Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է օկուպացված Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը: Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Նախորդ դատական նիստում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուս ղեկավարների գործին և քննել միասին, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։

Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական ​​գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Նշենք, որ շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Տեսանյութեր

Լրահոս