![](/banners/BeFunky-design.jpg)
Փաշինյանն ու իր «եվրոպական» խաղերը
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Nikol-EM.jpg)
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագիծը մեկն է հերթականներից, որը վեր է հանում երկրի ներկա իշխանության պոպուլիստական և անպատասխանատու քաղաքականության ողջ էությունը, ի ցույց դնում իշխանության իրավական հիմքերի և ռազմավարական հաշվարկների ակնհայտ պակասը և դրանով ուղղակիորեն սպառնում երկրի ազգային անվտանգությանը, տնտեսությանը և միջազգային վարկանիշին։
Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո ընդդիմություն աշխատող մի շարք գործիչների կողմից գեղեցիկ փաթեթավորմամբ հանրությանը մատուցված այս նախագիծը հերթական մանիպուլյացիան է. դրա բուն նպատակը ոչ թե Հայաստանի ինտեգրումն է Եվրոպային ու կապերի ամրապնդումը, այլ խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ, երբ ՔՊ-ականների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բառի բուն իմաստով գահավիժում է, խաղալ ներքին լսարանի վրա՝ շեղելով հանրության ուշադրությունը երկրի ներսում օրեցօր խորացող սոցիալական ու տնտեսական խնդիրներից։ Քաղաքացիների աճող դժգոհությունների ֆոնին իշխանությունն արհեստական օրակարգ է ստեղծում՝ փորձելով համոզել, թե՝ մի բողոքեք, տեսեք, թե ինչ մեծ հարցերով ենք զբաղվում, հես ա Եվրոպայի հետ կապերը կլավացնենք, ու բոլորդ լավ կապրեք։
Փաշինյանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալն ու այն Ազգային ժողով բերելը սոսկ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատ խոսքը գնահատելու մասին բեմականացում է։ Ինչպե՞ս է ստացվում, որ երբ հայ հասարակությունը ստորագրահավաք է անում մի հարցի շուրջ, որն անմիջականորեն կարող է վտանգի տակ դնել Փաշինյանի իշխանությունը, ժողովրդի խոսքն այդպես էլ մնում է անարձագանք, բայց հենց Փաշինյանի սատելիտ ընդդիմությունը նախագիծ է առաջարկում, այն ոչ միայն դառնում է քննարկման առարկա, այլև արժանանում ՔՊ-ականների «կողմ» քվեարկությանը։ Դե արի ու մի կասկածի, թե ով է այս գաղափարի գլխավոր սցենարիստը։
Փաշինյանի վարչակազմի՝ մի քանի շաբաթ տարբեր հարցազրույցներում PR-վելու ու ժողովրդի աչքին թոզ փչելու քաղցր ցանկությունը չի զսպում անգամ այն, որ ներկայացված նախագիծն իրավական տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի։ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու գործընթացը սկսելու լիազորությունը պատկանում է կառավարությանը, իսկ ժողովրդավարական հանրաքվեի անցկացումը պարտադիր պայման է: Փաշինյանի վարչակազմը, փաստացի, անտեսում է Սահմանադրության այս դրույթը՝ Ազգային ժողովի միջոցով փորձելով «արտահայտել» ժողովրդի կամքը:
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իշխանության կամայականության և իրավական հիմքերի խախտման շարունակական քաղաքականության հերթական քայլ։ Այս նախագիծը ոչ միայն չի հարգում սահմանադրական ընթացակարգերը, այլև վտանգում է պետական կառավարման համակարգի հավասարակշռությունը՝ խախտելով իշխանությունների բաժանման սկզբունքը։
Ավելորդ է խոսելն այն մասին, որ նմանօրինակ պոպուլիստական նախաձեռնությունները կարող են անդառնալի վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը: Հայաստանը ներկայումս անդամակցում է Եվրասիական Տնտեսական Միությանը (ԵԱՏՄ), որը երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունի: ԵԱՏՄ անդամակցությունն ապահովում է Հայաստանի համար արտահանման ազատություն և տնտեսական ինտեգրացիա, որը կենսական նշանակություն ունի հատկապես ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում: Փաշինյանի կառավարությունը, առաջ քաշելով այս նախաձեռնությունը, անտեսում է ԵԱՏՄ գործընկեր պետությունների հայտարարությունները, արդեն իսկ բարձրաձայնված մտահոգություններն ու հավանական նոր արձագանքները: Սա ոչ միայն կարող է հանգեցնել ազատ առևտրի սահմանափակումների, այլև լուրջ վնաս հասցնել հայկական բիզնեսին, որի հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է։ Միայն անցնող տարվա՝ 2024-ի ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի մոտ 40%-ը։
ՔՊ-ականների բոլոր այն թեզերը, թե նախագիծը միտված է դիվերսիֆիկացնել առևտրաշրջանառությունը ու հավասարակշռել դիվանագիտությունը, պարզապես ձևակերպումներ են, քանի որ ժամանակակից աշխարհակարգի անկայունության ու տարածաշրջանում առկա ռազմական ռիսկերի պայմաններում այդօրինակ էքսպերիմենտները նման են առանց անվտանգության որևէ երաշխիքի դեպի անդունդը ցատկելուն, որի արդյունքում Հայաստանը հայտնվելու է աշխարհաքաղաքական փակուղում։ ՔՊ-ականները երևի թե մոռանում են, թե նույն Եվրոպան ինչպիսի խնդիրների առաջ կանգնեց, երբ վատթարացրեց իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Միայն գազի մատակարարման գործոնը որպես օրինակ բերելը բավարար է։
Ըստ էության՝ օրենքի այս նախագիծն իր բնույթով զուտ քաղաքական հայտարարություն է, ու չի առաջարկում որևէ իրական մեխանիզմ կամ ռազմավարություն, որով Հայաստանը կարող է մոտենալ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։ Եվ այստեղ կրկին բախվում ենք երկակի ստանդարտների հետ։ Երբ խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն Ազգային ժողով էին բերել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու ռազմագերիներին ազատելու պահանջով հայտարարությունը, այո’, հայտարարություն, ոչ թե օրենքի նախագիծ, որի նպատակը Բաքվում մեկնարկող դատավարությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն էր, այն բոյկոտվեց ՔՊ-ական ֆրակցիայի կողմից՝ իբրև թե այն լրջագույն խնդիրներ է ստեղծելու Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։
Փաստորեն, ՔՊ-ականների պատկերացումներով մի օրենք ընդունելը, որով կարող ես իսպառ վատթարացնել հարաբերություններդ ռազմավարական գործընկեր երկիր ՌԴ-ի հետ, որով կարող ես զրկվել պետական բյուջեդ լցնելու հիմնական աղբյուր հանդիսացող ԵԱՏՄ-ից, որով ամբողջ երկիրդ կարող ես վերադարձնել 90-ականների մութ ու ցուրտ վիճակին՝ դիմացդ չունենալով սևով սպիտակի վրա գրված ու ստորագրված որևէ ալտերնատիվ առաջարկ, շատ ավելի նվազ սպառնալիքներ է պարունակում, քան պետական մակարդակով Ադրբեջանի դիմաց արդարացի պահանջներ ներկայացնելը։ Այստեղ խնդիրն անգամ ոչ թե Փաշինյանի ու իր վարչակազմի անհեռատեսությունն է, այլ նրանց առաջնահերթությունները։ Գործող վարչակազմի համար առաջնայինը ոչ թե պետական շահն է, այլ հասարակության մեջ կեղծ հույսեր ու պատրանքներ ստեղծելը, ճիշտ՝ ինչպես արեցին 2018-ին, այնուհետև՝ 2021-ին, ու պատրաստվում են անել 2026-ին, չէ՞ որ նժարի մի կողմին դրված է իրենց համար շատ թանկ մի բան՝ իշխանության մնալը։