաղալ Թրամփի թիմի հետ հաղորդակցությունում որպես ոչ պաշտոնական խողովակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս