Ի՞նչ եղավ, Նիկոլ, բա ազրայիլ էիր կտրել, տղա ջան, դե հրապարակի՛ր բոլոր փաստաթղթերը… Փաշինյանը քրիստոնյա չէ… ամբողջ թիմով թաղված են խայտառակ կոռուպցիայի մեջ. Լևոն Զուրաբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նախկինում ոչ մեկի մտքով երբեք չի անցնել հրաժարվել Արարատի խոսույթից։ Նիկոլ Փաշինյանի այդ խոսույթը լեգիտիմացնում է ադրբեջանական պրոպագանդան։ Երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նման բան է ասում, նա ուղիղ տեքստով ասում է, որ Հայաստանում նման դիսկուրս կա։ Հայաստանի քաջ հեղափոխական գործիչը, փաստորեն, հայ ժողովրդին համոզում է, որ ցեղասպանության ճանաչման կուրսից պետք է հրաժարվել։ Փաշինյանի այդ խոսքերը Թուրքիային հիմք կտա պնդել, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից։ Սա դիվերսիա է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվերսիա է կատարում հայ ժողովրդի ու պետության դեմ։
- Անգամ կարող եմ հիշել՝ ժամանակին ինչպես էր Վազգեն Սարգսյանը Գլխավոր շտաբի պետ Հարությունյանի հետ իմ սենյակում գրում զենքերի ցուցակը, որ պիտի ձեռք բերեինք։ Ի՜նչ Արարատի խոսույթ… Փաշինյանը մոգոնում է ինչ-որ նոր օրակարգ։ Ես երբեմն մտածում եմ՝ սա հոգեբանական խանգարումների արդյունք է։ Ինչ ասես, որ նա չդարձավ՝ էլ Ռոբին Հուդ, Պապ թագավոր, Աշոտ Երկաթ, Հիսուս Քրիստոս, Աստված… Տպավորություն է, որ Փաշինյանը պայքարում է իր ներսում եղած խանգարումների դեմ։ Բացի քեզնից, Նիկոլ Փաշինյա’ն, ոչ ոք չի արել այն արտահայտությունները, որ դու ես արել։ Հեռանայիր, չլիներ։ Երբ ինքը ողջ ազգին մեղադրում է մի բանի մեջ, ինչի մեղավորն ինքն է, սա արդեն շիզոֆրենիայի դրսևորում է։ Եթե ուզում ես Հայաստանում ծայրահեղականության էջը փակվի, թող, դուրս արի, ու էդ էջը կփակվի։
- Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ․ դա միայն հայերի դեմ չէր։ Լեմկինի կոնցեպտը դա է։ Եթե սա դառնում է ընդամենը Հայաստանի հարց, կորցնում է իր նշանակությունը։ Դա էր պատճառը, որ ցեղասպանության հարցը ժամանակին մեր քաղաքական օրակարգի մեջ՝ որպես առաջնահերթություն, չէր դրվում։ Մենք դա չդարձրինք քաղաքականության հարց, բայց հարցը տեղափոխեցինք բարոյական հարթություն։ Երբ դու ցեղասպանության հարցը մտցնում ես քաղաքական օրակարգ, այն դառնում է մանրադրամ, այն, ինչ արվում է հիմա։ Այսօր Նիկոլը կցվել է ցեղասպանության արդարացման գործին, և դա ունի իր պատճառը։ Արցախի ցեղասպանությունը, եկեք չմոռանանք, կատարվել է Փաշինյանի օրոք։ Ոչնչացվեց Արցախ հայոց աշխարհը։ Դա կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ, ու ինքը հիմա զբաղված է մի բանով՝ պատասխանատվությունն իր վրայից մի կողմ դնելով։ Պարզ է, որ դրա համար ռուսներից հարմար թիրախ չկա, ամեն ինչում մեղադրում է ռուսներին՝ շատ հեշտ տեղավորվելով թուրքական դոկտրինի մեջ։
- Առհասարակ, պետք է չմտնել որևէ կայսրության օրակարգի մեջ, պետք է ունենալ սեփական օրակարգը։ Ռուսական կայսերական, խորհրդային նարատիվը վաղուց մերժվել է, ինչո՞ւ եք ուզում մտնել նոր նարատիվի մեջ։ Սա Անկարայի նարատիվի ընդունում է։ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հարավային Կովկասում նոր տերերի հովանու տակ մտնելու գաղափարական հիմքերը։ Դրա համար էլ պետք է ասի՝ ռուսները վատն են, թուրքերը՝ պուպուշ։ Իհարկե, թուրքերի հետ պետք է հաշտվել, բայց դա պետք է արվի ուժի դիրքերից։ Հայաստանն այնքան դիմադրողականություն պետք է ունենա, որ դիմադրի թուրք-ադրբեջանական պահանջներին։
- Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը: Կարմիր գիծ է հատվում այն ժամանակ, երբ զոհաբերում ես ոչ թե քո հավակնությունը, այլ ինքնությունը։ Նիկոլ Փաշինյանի կոնցեպցիան ինքնությունը կորցնելն է։ Ինքը «Հայոց պատմությունը» փոխում-դարձնում է «Հայաստանի պատմություն», որովհետև ինքը Հայաստանի պատմությունը հաշվում է 2018թ.-ից, երբ եկավ իշխանության։
- Արարատը Հայաստանի, Երևանի սիմվոլն է, դու ո՞նց ես ուզում հրաժարվել դրանից։ Սա հիմարություն է։ Ընդամենը պետք էր հայտարարել, որ մենք տարածքային պահանջներ չունենք։
- Փաշինյանը չհասկացավ՝ ինչ հիմարություն արեց։ Մեր ժողովուրդը մոտենում է Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի «Թագավորը մերկ է» հայտնի ճշմարտությանը։ Ժողովուրդը սկսում է արթնանալ։
- Փաշինյանը 2 անգամ հաղթել է ընտրություններում։ Առաջին անգամ նրա հաղթանակի կոնցեպտը հետևյալն էր՝ քաբաբ առ քաբաբ թալանչիների թալանածը հետ եմ բերելու։ Սա մաքուր բոլշևիկյան կոնցեպտ է։ Իր իսկ հայտարարած այդ առաքելությունն ինքը ոչ միայն ձախողել է, այլև ինքն ու իր շրջապատն են մտել խայտառակ կոռուպցիայի մեջ։ Ինքն ու իր ամբողջ թիմը թաղված են խայտառակ կոռուպցիայի մեջ, ու ժողովուրդը սա հասկացել է։ 2021թ.-ի միսիան խաղաղության կոնցեպտն էր, ժողովուրդն այդ խայծ էլ, ցավոք, կուլ տվեց՝ չհասկանալով, որ գործ ունի ոչնչից չհասկացող շառլատանի հետ։ Ու ընտրեց կապիտուլյացիայի սիմվոլի՝ Նիկոլ Փաշինյանին։
- Փաշինյանը ձախողեց նաև խաղաղության կոնցեպտը։ 1 տարուց ընտրություններ են լինելու Հայաստանում։ Փաշինյանի` սոցցանցային, տիկ-տոկային ակտիվության մասին, ինչով է դա պայմանավորված: Եթե ինքը ուշադրության կենտրոնից մի րոպե դուրս մնա, իր մոտ լոմկա է սկսվելու։ Ինքը կմեռնի, ընդ որում, ոչ միայն ինքը, այլև իր ողջ ընտանիքը։ Հիմա իրեն պետք է նոր միսիա՝ ռուսներին մեղադրելու միսիան։
- Որևէ ռեֆորմի արդյունավետության համար շատ կարևոր է տվյալ իշխանության նկատմամբ վստահությունը։ Եթե այս ամենը, որը նա ռեֆորմ է համարում` հայտարարագրումը, և այլն, նա աներ 2018թ., խանդավառությամբ կընդունվեր ժողովրդի կողմից։ Սպասեց, ճզմեց, մսխեց ամեն բան, նոր հիմա խոսում է ռեֆորմներից։ Առաջին անգամ հասարակական տրանսպորտում սկսել են հայհոյել Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ այլևս չեն վախենում։ Մարդկանց մոտ օտարում է սկսվել․ ինչքան շատ են ինքն ու իր կինն օրակարգն իրենցով լցնում, այնքան մարդկանց մոտ սկսվում է отторжение։ Մարդիկ արդեն նողկում են։
- Արևմտյան պրոպագանդան պաշտպանում է Փաշինյանի նարատիվները։ Բայց իրենք չեն հասկանում, որ ԱՄՆ-ում, իսկ դա նշանակում է՝ նաև Արևմուտքում առհասարակ, տեղի է ունեցել մեծ պահպանողական հեղափոխություն։ Եվ Իլոն Մասկի՝ ամերիկյան USAID-ը (ՄԶԳ) հանցագործ կազմակերպություն հայտարարելու և այդ կազմակերպությունը փակելու հայտարարությունն այս օրերին բոլորովին էլ պատահական չէ, ու սա լինելու է երկարաժամկետ քաղաքականություն։ Հայաստանում մեծագույն համայնք` քաղհասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սնվում էր այդ աղբյուրներից ու ծառայում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանն ու ամրապնդմանը։ Հիմա նրանք կկտրվեն ֆինանսավորումից։
- ԱՄՆ մեկնած Փաշինյանը հայտնվում է մի շրջապատի մեջ, որի հետ ինքը կապ չունի։ Ինքը քրիստոնյա չէ, մինչդեռ իրեն հրավիրել են՝ որպես քրիստոնեական համայնքի ներկայացուցչի։ Ինքն իրեն համեմատում էր Հիսուս Քրիստոսի հետ։ Սրանից ավելի հակաքրիստոնեական բան չի կարող լինել։ Այդ այցի ընթացքում նա որոշ շրջանակների քսմսվելու հնարավորություն ունի, միգուցե կարողանա հաջողացնել ձեռքով բարևել Թրամփին… Ցավոք, Հայաստանը մի պետությունից, որի հետ հաշվի էին նստում, գահավիժել, հասել է քրիստոնեական համայնքի մակարդակի։
- Մենք Ռոբերտ Քոչարյանին ժամանակին այլ դիտանկյունից էինք քննադատում, մինչ օրս էլ պնդում ենք, որ նա չպետք է ընդգրկվեր մի բանակցության մեջ, որով փոխվել էր նախորդ բանակցային փաթեթի կոնցեպտը։ Ընդգրկվելով տերիտորիալ փոխանակման բանակցությունների մեջ՝ նա Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը վերածեց տերիտորիալ խնդիրներ ունեցող պետությունների կոնֆլիկտի։ Սա էր պրոբլեմը։ Բայց մյուս կողմից՝ ես ընդունում եմ, որ այնուամենայնիվ, չնայած առկա բանակցային աղետին, այն տեղի չունեցավ։ Գետնի վրա մենք դա չենք տեսել: Մեղրին շահարկելը հիմա փաշինյանական ստոր մանիպուլյացիա է, կեղծիք։ Ինքը պատրաստ է հիմա ցանկացած զիջում արդարացնել` «Ի՞նչ անեի, վաղուց տվել էին» խոսույթով։ Մեղրիի թեման բարձրացնելը միայն այդ նպատակն ունի։
- Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից Փաշինյանին ներկայացված պահանջը, այն է` բանակցային փաստաթղթերի հրապարակման պահանջը պետք է լինի իմպերատիվ։ Թող հրապարակի` ինչ է բանակցվել նախկինում, փաստաթղթերով, ինչ է բանակցել նա 2018-ից հետո: Միայն այդպես կպարզվի ճշմարտությունը։ Հայաստանի 3 նախագահներն էլ պահանջում են հրապարակել, իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ դրանք հրապարակել, որովհետև իրականում նա խաբել է մեր ժողովրդին, չի ասել՝ ինչ է ստացել ու ինչ է բանակցել։
- Ի՞նչ եղավ, Նիկոլ ջան, բա դեկտեմբերի վերջին ազրայիլ էիր կտրել, ասում էիր՝ կբանավիճեմ, եթերում կջախջախեմ, բա ինչի՞ հենց նախագահները պահանջեցին բացահայտել բանակցային փաստաթղթերը, ասացիր՝ հիմա էլ բանավիճելու բան չունեմ։ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով թաքցնելու է իր բանակցածը։ Սա պետք է դառնա համընդհանուր հասարակական պահանջ։ Տղա ջան, դե հրապարակի՛ր, հրապարակի՛ր փաստաթղթերը, Նիկոլ։
- Նիկոլը հիմա հայ հասարակությանն ընդամենը փոխանցում է Ալիևի շանտաժները։ Ինչ Նիկոլն ասում է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, ծայրից ծայր սուտ է։ Ինֆորմացիոն «վբրոսներով» սեփական հանրության մեջ վախի, անելանելիության մթնոլորտ է ստեղծում։
Մանրամասները՝ տեսանյութում։