Հայաստանը գործնականում զրկվելու է իր հարավային անվտանգության համակարգից. Վիտալի Մանգասարյան
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում, ռազմական ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում են կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը և ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:
Օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքից խուսափելը պատժվում է տուգանքով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։
Պաշտպանության նախարարությունում վստահ են, որ այս խստացումը կնվազեցնի վարժական հավաքից խուսափելու դեպքերը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը կրճատել էր ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը:
Որքանո՞վ են նման քայլերը համընկնում իշխանությունների պնդումների հետ, թե՞ փորձում են թեթևացնել բանակի և զինվորի բեռը, այն դեպքում, երբ, ըստ էության, մարտական դիրքերի «բնույթն» ու կարողությունները մնացել են նույնը, և ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով ու հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ չի փոխարինվել:
Այսինքն, բանակի բեռը թեթևացնելը իշխանությունները հասկանում են՝ որպես զիջողական քաղաքականություն, որտեղ ՀՀ զինված ուժերն անվտանգության ապահովման առաջնային գործոն չեն դիտարկվում:
Այս և այլ թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:
– Իշխանությունների խոսքն ու գործողությունները մշտապես հակասում են իրար, և այս հարցում էլ բացառություն չկա։ Նրանք հայտարարում են, որ թեթևացնում են բանակի բեռը, բայց իրականում ավելացնում են դրա ծանրությունը՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ՝ մարդկային ռեսուրսների և հոգեբանական առումով։ Խոսվում է բանակի արդիականացման մասին, սակայն մինչ օրս չկան համակարգային փոփոխություններ՝ ո՛չ սպառազինության, ո՛չ էլ կառավարման մակարդակում։
Իշխանությունները հայտարարում են, որ խաղաղություն են ապահովում, բայց իրականում թույլ են տալիս, որ Հայաստանի սահմանների խախտումները դառնան «նորմալ» երևույթ։ Բանակն այսօր ստիպված է ապահովել անվտանգություն մի պայմաններում, երբ քաղաքական ղեկավարությունն ինքն իր իսկ ձեռքերով նվազեցնում է Հայաստանի պաշտպանական և դիվանագիտական դիրքերը։
Բանակի բեռը կարող էր թեթևանալ, եթե ներդրվեր համապարփակ պաշտպանության կոնցեպտը: Ի դեպ, այս թեմայով էլ սկզբից ամենատարբեր մակարդակներում խոսեցին, նույնիսկ հայտարարեցին, որ ԱԽ նիստում այն ընդունվել է, սակայն հողի վրա ոչ մի առաջընթաց չունեցանք։ Կարծում եմ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեք բանակի վրա այդքան մեծ բեռ չի դրվել, որքան հիմա է: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաև տարածքային պաշտպանության ուժերի ստեղծմանը, որ գալիս են փոխարինելու աշխարհազորին:
Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ տարածքային պաշտպանության մասին օրենքի ընդունումը կնպաստի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։
Բայց մենք արդեն տեսել ենք, թե ինչպես օրենքները, որոնք պետք է նպաստեին երկրի անվտանգության բարձրացմանը, տապալվեցին, և, որ ամենակարևորն է, ոչ ոք այդ տապալման համար պատասխանատվության չենթարկվեց։
Ինչպես աշխարհազորի, այնպես էլ տարածքային պաշտպանության մասին օրենքների նախագծերը մշակվել են, մեծ հաշվով, նույն այն մարդկանց կողմից, որոնք տարիներ շարունակ ղեկավարում են երկիրը: Եվ առնվազն այս փուլում ոչ մի տեսանելի հիմքեր չկան մտածելու, որ տարածքային պաշտպանության մասին օրենքը չի արժանանա աշխարհազորի մասին օրենքի ճակատագրին։
– Աշխարհազորի մասին օրենքն ընդունվել է 44-օրյա պատերազմի վերջում, թեև նախագիծն ավելի վաղ էր դրվել շրջանառության մեջ: Իսկ պատերազմից հետո իշխանությունները սկսեցին խոսել դրանում առկա բացերի մասին: Ավելին, մարզպետների միջոցով ջոկատներ են ձևավորվել, երբ դեռ օրենքն ընդունված չի էլ եղել: Սա, իսկապես, պատասխանատվություն է ենթադրում: Ինչևէ, անցնենք հաջորդ հարցին: Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Ադրբեջանը փորձում է էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել, մյուս կողմից՝ սրա կանխումը տեսնում է միայն Ալիևի սպառնալիքներին չպատասխանելու տարբերակում:
2020 թվականի պատերազմից առաջ էլ էին փորձում գործնականում չտեսնելու տալ պատերազմի հավանականության փաստը, մի տարբերությամբ, հիմա փորձում են էմոցիոնալ հայտարարություններ չանել, և ոչ ավելին: Ի դեպ, ինչո՞վ եք բացատրում Փաշինյանի վախերը, և որքանո՞վ է այն կապված նաև Բաքվի դատավարության հետ:
– Ադրբեջանն իր հնարավոր ռազմական քայլերը, այո, փորձում է լեգիտիմացնել: Ինչպես 2020-ի պատերազմից առաջ, այնպես էլ հիմա, ադրբեջանական կողմը երկար ժամանակ քարոզչական և դիվանագիտական հարթակներում ձևավորում է «պատերազմի անհրաժեշտության» օրակարգ՝ ներկայացնելով Հայաստանը որպես «ագրեսոր»։ Նույն մեխանիզմն է: Իսկ Հայաստանի իշխանությունները միայն անընդհատ շեշտում են, որ պետք է զսպվածություն ցուցաբերել և չտրվել սադրանքների։ Այո, չպիտի տրվել սադրանքների: Մյուս կողմից, ՀՀ իշխանությունները ցանկանում են ամեն կերպ խուսափել ակտիվ դիմադրությունից, որպեսզի խուսափեն պատերազմի պատասխանատվությունից, բայց արդյունքում նրանք միայն խորացնում են այդ պատերազմի անխուսափելիությունը։
Փաշինյանի վարած քաղաքականությունն ուղղակիորեն նպաստում է այն բանին, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակի իր ագրեսիան, այլև ավելի վստահ զգա, քանի որ Երևանը չի դիմադրում։ Վախերն ու անգործությունն այս իրավիճակում միայն ուժեղացնում են պատերազմի սպառնալիքը, ինչը նոր աղետի նախերգանք կարող է դառնալ։
Ինչ վերաբերում է Բաքվի կեղծ դատավարության հետ կապված Փաշինյանի վախերին, կարծում եմ, որ Փաշինյանը քաջ գիտակցում է այդ ամենի լրջությունը, և, որ ադրբեջանական հանցագործ ռեժիմը փորձելու է այդ դատավարություններից ստացված, այսպես ասած, «պտուղներից» ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր փաթեթավորել։
– Ի դեպ, եթե աշխարհի մակարդակով դիտարկենք, եվրոպական շատ երկրներ ավելացնում են իրենց ռազմական բյուջեն, զարգացնում են իրենց երկրների ռազմական արդյունաբերությունը, սպառազինության մրցավազքը, և առևտուրը չի պասիվանում: Այսինքն, հաշվի առնելով կոնֆլիկտային տարբեր օջախների առկայությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, եվրոպական երկրները «պատրաստվում են» պատերազմական իրավիճակների: Մինչդեռ, եթե կար ժամանակ, որ ՀՀ իշխանությունները սպառազինության գնումները քարոզչական գործիք էին սարքել, ինչն անթույլատրելի էր, այսօր նրանք կանգնել են Ադրբեջանի պահանջով սահմանափակումներ մտցնելու խնդրի առաջ: Եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն, ինչի՞ վրա պիտի այսօր ուշադրություն դարձներ վերը նշված թեմայի շրջանակում:
– Միջազգային ռազմարդյունաբերության զարգացումները ցույց են տալիս, որ այսօրվա աշխարհում բարձր տեխնոլոգիաները, անօդաչու համակարգերը և հեռահար ճշգրիտ հարվածային միջոցները դարձել են գերակա գործոններ։ Շատ երկրներ մեծացնում են պաշտպանական արդյունաբերության ներքին կարողությունները՝ նվազեցնելով արտաքին կախվածությունը։ Եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, ապա մենք կտեսնեինք ռազմական արդյունաբերության զարգացում, իսկ բանակը կստանար անհրաժեշտ ժամանակակից զինատեսակները՝ ապահովելով իրական պաշտպանունակություն։
Բացի ռազմական տեխնոլոգիաների զարգացումից, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությանն ու հասարակության վստահության բարձրացմանը սեփական ուժերի նկատմամբ, մինչդեռ գործող իշխանությունները հետևողականորեն իրականացնում են հակառակ գործընթացը՝ քարոզելով պարտվողականություն, նվազեցնելով դիմադրության կամքը և խարխլելով ազգային ինքնավստահությունը։
Հայաստանի ներկայիս իշխանությունները տարիներ շարունակ սպառազինության գնումները, այո, դարձրել են քարոզչական գործիք, բայց իրականում չեն ձևավորել համապարփակ ռազմական դոկտրին կամ երկարաժամկետ պաշտպանական ռազմավարություն։
Եթե իշխանությունները ժամանակին սպառազինության հարցը դիտարկեին ոչ թե քարոզչական, այլ անվտանգության ապահովման տեսանկյունից, ապա այսօր ոչ միայն Հայաստանի պաշտպանունակությունը կլիներ ավելի ամուր, այլև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտքում Հայաստանի սպառազինության սահմանափակում պահանջելու գաղափար չէր ծագի։
– Եվ վերջին հարցը. հունվարի 31-ին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ են արել, այն է՝ պատրաստ է Մեղրիով անխոչընդոտ ճանապարհ տալ՝ «Մեղրիի երկաթուղով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան՝ հակառակ ուղղությամբ, և Երասխից Նախիջևանի տարածքով՝ Մեղրի և հակառակ ուղղությամբ»: Սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում:
– Եթե ճանապարհային կամ երկաթուղային կապը տրամադրվում է առանց վերահսկման արդյունավետ մեխանիզմների, ապա Հայաստանը գործնականում զրկվում է իր հարավային անվտանգության համակարգից։
Իրանը բազմիցս ընդգծել է, որ դեմ է Սյունիքում «միջանցքային» տրամաբանությամբ որևէ ճանապարհի բացմանը, և այս առաջարկով Հայաստանը փաստացի հարված է հասցնում նաև իր բարեկամ երկրի շահերին։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները շարունակաբար առաջնորդվում են միակողմանի զիջումների քաղաքականությամբ՝ առանց անվտանգության ամրապնդման փոխհատուցման։