Ի՞նչ համաձայնություն է փորձում Ալիևի օգնականը կորզել Իրանից․ ինչո՞ւ է Հաջիևը մեկնել Իրան
Ադրբեջանը փորձում է հարթել տարեսկզբին բռնկված իրանա-ադրբեջանական լարվածությունը։
Տարեսկզբից Ադրբեջանի ու Իրանի ԱԳ նախարարություններն Ադրբեջանում ԻԻՀ դեսպանին, ինչպես նաև Իրանում Ադրբեջանի դեսպանին արդեն մի քանի անգամ կանչել են համապատասխան գերատեսչություններ ու բողոքի նոտա հղել մյուս երկրի դեմ իրականացվող «բացահայտ արշավի» համար։
Իրանա-ադրբեջանական առճակատումը սկսվեց հունվարի 1-ին, երբ Ադրբեջանի ԱԳՆ կանչվեց Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը, ում բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել։ Պատճառն իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկի՝ Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Ամելիի ներկայությամբ հնչած հայտարարություններն էին, որոնք Բաքվում «վիրավորական և սադրիչ էին որակել»։
«Ադրբեջանի ԱԳՆ բողոքը կապված էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքներից մեկում մեկ անհատի հնչեցրած անպատեհ և չմտածված հայտարարությունների հետ»,- Դեմիրչիլիի խոսքերն էր մեջբերել IRNA գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ալիևի կառավարության բողոքը հարուցած միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերին Արդաբիլ քաղաքում կրոնական արարողության ժամանակ, որը գլխավորել էր Իսլամական հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին։ Դրան մասնակցել էին նաև Այաթոլլա Ալի Խամենեիին մոտ կանգնած այլ բարձրաստիճան հոգևորականներ։ Տարատեսակ աղբյուրների համաձայն, հեռուստատեսությամբ հեռարձակված միջոցառման ընթացքում բանախոսներից մեկն Իրանի Շահ Իսմայիլ Սաֆավիի և Օսմանյան կայսրության սուլթան Սելիմի միջև պատերազմն է հիշել և զուգահեռներ անցկացրել Իրանի և Թուրքիայի միջև ներկայիս տարածաշրջանային մրցակցության միջև, վիրավորական արտահայտություններ հնչեցրել Էրդողանի, Ալիևի հասցեին և համոզմունք հայտնել, որ մոտ երկու հարյուր տարի առաջ Իրանին պատկանող հողերում, այդ թվում՝ Բաքվում, կրկին կբարձրացվի իրանցի Զաման իմամի դրոշը։
Այս հայտարարությունները հնչել էին Ասադի ռեժիմի տապալման, Սիրիայում տեղի ունեցած տարեվերջյան իրադարձությունների համատեքստում։ Հակադարձելով Բաքվի մեղադրանքներին՝ Իրանի արտգործնախարարի օգնական Մոջթաբա Դեմիրչիլին IRNA պետական գործակալության միջոցով փոխանցել էր, որ Իրանի քաղաքականությունն ուղղված է հարևան պետությունների՝ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, և, որ Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները չեն արտացոլում իրանական կառավարության դիրքորոշումը։
Ապա մի քանի օր անց՝ հունվարի 5-6-ին, ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել էին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունը՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ներկայացնելով այնպես, թե Իրանը կողմ է, այսպես կոչված, միջանցքին։
Հունվարի 8-ին տված հարցազրույցում, որում Իլհամ Ալիևը վերջնագրեր էր ներկայացրել ՀՀ իշխանություններին, հայտարարել, թե Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր հարկավոր չէ, անդրադարձել էր նաև Իրանի նոր կառավարության հետ հարաբերություններին: «Դեռ վաղ է այդ մասին խոսել, մենք Իրանի ներկայիս ղեկավարության հետ որևէ լուրջ շփում չենք ունեցել։ Եղել են որոշակի շփումներ կառավարության անդամների միջև, որոնք մեծամասամբ կապված են եղել տնտեսական և տրանսպորտային հարցերի հետ»,- ասել էր նա։ Սակայն Ալիևը նաև հայտարարել էր, թե Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումը եղել է կազմակերպված ահաբեկչություն, որը ազդել է երկկողմ հարաբերությունների վրա, և Ադրբեջանում դա չեն մոռացել։
Հունվարի 24-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել էր Իրանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա էին հանձնել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողությունների» կապակցությամբ, հաղորդել էր պետական IRNA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Իրանի արտգործնախարարության Եվրասիական գործերի վարչության ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման քայլերն անվանել է «վնասակար» և պահանջել, որ «նման բացասական գործողությունների կազմակերպիչներն ու հեղինակները պատասխանատվության ենթարկվեն»։
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքների դեմ վճռականորեն պայքարելու» անհրաժեշտությունը: Ռեգիոնալ ԶԼՄ-ի փոխանցմամբ, այդ օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել էր երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։ Հունվարի 25-ին էլ Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանն էր կանչվել Արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նրան բողոք էր ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։ Բացի այդ, հունվարի ընթացքում ադրբեջանական մամուլը ողողված էր ուղղորդված հակաիրանական սուր քարոզարշավով։ Լայն քննարկումների ու դժգոհության առիթ դարձավ Islamic World News-ի տարածած տեղեկատվությունը, թե Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի երկինքը։
Նշվում էր, որ ռադարը տեղադրվել է Գիլանի նահանգի բարձրավանդակում՝ երկրի հյուսիսային օդային տարածքը դիտարկելու համար։ Այն միացվել է Իրանի հակաօդային պաշտպանության ցանցին։ Ադրբեջանական մամուլում լայնորեն լուսաբանվեց նաև Իրանի Ազգային Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցը ՀՀ, որի ընթացքում, ըստ ադրբեջանական մամուլի, Երևանին առաջարկվել էր ռազմական պայմանագիր կնքում՝ ՀՀ տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ։ Ռեգիոնալ զարգացումների տեսանկյունից հարկ է հիշեցնել, որ հենց հունվարին՝ մասնավորապես հունվարի 17-ին, Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի նախագահներն ավելի քան երեք ժամ բանակցությունների արդյունքով ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համապարփակ համաձայնագիր, որը համագործակցության լայն շրջանակ էր ներառում, որին բազմիցս անդրադարձել ենք։ Իրանի դեմ արշավին զուգահեռ՝ հունվարին Իլհամ Ալիևը մի քանի անգամ անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, ասելով, թե ՀՀ-ն պետք է բացի այն։ Նա նաև ասել էր, թե այժմ, քանի դեռ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանը շրջանցող, Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարության ուղղությամբ։
Վերջին օրերին Ադրբեջանն Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին գործուղել էր Իրան բանակցությունների։ Իրանում Հաջիևի խոսակցության բուն բովանդակությունն ու փակագծերը չեն բացվում, սակայն ադրբեջանական մամուլում այդ այցը շատ է կարևորվել, այն ներկայացվում է՝ որպես ադրբեջանա-իրանական հարաբերությունները կարգավորելու փորձ։
Սակայն նշվում է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանայիի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ քննարկել է միջազգային կազմակերպությունների և 3+3 ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։
Ադրբեջանի նախագահի օգնականը X-ում գրել էր, թե քննարկման ընթացքում Աղբենդ-Նախիջևան և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները նշվել են որպես տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կարևոր նախագծեր, որոնք ծառայում են երկու երկրների ընդհանուր շահերին։ Աղբենդ-Նախիջևան տրանսպորտային ճանապարհն այն է, ինչն իրանական կողմն Ադրբեջանին առաջարկեց, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական պահանջի ֆոնին։ Չնայած այս ամենին, Փաշինյանն օրերս տված ասուլիսում ասաց, որ դեմ չեն անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում՝ ՀՀ իրավազորության շրջանցումով։
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանի դիրքորոշումը ռեգիոնալ հաղորդակցությունների բացման հարցում լուրջ գործոն է, որի պատճառով էլ երբեմն տարաձայնություններ են առաջանում այս կամ այն ուղղությամբ։ Սակայն, նրա խոսքով, դա այն հարցն է, որից Իրանը հետքայլ չի պատրաստվում անել։
«Ադրբեջանցի պաշտոնյայի այցը ԻԻՀ, ամենայն հավանականությամբ, նպատակ ուներ ցրել, մեղմել կուտակվող լարվածությունը, որն ըստ էության ստեղծվեց ոչնչից։ Թեև լարվածության իրական պատճառներն Իրանի խորքային դիրքորոշումներն են, դրանց նկատմամբ ազդելու ցանկությունը։ Իրանը երկար ժամանակ էր, ինչ առաջարկել էր այլընտրանքային ճանապարհ ԻԻՀ տարածքով, սակայն այդ առաջարկի ուղղությամբ քիչ են եղել գործնական քայլեր։ Կարծում եմ՝ տակտիկական առումով քննարկումները վերսկսվում են, սակայն ինչ արդյունքների կհանգեցնեն, կդժվարանամ ասել։ Ըստ իս, ավելի նպատակահարմար է որոշ երկրների համար, որպեսզի Իրանը մեղմի իր դիրքորոշումը, իսկ իրանական ուղին այդքան էլ գաղթակղիչ չէ։ Այցի գլխավոր նպատակը ռեգիոնալ իրավիճակը քննարկելն էր»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, ռեգիոնալ որոշումները պետք է քննարկվեն ռեգիոնալ հարթակում, ինչի առաջարկը ևս Իրանն անում է անընդհատ։
«Սա ավելի ուժեղ հրամայական է դառնում Իրան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս նոր հանգրվանը ռեգիոնում և աշխարհում ամրապնդել է երկու երկրների դիրքորոշումներն ու դիրքավորումները, որի ցուցիչը նաև վերոնշյալ այցն է։
«Սակայն ԻԻՀ ԱԳ նախարարության ներկայացուցիչը բազմիցս հայտարարել է ու հայտարարում է Իրանի դիրքորոշումը ռեգիոնալ կոմունիկացիաների հարցում, անփոփոխ է։ Ամիսներ առաջ որոշակի թյուրըմբռնում առաջացավ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում այդ ճանապարհի շուրջ։ Կարծում եմ՝ Իրանի դիրքորոշումները հասկանալի են բոլոր գործընկերների համար»,- նկատեց նա։