Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը
Ամերիկյան Quincy Institute-ի համահիմնադիր, փոխտնօրեն Տրիտա Պարսին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքի իրադարձությունների ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, Իրանի իրականացրած քաղաքականությանը տարբեր ուղղություններով, ինչպես նաև Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում ԱՄՆ-ի հետաքրքրություններին։
-Միջին Արևելքի վերջին զարգացումները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասի վրա։ Ինչպե՞ս է Իրանը դիտարկում Հարավային Կովկասում փոխվող դինամիկան՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում և աճող կապերը Իսրայելի հետ։
-Այստեղ մի քանի գործոն կա։ Մի կողմից, անկասկած, իրանցիները որոշակի նշանակալի հարվածներ են ստացել, և արդեն իսկ ավելի թույլ իրանական դիրքն այն պատճառներից մեկն է, թե ինչու նրանք, ըստ էության, տեղի տվեցին Հայաստանի հարցում և որոշ չափով հետ քաշվեցին։ Իհարկե, Ադրբեջանի դեմ կանգնելու հարցում Հայաստանի ձախողումը նույնպես հարթեց դրա ճանապարհը։ Սակայն նախկին պայմաններում, եթե թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը այսքան չթուլանային, արդյունքը, կարծում եմ, այլ կլիներ։ Այսպիսով, մի կողմից սա արդեն փաստ է։
Մյուս կողմից իրանցիները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը այս իրավիճակում։ Նրանք մեծ ներդրումներ են կատարել մինչև անգամ Լիբանան հասնելու համար, մինչդեռ իրենց շատ ավելի մոտ գտնվող տարածքն այժմ վտանգի տակ է։ Արդյոք նրանք վերադասավորելո՞ւ են իրենց առաջնահերթությունները։ Արդյո՞ք նրանք կրկին փորձելո՞ւ են վերահաստատել իրենց դիրքերը Սիրիայում, թե՞ փոխարենը ռեսուրսները կուղղեն ՝ ապահովելու համար, որ իրենց շահերը Կովկասում պաշտպանված լինեն։ Դա կպահանջի ամբողջովին այլ մոտեցում։ Նման մոտեցումը, ամենայն հավանականությամբ, կդիտարկի Իրանի ներգրավվածությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում որպես շեղող գործոն, ոչ թե որպես օգտակար քայլ։
Այստեղ կա նաև երրորդ գործոն։ Թեև իրանա-թուրքական հարաբերությունները մշտապես լարվածությամբ են բնորոշվել, դրանք նաև աչքի են ընկել աննախադեպ հասունությամբ։ Պատմականորեն սա այն հարաբերությունն է, որի շրջանակում միայն Սեֆևիդների և Օսմանյան կայսրության միջև եղել է 19 պատերազմ։ Եվ դա միայն այդ ժամանակաշրջանն է։ Եթե հետ գնանք, ապա դեռևս Կյուրոս Մեծի արշավանքներից կարելի է օրինակներ գտնել, Լիդիայի գրավում և այլն։ Հետևաբար, երկու կողմերն էլ գիտակցում են, որ մյուսը տարածաշրջանային մեծ տերություն է, չես կարող ունենալ մաքսիմալիստական մոտեցում, պետք է գործես պրագմատիկ։ Նրանք իրենց հարաբերությունները տարանջատել են. կարող են վիճել կամ նույնիսկ կռվել Սիրիայում, բայց համագործակցել մեկ այլ տեղ։ Թույլ չեն տալիս, որ մեկ հարց ամբողջությամբ սահմանի իրենց հարաբերությունները։ Սակայն այժմ ուժերի հարաբերակցությունում լուրջ փոփոխություն կա. մի կողմից այն, ինչ ադրբեջանցիներն արեցին Լեռնային Ղարաբաղում, մյուս կողմից այն, ինչ թուրքերն արեցին Սիրիայում։ Հայաթ Թահրիր ալ-Շամը կարծում էր, որ պարզապես գրավելու են Հալեպը, բայց իրականում ձեռք բերեցին ամբողջ Սիրիան։ Ի՞նչ է դա նշանակում Էրդողանի հավակնությունների համար։ Ինչպե՞ս է դա ազդում Իրանի վաղուց առկա մտավախությունների վրա, ըստ որոնց՝ Էրդողանը նեոօսմանիստ է, և կա իրական ջանք՝ վերականգնելու թուրքական դիրքերը՝ միաժամանակ դուրս մղելով Իրանին։ Եթե դա այդպես է, արդյոք սա կբերի՞ թուրքերի ավելի ագրեսիվ մոտեցման Կովկասում։ Եվ ինչպե՞ս դա կազդի մյուս երկու գործոնների վրա։ Արդյոք իրանցիները դեռ կարո՞ղ են իրենց թույլ տալ շարունակել ակտիվ գործել Լիբանանում։ Արդյոք Ադրբեջանը կդառնա՞ ավելի ագրեսիվ։Իմ դիտարկումներով՝ թուրքերն ակնհայտորեն աջակցում են ադրբեջանցիներին, սակայն ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են, քան թուրքերն են ուզում լինել։Բացի այդ, կա ևս մեկ գործոն, որը բարդացնում է իրավիճակը։ Ադրբեջանը ռազմական առումով ամբողջովին կախված է Իսրայելից։ Նրանք չափազանց մտերիմ են Իսրայելի հետ, մինչդեռ Թուրքիան և Իսրայելը հակամարտում են Պաղեստինի հարցում։ Սա մեծ ճկունություն կպահանջի, որպեսզի չառաջանան առճակատումներ կամ առնվազն լարվածության մեծացում։
-Ինչպե՞ս դա կազդի Թուրքիայի մոտեցման վրա։
-Ես ոչ պաշտոնյաներից, բայց թուրքական իշխանություններին մոտ կանգնած մարդկանցից բողոքներ եմ լսել, թե ադրբեջանցիները «այնքան հիմարաբար կամ մանկամտորեն պրո-իսրայելական են»։ Նրանց մոտ որոշակի զայրույթ և անհանգստություն կա այդ կապակցությամբ։ Այս ամենի արդյունքում իրանցիները այսօր ավելի թույլ դիրքերում են, քան նախկինում։ Այն տարածքները, որոնք նրանք համարում էին հանգիստ, այժմ ակտիվացել են։ Այն տարածաշրջանները, որոնք համարում էին ապահով, ինչպես Սիրիան, կորել են։
Վերջապես, կա ևս մեկ կարևոր գործոն. Իրանի համար այսօր ամենակարևորն ԱՄՆ-ի հետ գործարք կնքելն է։ Դա կլինի ամենամեծ առաջնահերթությունը։ Բայց հետաքրքիր կլինի տեսնել, թե ԱՄՆ-ն ինչ դիրք կորդեգրի այս հարցում։ Որովհետև ԱՄՆ-ն կարող է ավելի մոտ լինել Իրանին և Հայաստանին այս հարցում, քան Թուրքիային և Ադրբեջանին։ Այսպիսով, ամբողջ տարածաշրջանը զգալի անկայունության մեջ է, և ամերիկյան գործոնը կարող է բերել ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ։
-Այո, ԱՄՆ-ն ավանդաբար կենտրոնացած է եղել էներգետիկ ուղիների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա, օրինակ Թուրքիայի։ Ի՞նչ շահ է հետապնդում ԱՄՆ-ն Հարավային Կովկասում այսօր և հատկապես Հայաստանի սահմանային անվտանգության հարցում։
-Կարծում եմ, սա գալիս է Բայդենի վարչակազմից։ Սա քաղաքական խաղ էր, որը նրան ևս մեկ հնարավորություն տվեց խնդիրներ ստեղծելու Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվող տարածքում, ինչը Բայդենի վարչակազմն՝ Ուկրաինայից անկախ, համարում էր արժեքավոր։ Համոզված չեմ, որ սա նույնքան արժեքավոր կլինի Թրամփի և նրա թիմի համար։ Բայց հենց այն պատճառով, որ դա նրանց համար կարևոր չէ, նրանք կարող են ընդհանրապես ուշադրություն չդարձնել, և հին քաղաքականությունը կարող է շարունակվել իներցիայով։ Կարծում եմ՝ իրավիճակը բավական անորոշ է։ Չեմ լսել որևէ կոնկրետ մեկնաբանություն այն մասին, թե ինչ է պատրաստվում անել Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի հարցում։
-Այդուամենայնիվ, կարո՞ղ ենք հստակ սահմանել, թե ինչ կոնկրետ շահեր է հետապնդում ԱՄՆ-ն Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի սահմանների մոտ։
-Ըստ իս՝ այստեղ հայերի օգտին խաղացող մի գործոն կա. Թրամփի թիմում շատ մարդիկ իրենց բնորոշում են որպես քրիստոնյա ազգայնականներ։ Չգիտեմ՝ իրենք էլ մինչև վերջ հասկանում են, թե դա ինչ է նշանակում, բայց դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության քրիստոնեա-մուսուլմանական գործոնը, որը Բայդենի վարչակազմի համար բացարձակապես նշանակություն չուներ, կարող է բավականին կարևոր հարց դառնալ Թրամփի վարչակազմի համար, եթե նրանք ուշադրություն դարձնեն դրան։Սա այն թեմաներից է, որտեղ Թրամփի թիմը երբեմն ցուցաբերել է որոշակի հետևողականություն, թեև հետևողական գործելը նրանց բնորոշ չէ։ Բայց ենթադրում եմ, որ Հայ դատի հանձնախումբը և այլ հայկական խմբեր կփորձեն այս իրավիճակից առավելագույնս օգտվել։ Նրանք որոշ հարցերում մեծ ազդեցություն ունեն, այնպես որ չեմ զարմանա, եթե որոշ փոփոխություններ տեսնենք։ Սակայն առաջին հարցը մնում է՝ արդյոք դա նրանց օրակարգում ընդհանրապես առաջնահերթություն կունենա՞։ Նույնիսկ իրանցի շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը կտրուկ փոխվել է և ամենևին էլ կառուցողական չէ հատկապես Միջին Արևելքի զարգացումներից հետո։ Ի՞նչ կասեք Դուք այս մասին։ Կարծում եմ՝ այն պատճառներից մեկը, թե ինչու Իրանը հիմա փորձում է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ, հենց այն է, որ կանխի այլոց անխոհեմ քայլերը։
-Որովհետև կարող են անխոհեմ քայլե՞ր անել։
-Այո, միանշանակ։ Ալիևի կառավարությունը ո՛չ նրա թշնամիների, ո՛չ էլ նույնիսկ նրա ընկերների կողմից չի դիտարկվում որպես հասունացած դերակատար։ Սա մի բան է, որի շուրջ գրեթե բոլորը համաձայն են։ Բացի այդ, այն փաստը, որ նա այդքան կախված է Իսրայելից և սերտ հարաբերություններ ունի վերջինի հետ, մեծացնում է հավանականությունը, որ Իսրայելը նրան ճնշման տակ կդնի որոշակի քայլերի դիմելու համար՝ որպես Իրան-Իսրայել լայնածավալ հակամարտության մի մաս։
-Մեկ այլ շատ կարևոր հարց, որը ուղղակիորեն կապված է Իրանի հետ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է Իրանը վճռական իր սահմանը Հայաստանի հետ անփոփոխ պահելու հարցում։ Ինչպե՞ս կարձագանքի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի իրագործել «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որի մասին նախագահ Ալիևը հաճախ խոսում է որպես սպառնալիք։ Արդյո՞ք «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է։
-Սա իմ մասնագիտական ոլորտը չէ, բայց ենթադրում եմ, որ դա կամ կարմիր գիծ է, կամ որքան հնարավոր է մոտ է կարմիր գծին։ Այդպես եմ կարծում, քանի որ պատմականորեն դա եղել է կարմիր գիծ։ Այո, Իրանը թուլացել է, բայց եթե նա նահանջի այդ կետից, ապա առաջ կգա այն վախը, որ շատ այլ բաներ, որոնք նախկինում կարմիր գծեր չէին կամ նույնիսկ քննարկման ենթակա չէին, կարող են դառնալ հարցի առարկա։ Արդյունքում, արդեն տեսել ենք, որ իրանցիները ստիպված էին նահանջել Սիրիայից։ Եթե սա վերածվի շղթայական գործընթացի, ապա դա չափազանց վտանգավոր կլինի։ Մի բան է կատարել ռազմավարական նահանջ և կանգ առնել, իսկ եթե դա վերածվի անզսպելի շղթայական ռեակցիայի տարբեր ճակատներում միաժամանակ կորուստների դեպքում, ապա Իրանը ստիպված կլինի լուրջ ռեսուրսներ կենտրոնացնել գոնե մեկ ուղղությամբ՝ իրավիճակը շրջելու համար։