![](/banners/BeFunky-design.jpg)
Կոսովոյի իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում՝ չնայած կորցրել է մեծամասնությունը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-10-Feb-2025-06-10-PM-8201.jpg)
Կոսովոյի իշխող «Ինքնորոշում» կուսակցությունը փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներն է հավաքել, սակայն նրան չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, որպեսզի հնարավոր լինի իշխանություն ձևավորել առանց կոալիցիոն գործընկերների։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ քվեաթերթիկների 88%-ի հաշվարկը ցույց է տվել, որ «Ինքնորոշում» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 41,3%-ը, մինչդեռ 2021 թվականի ընտրություններում կուսակցությունը հավաքել էր ձայների 50%-ից ավելին։ Ընդդիմադիր «Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է ձայների 21,8%-ը, իսկ «Կոսովոյի դեմոկրատական լիգա» կուսակցությունը՝ 17,8%-ը։
Ըստ հրապարակման՝ այս արդյունքները ցույց են տալիս, որ վարչապետ Ալբին Կուրտին կղեկավարի Կոսովոյի հաջորդ կառավարությունը։
Reuters-ը նշում է, որ Կուրտիի գլխավորած կառավարությունն, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր վերահսկողությունը տարածել երկրի հյուսիսում, որտեղ ապրում է շուրջ 50 000 սերբ, որոնցից շատերը հրաժարվում են ճանաչել 2008 թվականին Կոսովոյի անկախությունը Սերբիայից։
Կոսովոն, որի բնակչության մեծամասնությունն էթնիկ ալբանացիներ են, Եվրոպայի ամենանոր և ամենաաղքատ պետություններից մեկն է։ Այն Սերբիայից անկախացել է 2008 թվականին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ 1999 թվականին ՆԱՏՕ-ի ուժերը 78 օր գնդակոծել էին Սերբիան, մինչև համաձայնություն ձեռք բերվեց Կոսովոյից Հարավսլավիայի ուժերի դուրսբերման և այնտեղ ՄԱԿ-ի ժամանակավոր վարչական առաքելություն հաստատելու մասին։