Հայե՛ր, Փաշինյանը չգիտի՝ որն է ձեր ազգային շահը. ԵՄ-ն «քայլող հանգուցյալ» է, թշնամիներ մի՛ ստեղծեք, ԱՄՆ-ն ձեզ չի փրկելու, Վաշինգտոնը կենտրոնացած է բացառապես մեկ ուղղությամբ՝ Իսրայել, Իսրայել, Իսրայել…

168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման շրջանակում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը և լրագրող Ռազմիկ Մարտիրոսյանը զրուցել են ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգորի (Colonel Douglas A. MacGregor) և տնտեսագետ, բիզնես մենեջմենթի խորհրդատու և Հայկական գիտաշխատողների համագումարի գիտաշխատող Քրիստինե Առաքելյանի (Christine Arakelian) հետ:

Ռազմիկ Մարտիրոսյան.- Բարի գալուստ «168 ժամ», այսօր դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ առցանց կապով կզրուցենք ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ, «Մեր երկիրը, մեր ընտրությունը» ընկերության գործադիր տնօրեն և պաշտպանության նախարարի նախկին ավագ խորհրդական (Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում) Դուգլաս ՄաքԳրեգորի հետ: Մեզ է միացել նաև Քրիստինա Առաքելյանը՝ Հայաստանի կրթաթոշակառուների ընկերության տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ավագ խորհրդատու և գիտաշխատող:

Մեր վերջին զրույցից ի վեր տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել տարածաշրջանում, Հայաստանում և հայ-ամերիկյան հարաբերություններում։ Հայաստանում հատկապես արդիական թեմա է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը։ Հայաստանում իշխանությունները և իշխանամետ շրջանակները խանդավառությամբ քննարկում են այդ կանոնադրությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը կարող է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին։ Սակայն ստորագրված փաստաթղթի՝ կանոնադրության մեջ այդ մասին հիշատակում չկա։ Ի՞նչ կարծիքի եք ստորագրված այս կանոնադրության մասին: Հնարավոր ի՞նչ օգուտներ կարող է այն տալ Հայաստանին։

Գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգոր.- Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին այդ կանոնադրության փաստաթուղթը հիմնականում խորհրդանշական բնույթ է կրում։ Դա «ջերմ և մշուշոտ» փաստաթուղթ է, որը լի է բարի կամքի անորոշ արտահայտություններով, բայց չունի որևէ իրական բովանդակություն, հատկապես՝ անվտանգության տեսանկյունից: Այն չի տալիս ռազմավարական որևէ երաշխիք կամ որևէ ազդակ, որը հնարավոր ճգնաժամերի դեպքում Միացյալ Նահանգներին կպարտադրի օգնության հասնել Հայաստանին, ինչը, իմ տպավորությամբ, հայկական պատվիրակության նպատակն էր: Կարծում եմ՝ սա լսող յուրաքանչյուր հայ պետք է հիշի այս մասին և համապատասխանաբար գնահատի ստորագրված այդ փաստաթուղթը:

Քրիստինա Առաքելյան.- Անկեղծ ասած, Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված փաստաթուղթը բացարձակապես անիմաստ թուղթ է։ Այն նույնիսկ պայմանագիր կամ համաձայնագիր չէ, այն հազիվ կրում է զուտ խորհրդատվական բնույթ և չի պարունակում կատարման համար պարտադիր որևէ պարտավորություն:

Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այս պահին տարածաշրջանում իր ազգային շահերը հստակեցնելու անկարողությունն է։ Որո՞նք են Հայաստանի շահերը Կովկասում և Կենտրոնական Ասիայում, բացի «Խաղաղության խաչմերուկից», որը, ի դեպ, ոչ ոք չգիտի՝ ինչ է նշանակում:

Մենք բազմիցս լսել ենք «Խաղաղության խաչմերուկ» արտահայտությունը, բայց իրականում ոչ ոք չգիտի՝ ինչ է այն նշանակում, միայն գիտենք, որ այն խաղաղության օգտին է: Դա նման է «Ես սիրում եմ ծաղիկներ» կամ «ես նախընտրում եմ կապույտը» ասելուն: Ես չգիտեմ՝ ինչ է դա նշանակում: Սա ռազմավարական տեսլական չէ։

Հայաստանը պետք է խոսի ազգային շահերի լեզվով: Օրինակ՝ Թրամփի վարչակազմը, կամ ԱՄՆ-ի ցանկացած այլ վարչակազմ աշխատում է երկրների հետ՝ ելնելով նրանց հստակ ձևակերպված ազգային շահերից: Եթե Հայաստանը չի կարող աշխատել ԱՄՆ-ի հետ այդ գաղափարների շուրջ և ցանկանում է խոսել մշուշոտ, անորոշ գաղափարների մասին, ինչպիսիք են «Խաղաղության խաչմերուկը» կամ խորհրդանշական համաձայնագրերը, ապա կարող է բաց թողնել կարևորագույն հնարավորություններ։

Փաշինյանի վարչակազմի մոտեցումը հակասական է։ Մի կողմից՝ Փաշինյանը խոսում է «իրական Հայաստան» ստեղծելու անհրաժեշտության մասին և հայերին կոչ անում լինել պրագմատիկ, մյուս կողմից՝ նրա վարչակազմը չկարողացավ հստակ ձևակերպել, թե որոնք են Հայաստանի իրական շահերը տարածաշրջանում։

Եթե նա իսկապես «իրական Հայաստանի» մասին խոսեր, որն ունի իրական շահեր, մարդիկ կհասկանային՝ ինչ է դա նշանակում: Որո՞նք են ԱՄՆ այն շահերը, որոնք կարևոր են լինելու Թրամփի հաջորդ վարչակազմի օրոք: Թրամփի հաջորդ վարչակազմի առաջնահերթություններից մեկը, ամենայն հավանականությամբ, կլինի Չինաստանին հակազդելը: Ինչպե՞ս Հայաստանը կարող էր դիրքավորվել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությունում:

Իմ և հայկական սփյուռքի մյուս անդամների կողմից Հայաստանի և տարածաշրջանի մյուս կառավարություններին ներկայացվել է «Հայաստան-Եգիպտոս-Հնդկաստան ցամաքային միջանցք» ընդհանուր անվանումով պլանը։ Այս հայեցակարգը ենթադրում է Հայաստանի աշխարհագրական դիրքի օգտագործում և Սյունիքի զարգացում՝ որպես տրանսպորտային առանցքային հանգույց:

Թուրքիայի աճող գերիշխանությունը գնալով ավելի է սպառնում տարածաշրջանի բազմաթիվ երկրներին։ Եթե լսեք, թե ինչպես են Թուրքիան և Էրդողանը խոսում Սիրիայում իրենց հաջողության մասին, նրանք բացահայտ ասում են, որ պետք է վերցնեին Հալեպի և Դամասկոսի նման տարածքներն Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Պարզ է, թե ուր է տանում Թուրքիան նման հռետորաբանությամբ, և դա լուրջ մտահոգություն է առաջացնում։

Թուրքիան տնտեսապես կապված է Չինաստանի հետ, ինչը Թուրքիային դնում է ԱՄՆ-ի հետ հակասության մեջ։ Հայաստանը կարող էր դրանից օգուտ քաղել, և ոչ թե խոսեր ամորֆ բաների մասին, ինչպիսին «Խաղաղության խաչմերուկ» կոչվածն է, որը, ոչ ոք չգիտի՝ ինչ է նշանակում, այլ աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱՄՆ-ը մի քանի առանցքային շահեր ունի տարածաշրջանում:

1. Հակազդել Չինաստանի ազդեցությանը և ամրապնդել կապերը Հնդկաստանի հետ:

2. Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական հեգեմոնիայի կանխարգելում և Թուրքիայի, Հունաստանի և Իսրայելի մասնակցությամբ հակամարտությունների կանխարգելում:

3. Ապահովել մատակարարման կարևոր շղթաների անվտանգությունը, ներառյալ՝ ակտիվ դեղագործական բաղադրիչները (APIs) և հազվագյուտ հողային օգտակար հանածոները:

Եթե Հայաստանը չկարողանա հստակ ձևակերպել իր նպատակներն ԱՄՆ-ի առաջնահերթություններին համապատասխանության առումով, ապա նրա համար դժվար կլինի նշանակալի համաձայնությունների հասնել Միացյալ Նահանգների հետ:

Գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգոր.- Կցանկանայի ավելացնել մի կարևոր կետ, որը պետք է հասկանալի լինի հայ դիվանագետներին։ ԱՄՆ-ի հանձնառությունն Իսրայելի և նրա շահերի նկատմամբ ներկայիս վարչակազմի օրոք աննախադեպ է, դրված է շատ բարձր մակարդակի վրա: Այդ միտումը սկսվեց Բայդենի օրոք: Այս քաղաքականությունն իրականացնող ուժերը միայն ուժեղացան և հիմա ավելի ուժեղ են, քան Բայդենի օրոք:

Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իսրայելի անվտանգությունն ու նրա գերիշխանությունը Մերձավոր Արևելքում վեր դասել ամեն ինչից նույնիսկ ուրիշների հաշվին: Սա նշանակում է, որ մյուսները կզոհաբերվեն Իսրայելի շահերին: Ուկրաինան դրա վառ օրինակն է։

ԱՄՆ-ը աստիճանաբար դուրս է գալիս գործողությունից, որն ավարտվել է անհաջողությամբ։ Վաշինգտոնը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնել, ուստի Ուկրաինան դուրս է մնում ԱՄՆ հետաքրքրությունների առաջնահերթություններից, քանի որ ուշադրությունն ամբողջությամբ տեղափոխվում է Մերձավոր Արևելք:

Մերձավոր Արևելքը բարդ տարածաշրջան է, որտեղ կարելի է արագ խրվել և երբեք դուրս չգալ: Իսրայելի նկատմամբ նման ուշադրությունն անուղղակիորեն ազդում է նաև Չինաստանի վրա։ Նավթի հոսքերի վերահսկողությունը, որը կենսական նշանակություն ունի Չինաստանի տնտեսության համար, կարևոր պատճառ է, որ ԱՄՆ-ը աջակցում է Իսրայելի գերիշխող դիրքին:

Հայաստանի համար սա կարևոր հարց է բարձրացնում՝ ինչի՞ վրա է կենտրոնացած ԱՄՆ-ի ուշադրությունը։ Այս պահին այն կենտրոնացած է Իսրայելի վրա։ Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի հարևանների համար։

Հայաստանի կողքին կան պետություններ, որոնք սերտորեն կապված են Իսրայելի հետ։ Այս հարցի պատասխանը բացահայտում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները:

Քրիստինա Առաքելյան.- Եկեք անկեղծ լինենք. Իսրայելն ու Ադրբեջանը սերտ դաշնակիցներ են։ Իրականում Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին շրջանում համարձակ հայտարարություններ է անում։ Ի թիվս այլ բաների, նա Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն», ինչը նրա շուրթերից հեգնական է հնչում։ Բայց որ ավելի կարևոր է, նա հաստատեց Ադրբեջանի շահագրգռվածությունը «Զանգեզուրի միջանցքի» հարցում և նշեց, որ Թրամփի առաջին վարչակազմն ադրբեջանամետ էր: Նա քննադատել է Բայդենին Հայաստանին ավելի շատ սատարելու համար և հույս հայտնել, որ Թրամփի երկրորդ նախագահության շրջանում Ադրբեջանի շահերն ավելի առաջնային կլինեն, քան Հայաստանի շահերը:

Մինչ Հայաստանը, ըստ էության, անիմաստ համաձայնագիր է ստորագրում Միացյալ Նահանգների հետ, Ադրբեջանն Ալիևի օրոք վերահաստատում է ռազմավարական առաջնահերթությունները, որոնք համապատասխանում են ԱՄՆ շահերին: Դրանք ներառում են «Զանգեզուրի միջանցքը» և Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերը։

Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն սկսվի, Միացյալ Նահանգները դժվար թե կանգնի Հայաստանի կողքին, քանի որ Հայաստանը չի կարողացել ձևակերպել որևէ առանցքային շահ, որը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար:

Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանն ավելի ակտիվ լոբբիստական ջանքեր են գործադրում Վաշինգտոնում, ինչը նրանց ավելի մեծ հասանելիություն և ազդեցություն է տալիս ԱՄՆ վարչակազմում: Օրինակ՝ ԱՄՆ-ն արդեն դեսպան է նշանակել Թուրքիայում, բայց ոչ Հայաստանում։ Սա ակնհայտորեն վկայում է արտոնյալ ռեժիմի մասին և ցույց է տալիս Հայաստանի ավելի թույլ դիրքը։

Հայաստանը նույնպես պետք է վերանայի իր մոտեցումն Իսրայելի նկատմամբ։ Չնայած որոշ տարածաշրջանային խաղացողներ, ինչպիսին է Եգիպտոսը, թշնամաբար չեն տրամադրված Իսրայելի նկատմամբ, նրանք ձգտում են հավասարակշռություն հաստատել տարածաշրջանում: Եգիպտոսի դերը, որը հաճախ թերագնահատվում է, կարող է առանցքային լինել թուրքական հեգեմոնիային հակազդելու գործում: Եգիպտոսի հետ հարաբերությունների հաստատումը կարող է օգնել Հայաստանին որոշակի հավասարակշռություն ձեռք բերել և առաջիկա տարիներին ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: 

Արթուր Խաչիկյան.- Եկեք անդրադառնանք բուն համաձայնագրին։ Կա հիշատակում հայ սպաների ռազմական պատրաստության մասին և որոշ խոսակցություններ սահմանի ամրապնդման մասին, ինչը նորմալ է։ Սակայն ոչ մի անվտանգության երաշխիք, ոչ մի հիշատակում ռազմական դաշինքի մասին չկա և ոչ մի պարտավորություն այն մասին, որ ԱՄՆ-ը կմիջամտի, եթե Հայաստանը հարձակման ենթարկվի։

ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չի քննարկվում, Հայաստանում ԱՄՆ ռազմաբազա տեղակայելու պլաններ չկան, և տարածաշրջանում որևէ ռազմաբազա տեղակայելու ցուցումներ չկան: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ը ունի շուրջ 750 ռազմաբազա 80 երկրներում, Սակայն Հայաստանը բացակայում է այդ ցանկում։

Համաձայնագիրը Հայաստանում ներկայացվել է՝ որպես խոշոր ռազմավարական ձեռքբերում, սակայն իրականում այն բովանդակային առումով չի կարող համեմատվել այն հաստատուն պարտավորությունների հետ, որոնք ԱՄՆ-ը ստանձնել է այնպիսի դաշնակիցների առաջ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի անդամները, Իսրայելը կամ նույնիսկ Թայվանը, որտեղ նախագահ Բայդենն աջակցության բանավոր խոստումներ է տվել: Այս համաձայնագիրը Հայաստանին անվտանգության շոշափելի երաշխիքներ չի տալիս: Դա, ինչպես ասում է գնդապետ Մաքգրեգորը, «տաք և փափուկ» փաստաթուղթ է, որը քիչ գործնական արժեք ունի։

Հիմնվելով գնդապետ Մաքգրեգորի և Քրիստինեի ասածների վրա՝ Իսրայելը վճռորոշ դեր է խաղալու ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ Իսրայելի մերձավոր դաշնակիցը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ԱՄՆ-ի ևս մեկ առանցքային դաշնակիցն է: Եթե Հայաստանը բախվի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական սպառնալիքի, ապա, ըստ էության, կլինի բախում ԱՄՆ-ի հետ սերտ կապեր ունեցող երկու երկրների ագրեսիային: Կարևոր հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ը, եթե սպառնալիքի աղբյուր դառնան նրա երկու մերձավոր դաշնակիցները։

Այս իրավիճակն էլ ավելի է բարդանում, եթե հաշվի առնենք Հայաստանի վերջին ռազմավարական որոշումները։ Ամերիկյան զորքերին իր սահմանների մոտ հրավիրելով, հատկապես Իրանի մոտ, Հայաստանը զգալիորեն զայրացրել է՝ ինչպես Իրանին, այնպես էլ՝ Ռուսաստանին։ Այս երկու երկրներն արդեն հայտնել են իրենց դժգոհությունը և զգուշացրել հնարավոր հետևանքների մասին։ Ըստ էության, Հայաստանը երկու հակառակորդներից՝ Ադրբեջանից և Թուրքիայից բացի, իր համար ստեղծում է ևս երկուսը: Դժվար թե արժե տոնել այս իրադարձությունը:

Քրիստինե Առաքելյան.– Թույլ տվեք մի բան ավելացնել, մասնավորապես, վարչապետ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին կառավարության որոշման վերաբերյալ: ԵՄ-ն, այնպես, ինչպես այսօր գոյություն ունի, անկում է ապրում։ ՆԱՏՕ-ին անդամակցե՞լ… Այն արդեն չափազանց ընդլայնված է, և առաջիկա տարիներին նրա պարտավորություններից շատերը պետք է վերանայվեն: Այժմ մենք կարող ենք քննարկել դա:

Գնդապետ Մաքգրեգորը կարող է այլ տեսակետ ունենալ: Բայց եկեք նայենք Եվրոպայում ավելի լայն միտումներին: ԵՄ-ն քաղաքական փոփոխությունների է ենթարկվում: Ավստրիայում ձևավորվում է ազգայնական կառավարություն, որը ոմանք կարող են անվանել «ծայրահեղ աջ». միտում, որն արտացոլվում է Հունգարիայում, Սլովակիայում և Խորվաթիայում: Նույնիսկ արևմտաեվրոպական ավանդաբար լիբերալ երկրներում քաղաքական կայունությունն անվստահելի է։

Օրինակ, Մեծ Բրիտանիայում Սթարմերը հավանության ցածր վարկանիշ ունի, Մարին Լը Պենը մեծ թափ է հավաքում Ֆրանսիայում, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունն աճ է գրանցում Գերմանիայում: Չնայած «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը կարող է չհաղթել հաջորդ ընտրություններում, նրանց հաջողությունը վկայում է զգալի փոփոխությունների մասին: Բանն այն է, որ ազգայնականությունն աճում է ամբողջ աշխարհում, և Հայաստանը չի համապատասխանում այդ միտումներին։

Այն ժամանակ, երբ Հայաստանը քվեարկություն անցկացնի ԵՄ անդամակցության հարցի շուրջ, ԵՄ-ն ինքը բոլորովին այլ տեսք կունենա։ Դաշինքում ներքին տարաձայնությունները խորանում են։ Օրինակ՝ Ռումինիայի նման երկրները բախվում են ընտրությունների օրինականության հետ կապված խնդիրների, իսկ Սլովակիայի նման երկրներն էներգակիրների համար 4 անգամ ավելի բարձր գին են վճարում, քանի որ չեն կարողանում ներմուծել ռուսական ավելի էժան նավթ և գազ:

Մոլդովան ևս վառ օրինակ է. նրա գազամատակարարումը դադարեցվել է, ինչը հանգեցրել է ճգնաժամի։ Ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ: Մենք խոսում ենք Ուկրաինային երաշխիքներ տալու մասին, բայց Լեհաստանի կառավարությունն արգելափակում է Ուկրաինայի տնտեսական ինտեգրման հնարավորությունն Արևմուտքին, որովհետև չեն ցանկանում մրցակցել: Ի՞նչ են նրանք իրականում առաջարկում Ուկրաինային՝ ոչի՛նչ:

Արթուր Խաչիկյան.- Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ընդամենը PR՝ քարոզչական քայլի է նման։ ԵՄ-ին անդամակցելու հնարավորության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում: Արդյո՞ք Հայաստանն իրական հասանելիություն կստանա ԵՄ շուկաներին իր գյուղատնտեսական արտադրանքի համար: Արդյո՞ք նրա խորհրդանշական կոնյակը, որն այժմ կոչվում է brandy, պահանջարկ կունենա Եվրոպական վաճառասեղաններում:

Հայաստանը կարծես թե հայտնվել է անտեղի առաջնահերթությունների շրջապտույտի մեջ՝ հետևելով միտումների և դաշինքների, որոնք չեն համապատասխանում իր տարածաշրջանային իրողություններին կամ գլոբալ փոփոխություններին: Այս անհամապատասխանությունը Հայաստանը դարձնում է խոցելի և չունի հստակ, կայուն առաջ տանող ճանապարհ։

Գնդապետ, հաշվի առնելով ձեր փորձը, կարծում եք՝ ԵՄ երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, իր խանութների դարակներից մաքրելո՞ւ է Beaujolais, Bordeaux և Saint-Émilion գինիները, կամ՝ Իտալիան իր Montepulciano և Chianti գինիները՝ հայկական արտադրանքի համար տեղ բացելու համար: Ինչպե՞ս է գործում ԵՄ շուկան այս համատեքստում: Կան քվոտաներ, որոնք յուրաքանչյուր երկիր պարտավոր է պահպանել:

Գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգոր.– ԵՄ անդամ պետությունները բարդ պայմանագրեր են կնքում՝ իրենց տնտեսությունը պաշտպանելու և հավասարակշռությունը պահպանելու համար:

Դուք կարևոր հարց եք բարձրացնում: Նախ՝ ազգայնականությունը աճում է ամենուր: Գլոբալիստները, որոնք վերահսկում էին ԵՄ-ն և որոշ չափով՝ ՆԱՏՕ-ն, ջախջախիչ պարտություն կրեցին։ Ցանկացած երկրի երկու ամենահիմնական կարիքներն են անվտանգությունն ու բարգավաճումը: Ի՞նչ տվեցին դրա դիմաց՝ անկայունություն և տնտեսական անկում: ԵՄ-ն իր ներկայիս տեսքով «քայլող հանգուցյալ» է: Այս առնչությամբ հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը պետք է ընդհանրապես դիտարկի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այդ միտումները։

ԵՄ-ն ունի քվոտաների համակարգ, և շուկաներ մուտք գործելն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Հայկական արտահանմամբ ֆրանսիական, իտալական կամ իսպանական պաշտամունքային ապրանքների դուրսմղման գաղափարը ներկայիս համակարգում չափազանցված է։ Հայաստանը պետք է լավ մտածի մի կազմակերպության միանալու մասին, որը կորցնում է համախմբվածությունը։ Նայեք ԵՄ երկրներին՝ Ավստրիային, Հունգարիային և, հնարավոր է, Գերմանիային, որտեղ աճում է ազգայնականությունը: Այս պետություններն ավելի ու ավելի են հիասթափվում ԵՄ կենտրոնացվածությունից, հատկապես՝ Գերմանիան, որը զգում է, որ ֆինանսական բեռ է կրում բոլորի համար:

Գերմանիան, օրինակ, հոգնել է Եվրոպայում «կթու կովի» դերից և իր անցյալի համար անընդհատ «ներողություն» խնդրելուց: Արդյո՞ք Գերմանիան այն ուղղությունն է, որի վրա պետք է Հայաստանը կենտրոնանա: Պատմականորեն այնպես է ստացվել, որ Գերմանիան սերտ կապեր է ունեցել Իրանի հետ և դեմ է եղել Մերձավոր Արևելքում հակամարտությունների սրմանն ուղղված քաղաքականությանը: Բայց դա չի նշանակում, որ գերմանացիներն ատում են թուրքերին: Հայերը կարող են մտածել երկկողմ հարաբերությունների զարգացման մասին այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Ավստրիան, քանի որ այդ երկրները, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ անկախության կհասնեն ԵՄ-ի շրջանակներում կամ նույնիսկ նրա սահմաններից դուրս:

Բայց ավելի առաջնային խնդիր է այն, թե ինչ եք դուք անում Թուրքիայի հարցի հետ: Մասնավորապես, ի՞նչ կարելի է անել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սպառնալիքների հետ կապված, հատկապես «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններում երկու պետությունների դինամիկայի առումով: Դուք չեք կարող հաղթել նրանց, եթե որոշեն անել այն, ինչ ցանկանում են անել: Դա հստակ է: Միացյալ Նահանգները, չնայած Հայաստանի հետ իր վերջին համաձայնություններին, չի կարող արագ և արդյունավետ միջամտել նման սցենարին: Ո՞վ կարող է օժանդակել և ինչ-որ բան անել ձեզ համար այն պահին, երբ Իրանը մտահոգված է սեփական խնդիրներով և պատրաստվում է նրան, ինչը համարում է անխուսափելի հակամարտություն, որում, հավանաբար, կներգրավվի Իսրայելը:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, այսպես կոչված, հրադադարի մասին համաձայնագիրը կրում է բացառապես ժամանակավոր բնույթ: Ոմանք կանխատեսում են, որ դա կարող է տևել վեց շաբաթ, բայց դա պարզապես դադար է: Իսրայելի գլխավոր նպատակը մնում է Իրանի ոչնչացումը, և Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ այդ հարցում: Երբ Թրամփը ստանձնի նախագահի պարտականությունները, ես կզարմանամ, եթե մենք կարճ ժամանակ անց չհայտնվենք Իրանի հետ պատերազմի մեջ: Դրա հիմքում ընկած ենթադրությունները մտահոգիչ են, քանի որ Վաշինգտոնը հաճախ կարծում է, որ ռազմական գործողությունները կլինեն կարճ, վճռական և արդյունավետ: Այնուամենայնիվ, դրանք իրականում հակված են լինել երկարատև, անվճռական և անիրագործելի: Ես հավատում եմ, որ դա հենց այն է, ինչ տեղի կունենա: Մենք կհամագործակցենք Իսրայելի հետ՝ ընդդեմ Իրանի:

Այսպիսով, ի՞նչ է անելու Հայաստանը, երբ դա տեղի ունենա, որովհետև անկասկած Ադրբեջանն Իրանի դեմ հարձակման հարթակ կտրամադրի: Այս իրավիճակը նույնպես պետք է դիտարկել Ռուսաստանի ազգային շահերի լույսի ներքո։ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանը ոչնչացվի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:

Սա հող է ստեղծում շատ ավելի մասշտաբային առճակատման համար, ինչը Վաշինգտոնում շատերը մինչև վերջ չեն հասկանում։ Այդ առճակատումը շատ հավանական է։ Ռուսաստանի թիկունքում կանգնած է Չինաստանը, որն այս տարածաշրջանում շատ հետաքրքրություններ ունի։ Մենք չպետք է նաև անտեսենք Հնդկաստանը: Չնայած ես չեմ ակնկալում, որ Հնդկաստանի զինված ուժերը կողք կողքի կպայքարեն Իրանի հետ, բայց հարկ է նշել, որ Հնդկաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին շրջանում խնդրահարույց են դարձել:

Ես շոկի ենթարկվեցի, երբ Քրիստինի հետ զրույցում իմացա, որ Հնդկաստանը ներկայումս ԱՄՆ-ում դեսպան չունի: Երբ այդ մասին հարցրի հնդիկ գործընկերոջս, նա ասաց, որ ոչ ոք իմաստ չի տեսնում դեսպան ունենալու մեջ, ուստի նրանք նրան չեն փոխարինել: Հաշվի առնելով Հնդկաստանի չափը, դա մտահոգիչ է: Սա մատնանշում է ավելի լուրջ խնդիր. Արևմուտքը հաճախ ամեն ինչ դիտարկում է սեփական իշխանության և ազդեցության պրիզմայով։ Մենք ի վիճակի չենք ընդունել, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը, վերադառնում են համաշխարհային ասպարեզ՝ որպես հզոր ուժեր, որոնց արմատները շատ ավելի հին քաղաքակրթություններ են, քան մեր սեփականը: Փոխանակ նրանց վերաբերվելու որպես ունակ և հասուն գլոբալ խաղացողների, մենք հակված ենք անտեսել, նսեմացնել կամ խաթարել նրանց հեղինակությունը:

Այս բոլոր գործոնները որոշակի դեր են խաղում Հայաստանում ստեղծված իրավիճակում։ Հայաստանը պետք է զգույշ կողմնորոշվի այս բարդ պայմաններում։ Խնդիրը բարդ է, և հեշտ պատասխան չկա: Բայց հիմնական ռազմավարություններից մեկը «թշնամիների տնտեսությունն է»: Սա նշանակում է հետևյալը. մի՛ ստեղծեք թշնամիներ, որոնք ձեզ հարկավոր չեն, և ձգտեք հարաբերություններ կառուցել այնտեղ, որտեղ կարող եք: Եթե հաջողվի փոխզիջման հասնել միջանցքի վերաբերյալ, որը թույլ կտա ապրանքներին շարժվել դեպի արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ, ապա Հայաստանը պետք է ձգտի դրան։ Ես հույս չունեմ, որ Միացյալ Նահանգները կմիջամտի կամ լուծում կառաջարկի։

Պատմության մասին մտածելիս ես հաճախ եմ նշում 1939 թվականի աղետը։ Այդ ժամանակ նացիստական Գերմանիան Լեհաստանին առաջարկեց բավականին բարենպաստ պայմաններ՝ ցանկանալով դաշինք կնքել, հատկապես այն պատճառով, որ Լեհաստանը կարևոր էր համարվում Եվրոպայի ապագայի և բոլշևիկյան Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու համար: Այնուամենայնիվ, Լեհաստանը սխալ է թույլ տվել՝ աջակցություն խնդրելով Մեծ Բրիտանիայից, և մենք բոլորս գիտենք, թե ինչպես դա ավարտվեց: Դրանից ոչինչ չի ստացվել։ Դա աղետ էր Լեհաստանի և, ի վերջո, Եվրոպայի համար, իսկ երբ պատերազմն ավարտվեց, դա աղետալի էր Գերմանիայի համար:

Այստեղ դասը սպասելիքները կառավարելն է: Հայաստանը պետք է փոխզիջում փնտրի, որքան էլ այն անհրապույր թվա, բայց գոնե կապահովի ձեր ինքնիշխանությունն ու անկախությունը:

Արթուր Խաչիկյան.Գնդապետ, ես գիտեմ, որ դուք պատմության մեծ երկրպագու եք, և ես սիրում եմ ձեր բերած պատմական անալոգները: Ես կարծում եմ, որ Հայաստանը, շատ ավելի փոքր մասշտաբներով, այժմ գտնվում է այնպիսի իրավիճակում, ինչպիսին Ֆրանսիան է միջպատերազմյան շրջանում։ Այն ժամանակ Ֆրանսիան երաշխիքներ էր խնդրում իր արևելյան սահմանի համար, սակայն ԱՄՆ-ը և Անգլիան ստանձնել էին նախնական պարտավորություններ, այնուհետև խախտել դրանք։ Ֆրանսիան կրկին դեմ է արտահայտվել Գերմանիային: Դա բոլորովին նույնը չէ, բայց ինչ-որ չափով համեմատելի է Քելոգ-Բրիանի ավելի ուշ դաշնագրի և Փարիզի հաշտության պայմանագրի հետ: Հիմա վերադառնանք ձեզ, Քրիստին և Ռազմիկ:

Քրիստինե Առաքելյան.- Ես պարզապես ուզում եմ անդրադառնալ Հնդկաստանի վերաբերյալ գնդապետի դիտողություններից մեկին: ԱՄՆ-ը շատ սխալներ է թույլ տվել, երբ խոսքը վերաբերում է Հնդկաստանին: Դրանցից մեկը, որ ես նշեցի, երբ մենք մեկ-երկու շաբաթ առաջ հանդիպեցինք գնդապետի հետ, Adani Group-ի գործադիր տնօրենին ուղղված մեղադրանքն էր: Adani Group-ը, ըստ էության, պետական ձեռնարկություն է, գուցե ոչ պաշտոնական, բայց այն շատ սերտ կապեր ունի կառավարության հետ: Այսպիսով, ի՞նչ է Adani Group-ը: Նրանք ունեն բազմաթիվ նավահանգիստներ և գործարքներ են կնքում ամբողջ աշխարհում: Այն բաներից մեկը, որ նրանք անում են, Չինաստանի, այսպես կոչված, «մարգարիտների շարանին» հակազդելն է, որը Չինաստանի ռազմավարությունն է նավահանգիստները վերահսկելու համար, ներառյալ՝ Պակիստանը: Ի՞նչ է անում ԱՄՆ-ը. Adani Group-ի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։

SEC-ը նրան մեղադրել է արժեթղթերի խարդախության մեջ: Միևնույն ժամանակ, Քենիան չեղյալ է հայտարարել Adani Group-ի նավահանգիստների հետ գործարքներից մեկը, ինչը հարված է Հնդկաստանի համար: Բացի այդ, ԱՄՆ-ը ակնարկել է Իրանի վրա հարձակումների մասին, թեև դեռևս բացահայտ չի խոսում այդ մասին, սակայն Իսրայելը բավականին բացահայտ հայտարարում է Իրանի դեմ գործողությունների իր ծրագրերի մասին: Մինչդեռ Իրանն ու Հնդկաստանը ձգտում են գործարք կնքել Չաբահար նավահանգստի շուրջ։ Այս նավահանգիստը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի առևտրի համար, քանի որ այն ապահովում է ազատ առևտրի և համաշխարհային շուկայի հասանելիությունը: Ահա թե իրականում ինչպես կարող է զարգանալ «խաղաղության խաչմերուկ»-ը: Այս պահին Հնդկաստանի շահերը ծայրահեղ սպառնալիքի տակ են, և ակնհայտորեն, նրանք պարզապես ձեռքները ծալած չեն նստի, երբ ԱՄՆ-ը կամ Իսրայելը հարձակվեն Իրանի վրա, իսկ այս պահին դա ժամանակի հարց է, այլ ոչ թե «եթե»-ների, Հնդկաստանն անմիջապես չի գործի, բայց նրանք, իհարկե, չեն նստի ու նայի, թե ինչպես է Իրանը ոչնչացվում: Իրանը հնագույն քաղաքակրթություն է, և գլոբալ հարավն այս իրավիճակին այլ կերպ է նայում: Հնդկաստանը՝ աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը, որը շուտով կդառնա չորրորդը, տեսնում է, որ արևմտյան տերությունները փորձում են ճնշել իրենց շահերը պաշտպանելու կարողությունը: Հնդկաստանի համար դա սկզբունքորեն անընդունելի է։

Մարդիկ չպետք է մտածեն Իրանի մասին՝ պարզապես որպես մոլլաներով վտարանդի պետություն։ Իրանը կարևոր դաշնակիցներ ունի, այդ թվում՝ Հնդկաստանը, որը Իրանին դիտարկում է՝ որպես առանցքային ռազմավարական գործընկեր: Հայաստանը պետք է հաշվի առնի դա։ Բայց հետո դուք պետք է հարցնեք ինքներդ ձեզ՝ լավ, Հնդկաստանին անհրաժեշտ է ցամաքային միջանցք, որը կապված չէ Չինաստանի հետ, Թուրքիան, ցավոք, աջակցում է Չինաստանին. Այսպիսով, Թուրքիայի, Պակիստանի և Չինաստանի ազդեցությանը հակազդելու համար անհրաժեշտ է լուծում։ Սակայն խնդիրն այստեղ չի ավարտվում, քանի որ Թուրքիան ամրապնդում է իր ազդեցությունը՝ ինչպես ցամաքում, այնպես էլ՝ ծովում, հատկապես Արևելյան Միջերկրական ծովում: Այս խնդիրը լուծելու համար մեզ ավելի լայն լուծում է պետք, և դուք պետք է կենտրոնանաք այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Եգիպտոսը, Կիպրոսը և Հունաստանը: Դրանք այն երկրներն են, որոնք կարող են օգնել:

Այժմ ամենամեծ խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի կարողանա ապահովել Սյունիքի անվտանգությունը: Նրանք չափազանց ծանրաբեռնված են այլ պարտավորություններով: Եթե կամ երբ Իրանը հարձակման ենթարկվի, Ռուսաստանը ստիպված կլինի որոշակի դիրք գրավել: Հարց պետք է տաք՝ իսկ ուրիշ ո՞վ կարող է օգնել այս տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Ես կարող եմ նշել միայն մեկ երկիր, որը կարող է հետաքրքրված լինել դրանով. Եգիպտոսը, եթե միայն Հնդկաստանը չհամաձայնի մասնակցել, բայց Հնդկաստանի պարտավորությունները Հայաստանի հանդեպ մինչ այժմ անորոշ են սահմանվել: Եվ, անկեղծ ասած, ինձ ասում էին, որ Հնդկաստանը շատ հիասթափված է Հայաստանից, քանի որ Հայաստանը հստակ չի որոշել իր շահերը կամ առաջ շարժվելու ուղին: Ինձ տեղեկացրեցին, որ երբ Հնդկաստանը հայտարարեց Իրանի հետ Չաբահար նավահանգստում գործարք կնքելու մասին, իրենք գործնականում աղաչում էին Հայաստանի կառավարությանն իրենց ներդրումն ունենալ, բայց չստացան: Հայաստանի նկատմամբ աճող դժգոհություն կա, որը պետք է վերացնել։ Եթե երկրները պատրաստվում են մասնակցել, գուցե ոչ թե Հայաստանի ուղղակի շահի համար, այլ իրենց սեփական, պետք է համոզված լինեն, որ այդ միջանցքը չեզոք կմնա տարածաշրջանի համար:

Գնդապետ Դուգլա ՄաքԳրեգոր.Ցավոք, Քրիստինա, ես տպավորություն ունեմ, որ Հայաստանի մեր ընկերները ձախողել են Չաբահարի միջանցքի կառուցմանը մասնակցելու գործընթացը Վաշինգտոնի պատճառով: Վաշինգտոնը հակված է ամերիկյան շահերին հակասող դիտարկել այն ամենը, ինչ տեղի է ունենում առանց իր մասնակցության և հավանության: Ես կարծում եմ, որ սա է պատճառներից մեկը, որ Հայաստանը քայլ առաջ չձեռնարկեց, չնայած այն հանգամանքին, որ միջանցքն ակնհայտորեն բխում է իր շահերից։

Քրիստինե Առաքելյան.- Իհարկե: Եվ դա այն է, ինչ Փաշինյանը պետք է հաշվի առնի։ Հակասություն կա ոչ թե պատմական, այլ «իրական Հայաստանի» պաշտպանության մասին հայտարարությունների և հասկանալու միջև, թե իրականում ինչպիսին են «իրական Հայաստանի» շահերը: Այդ շահերը հստակ սահմանված չեն նրա կողմից:

Ես նաև ուզում եմ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գնդապետ ՄաքԳրեգորը նշել էր ավելի վաղ Գերմանիայի և ընդհանրապես Եվրոպայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դա իսկապես կարևոր է: Լուրեր են շրջանառվում, որ Ավստրիան և Հունգարիան սերտորեն համագործակցում են կուլիսներում: Պատմականորեն Ավստրո-Հունգարիան զգալի դեր է խաղացել թուրքերին զսպելու գործում, և այժմ Թուրքիան պաշտպանում է իր շահերը Բալկաններում: Այս հարցը դեռ բավականաչափ չի քննարկվել, բայց այն լուրջ խնդիր է դառնում եվրոպացիների և հատկապես Գերմանիայի համար՝ հաշվի առնելով նրանց մտահոգությունները ներգաղթի և Բալկանների վերաբերյալ:

Ի վերջո, Հայաստանը պետք է դիտարկի եվրոպական երկրների հետ համագործակցության հնարավորությունը՝ Բալկաններում թուրքական շահերի համատեքստում: Սա ավելի մեծ աշխարհաքաղաքական լանդշաֆտի մի մասն է, որը Հունաստանի նման երկրներն արդեն դիտարկում են, մանավանդ որ, նրանք Բալկաններում ունեն վաղեմի շահեր, որոնք ներկայումս ամբողջությամբ չեն ճանաչվում:

Ռազմիկ Մարտիրոսյան.Ես կարճ հարց ունեմ. Դուք նշեցիք Եգիպտոսի հնարավոր դերի մասին: Ի՞նչ օգնություն կարող էր տրամադրել Եգիպտոսը Հայաստանին, օրինակ՝ Սյունիքում էսկալացիայի դեպքում:

Քրիստինե Առաքելյան.Այն, ինչի համար ես հանդես եմ եկել վերջին երկու տարիների ընթացքում (թեև հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք շատ ուշ չէ), այն է, որ պետք է ուժերի հավասարակշռություն լինի, նախքան ներդրումներ կատարելը։ Հայաստանը ներդրումների հետ կապված խնդիրներ ունի ոչ միայն Սյունիքում։ Այդ ներդրումներն անվտանգ չեն տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով։ Նույնը տեղի ունեցավ Արցախում։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր ֆինանսավորել են հիվանդանոցները, դպրոցները և այլ նախագծեր. այդ միջոցներն այժմ կորսված են, որովհետև Արցախն այլևս Հայաստանի վերահսկողության տակ չէ: Նույնը վերաբերում է նաև Սյունիքին։

Այլ կերպ ասած, դուք գտնվում եք անելանելի վիճակում։ Դուք պետք է զարգացնեք այս ոլորտները, ձեզ ասում են, որ պետք է զարգացնեք դրանք: Այնուամենայնիվ, դուք չեք կարող ներդրումներ ներգրավել անկայունության պատճառով: Այն, ինչ ես առաջարկել եմ, ռազմավարական գործարք է, համագործակցություն Եգիպտոսի կառավարության և Հայաստանի կառավարության միջև, որի շրջանակներում Եգիպտոսը մասնաբաժին է ձեռք բերում «Զանգեզուրի միջանցքում»: Ինձ դուր չի գալիս «Խաղաղության խաչմերուկ» տերմինը, քանի որ, անկեղծ ասած, ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում: Բայց ես հասկանում եմ, թե ինչ է միջանցքը։ Ես չեմ առաջարկում արտատարածքային միջանցք, որը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Բայց այս տարածաշրջանում կա ուժերի հավասարակշռության խնդիր, որն Արևմուտքը չի լուծի։ Հայաստանն ու Եգիպտոսն ունեն ընդհանուր պատմական շահեր։ Եգիպտոսն ունի Սուեզի ջրանցքի կառավարման փորձ և միջազգային իրավունքի գիտելիքներ։

Եգիպտոսը նաև ամուր կապեր ունի Իսրայելի հետ, որոնք կարող էին հակակշիռ դառնալ Ադրբեջանին։ Դրանք հակակշիռ են ոչ միայն Թուրքիային, այլև Ադրբեջանին: Վերջապես, բայց ոչ պակաս կարևոր, Եգիպտոսին անհրաժեշտ է ցամաքային միջանցք՝ Սուեզի նեղուցում իր ռազմավարական շահերը հավասարակշռելու համար:

Թրամփի վերջին մեկնաբանությունները՝ Պանամայի ջրանցքի վերահսկողության հնարավոր վերականգնման մասին Եգիպտոսում, տագնապով են ընկալվում: Եթե ԱՄՆ-ը փորձի վերսկսել այդ բանակցությունները, ապա Սուեզի ջրանցքը նույնպես կարող է թիրախ դառնալ։ Տարածաշրջանում մարդիկ կգան հետևյալ եզրակացության. եթե դուք պատրաստվում եք բացել Պանդորայի արկղը և վերսկսել հին վեճերը, ապա բանակցությունների սեղանին ամեն ինչ կա, ներառյալ՝ Սուեզի ջրանցքը:

Եգիպտոսը պետք է ավելի լայն հայացք ձգի տարածաշրջանին։ Նրանք արդեն հրապարակավ հայտարարել են, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են իրենց շահերին։ Չնայած դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի այս ամենը, նրանք սպասում են, թե ինչ կլինի: Թրամփը պաշտոնը կստանձնի մի քանի օրից։ Բայց Եգիպտոսը երկարաժամկետ կտրվածքով է մտածում։ Եթե Սիրիան, ի վերջո, վերահսկվի Թուրքիայի կողմից, դա սպառնալիք կդառնա Եգիպտոսի համար մի քանի մակարդակներում:

Հետևաբար, Եգիպտոսը պետք է այլ կերպ դիրքավորվի, ինչպես նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը և Կիպրոսը, որոնց նույնպես սպառնում են այս իրադարձությունները:

Գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգոր.– Քրիստինա, դուք մի քանի շատ կարևոր դիտարկումներ արեցիք։ Ես այստեղ ևս մի քանիսը կավելացնեի: Բոլորը տեսել են Մեծ Իսրայելի քարտեզը, որը Նեթանյահուն ցուցադրել է ՄԱԿ-ում և այլուր։ Այդ քարտեզը ներառում է Սինայը, Եգիպտոսի մի մասը և Սուեզի ջրանցքը: Հիշեք, որ 1956 թվականին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իսրայելը միավորվեցին Սուեզի նեղուցի վրա վերահսկողություն հաստատելու համար: Էյզենհաուերը միջամտեց և ֆինանսական ճնշում գործադրեց նրանց վրա։ Սակայն այդ ձգտումն իրականում այդպես էլ չփոխվեց։ 1973 թվականի պատերազմը փոխեց այս դրույթը, քանի որ Նիքսոնը չէր հավատում, որ ԱՄՆ շահերից է բխում, որ Իսրայելը մշտապես վերահսկի Սուեզի ջրանցքը: Փոխարենը, նա առաջնահերթություն է տվել Եգիպտոսի հետ հարաբերությունների բարելավմանը:

Այն ժամանակ իսրայելցիները որոշեցին, որ ավելի լավ է լավ հարաբերություններ պահպանել Եգիպտոսի հետ, քան պատերազմել նրա հետ: Սակայն այսօր այդ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Որպես օրինակ՝ կարելի է բերել Ֆիլադելֆիայի միջանցքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Եգիպտոսը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ նախագահ Էրդողանը ցանկանում է Եգիպտոսը ներառել իր ավելի ընդարձակ «մահմեդական եղբայրների» կայսրության մեջ: Սակայն Եգիպտոսի ղեկավարությունը կտրականապես դեմ է «Մուսուլման եղբայրների»՝ Եգիպտոսում իշխանության վերադառնալուն։ Եգիպտոսը, բնականաբար, դժկամությամբ է համագործակցում Թուրքիայի հետ: Մյուս կողմից, Եգիպտոսը նաև անկեղծ մտահոգություններ ունի Իսրայելի վերաբերյալ:

Դրա հետ գործ ունենալու համար Եգիպտոսը դիմեց մեզ աջակցության համար, և ի պատասխան՝ մենք նրանց մեծ գումարներ առաջարկեցինք մեզ հետ համագործակցելու համար: Բայց հայտնի չէ, թե որքան ժամանակ դա կշարունակվի: Այսպիսով, ո՞րն է այլընտրանքը Եգիպտոսի համար. Ռուսաստանը:

Եգիպտոսը պատմականորեն լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և դրանք շարունակում են պահպանվել։ Իրավիճակը փոխվում է, բայց դա ընդգծում է հարաբերությունների բարդ համակարգը, որը Քրիստինեն ավելի վաղ նշել էր: ԱՄՆ-ը բարդ իրավիճակում է, քանի որ մենք հստակ ռազմավարություն չունենք, բացի անելուց այն ամենը, ինչ Իսրայելն է ցանկանում: Վաշինգտոնում չկա ռազմավարություն: Խոսում ենք, որ նախագահ Թրամփը վերադառնում է, բայց նա նախկինում չորս տարի եղել է իշխանության ղեկին, և իրականում ինչի՞ է հասել: Քիչ բանի: ԱՄՆ նախագահները բռնապետ չեն. նրանք ստիպված են համագործակցել Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետ, ինչը սահմանափակում է նրանց գործողությունների ազատությունը։ Այսպիսով, եթե Թրամփը վերադառնա և գլխավորի ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակումն Իրանի վրա, որը, կարծում եմ, անխուսափելի է, նա մանևրելու ավելի քիչ հնարավորություններ կունենա: Դա կփոխի իրավիճակը ողջ տարածաշրջանում։

Եվ նորից, վերադառնալով Հայաստանին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը, ինչպե՞ս կարող է նա ստեղծել իր դաշինքները և անհրաժեշտության դեպքում աջակցություն ստանալ: Դուք լսեցիք՝ Եգիպտոսը, Գերմանիան, Ավստրիան, Բալկանները, Հունաստանը, Կիպրոսը, բոլորն էլ երկարաժամկետ հեռանկարի խնդիրներ են, որոնք ոչ մի տեղ չեն գնում: Թուրքիան դժգոհ է Կիպրոսից, և, անկեղծ ասած, իմ տեղեկություններով՝ Թուրքիան հաճույքով կխորտակեր հունական նավատորմը, եթե ունենար այդ հնարավորությունը, և գուցե կարողանար դա անել:

Հույները խորապես հավատում են, որ ԱՄՆ-ը կգա իրենց օգնության, բայց ճշմարտությունն այն է, որ Վաշինգտոնը հուսահատորեն փորձում է խուսափել Թուրքիայի հետ պատերազմից: Սակայն այժմ Թուրքիան սահմանակից է Իսրայելին։ Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Սիրիան անկախ խաղացող է այս ամենում, սխալվում է: Հիմա թուրքերը ցանկանում են վճռականորեն զբաղվել քրդերով, և ես կարծում եմ, որ Հայաստանում բոլորը պետք է ուշադրություն դարձնեն դրան։ Մենք շատ ռեսուրսներ ենք ներդրել քրդերին աջակցելու համար։ Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք պատերազմ սկսել Թուրքիայի հետ՝ քրդերին պաշտպանելու համար։ Կարծում եմ՝ ոչ, ուրեմն՝ ի՞նչ է մնում Հայաստանին։ Դա ստիպում է Հայաստանին փնտրել ուրիշներին, ովքեր կարող են օգնել իրեն գոյատևել։

Քրիստինան ճիշտ է ասում, երբ նշում է, որ Եգիպտոսը, և ոչ միայն, նաև Հորդանանն ուշադիր հետևում են Սիրիայում տիրող իրավիճակին, որովհետև իսլամիստների ուժերը մոտենում են սահմանին: Չնայած Սաուդյան Արաբիան նրանց որոշակի աջակցություն է ցուցաբերում, Սաուդյան Արաբիայի ղեկավարությունից շատերը խորապես մտահոգված են թուրքական բանակի առաջխաղացմամբ դեպի Իսրայելի սահմաններ: Այս բոլոր գործոններն այժմ շարժման մեջ են, բայց Վաշինգտոնում մարդիկ չեն հասկանում դրանք: Մենք չենք հասկանում, բայց դուք պետք է հասկանաք դրանք:

Արթուր Խաչիկյան.- Քրդերի հետ անալոգիան հիանալի է։ Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց մի քանի բարձրաստիճան ամերիկացի սպաներ քրդերին անվանել են ԱՄՆ ամենահուսալի դաշնակիցները: Եվ այնուամենայնիվ, որքան հիշում եմ, Թրամփի առաջին վարչակազմի օրոք նրանք իրականում դատապարտված էին միայնակ դիմակայելու թուրքական զորքերին: Ես համամիտ եմ ձեզ հետ. ես չեմ հավատում, որ ԱՄՆ-ը կպաշտպանի քրդերի շահերը, չնայած որ նրանք համարվում են գլխավոր դաշնակիցը: Խնդիրն այն է, որ Ամերիկան երբեք հայերին իր դաշնակիցը չի անվանել, էլ չեմ ասում՝ նրանց ամենահուսալին չի համարել, այնպես որ, մենք նույնիսկ այդ կատեգորիային չենք պատկանում: Ռազմավարական գործընկերության ստորագրումը, կամ ինչպես է այնտեղ կոչվում, անհիմն վտանգավոր PR քայլ է։

Հիմա իմ վերջին հարցը հետևյալն է. մի քանի օրից, Ինչպես ասաց Քրիստինեն, մենք կունենանք նոր կառավարություն: Կարևոր է հասկանալ, թե որ ուղղությունը կընտրի այս վարչակազմը: Արդյո՞ք նա կկատարի խաղաղության մասին իր նախընտրական խոստումները, թե՞ կսկսվի առճակատում Իրանի հետ, հնարավոր է՝ նույնիսկ ավիահարվածներ հասցնեն նրա միջուկային օբյեկտներին։ Մեզ համար կարևոր է դա իմանալը, քանի որ, ինչպես նշեց գնդապետը, այդ որոշման հետևանքները կազդեն նաև Հայաստանի վրա:

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, թե արդյո՞ք ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքեր կգործադրվեն բանակցությունների միջոցով: Կարծում եմ, որ այս երկու հարցերը՝ Իրանի ու Ուկրաինայի, կորոշեն, թե ինչ է տեղի ունենալու մեր տարածաշրջանում։

Գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգոր.– Դատավոր Նապոլիտանոն հավաքեց նոր վարչակազմում նշանակված առանցքային դեմքերի հայտարարությունները, և նրանցից յուրաքանչյուրը շեշտեց, որ Իսրայելը լինելու է գլխավոր գերակայությունը: Վերջին հայտարարությունը Քաշ Պատելին էր, ով պատրաստվում է ղեկավարել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ ՀԴԲ-ն. նա ասում էր՝ մենք սա կանենք, այն կանենք, բայց Իսրայելը մեր գլխավոր առաջնահերթությունն է:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի ծրագրերին, ապա նա խոսեց Մեքսիկական թմրակարտելների դեմ պայքարում վճռականության և ԱՄՆ-ի հետ սահմանի անվտանգության ապահովման մասին: ԱՄՆ-ը խնդիրներ ունի նաև նավահանգիստների, ափամերձ ջրերի և օդանավակայանների հետ: Ինչպե՞ս է նա հաղթահարելու այս ամենը՝ միաժամանակ աջակցելով Իսրայելի համար պատերազմին:

Եթե նա դա ուղղակիորեն չի էլ ղեկավարում, ապա աջակցում է։ Սա ենթադրում է, որ Ռուսաստանը թույլ է, վատ կառավարվող և գործելու անկարող։ Բայց դա ճիշտ չէ: Ուկրաինայում պատերազմն, ըստ էության, ավարտված է, և Ռուսաստանը չի պարտվում։ Ուկրաինացիներն ամեն օր ծանր կորուստներ են կրում։ Ռուսները միանգամայն ունակ են հաղթահարել նաև այլ մարտահրավերներ։ Նրանք արդեն քայլեր են ձեռնարկել Իրանում, որտեղ ռուս օդաչուները վերապատրաստում են իրանցի օդաչուներին: Եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, մենք, ամենայն հավանականությամբ, բախվելու ենք ռուս օդաչուների հետ՝ իրանական ինքնաթիռներով։ Մենք նախկինում դրան հանդիպել ենք Կորեայում և Վիետնամում: Ռուս օդաչուները միշտ այնտեղ են եղել։

Եվ եկեք չմոռանանք ներգրավված հսկայական հակաօդային պաշտպանության համակարգերի մասին: Մենք իրականում չգիտենք, թե որքանով են դրանք արդյունավետ, քանի որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը գովազդվում են՝ որպես անպարտելի և անտեսանելի, բայց դա այդպես չէ: Իրավիճակը, անշուշտ, բարդ է լինելու։ Բացի այդ, հարց կա Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում և Միջերկրական ծովում ռազմանավերի մասին: Ինչպե՞ս են նրանք գործելու: Ոչ ոք չգիտի:

Եվ այն միտքը, որ Թուրքիան կմնա Իսրայելի կողքին… ի՞նչ կլինի, եթե Իրանը կիրառի իր հրթիռային հզորությունը և ոչնչացնի Իսրայելի զգալի մասը: Թուրքիան կշարունակի՞ աջակցել Իսրայելին: Մենք պարզապես չենք կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Չափազանց շատ անորոշություններ կան: Եվ ես ոչ մի լուրջ ծրագիր չեմ տեսնում Վաշինգտոնի կողմից։ Ուստի իմ խորհուրդը հայերի նման մարդկանց՝ դուք պետք է կշռադատեք, քանի որ Վաշինգտոնում դուք չեք գտնի որևէ մեկին, ով դրանով զբաղվի։ Նրանք կենտրոնանում են բացառապես մեկ ուղղությամբ՝ Իսրայել, Իսրայել, Իսրայել…

Քրիստինե Առաքելյան.– Գնդապետ ՄաքԳրեգորի ասածը միանգամայն ճիշտ է, բայց պետք է հաշվի առնել ևս մեկ ասպեկտ:

Իշխանության ղեկին կանգնած մարդիկ կենտրոնացած են մի բանի վրա՝ նրանց հաղթանակ է պետք։ Կարևոր չէ, թե արդյո՞ք դա երկարաժամկետ հեռանկարում կաշխատի, նրանց միայն կարճաժամկետ հաղթանակ է պետք: Լավ օրինակ է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ներկայիս հրադադարը։ Այս հրադադարը կշարունակվի՞: Ո՛չ:

Օրեր առաջ ես լսում էի, այսպես կոչված, համաձայնագրի վերլուծությունը, և, ըստ էության, դա պարզապես համաձայնության մասին համաձայնագիր է: Այստեղ չկան երաշխավորներ կամ վերահսկող մարմիններ։ Պարզապես երկու կողմերը՝ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը, փորձում են դա իրականացնել ինքնուրույն՝ առանց արտաքին վերահսկողության։ Բացակայում է հարկադրանքի մեխանիզմը, ինչը դա անիմաստ է դարձնում։ ՀԱՄԱՍ-ի բոլոր հիմնական պահանջները հետին պլան են մղվում, մինչդեռ այն ամենը, ինչ կարևոր է Իսրայելի համար, առաջին պլանում է:

Սա ձեզ ասում է այն ամենի մասին, ինչ դուք պետք է իմանաք այն մասին, թե արդյո՞ք այն կաշխատի, թե՞ ոչ: Բայց դա նշանակություն չունի, քանի որ առայժմ դա դիտվում է՝ որպես հաղթանակ:

Նույնը վերաբերում է ԱՄՆ-Հայաստան, այսպես կոչված, ռազմավարական համաձայնագրին։ Կարևոր չէ ՝ դա կաշխատի՞, թե՞ ոչ, հիմա դա հաղթանակ է, և կան լուսանկարներ: Ո՞րն է լինելու այս վարչակազմի հաջորդ առաջնահերթությունը: Դե, նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են Աբրահամի համաձայնագրերի վրա՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև գործարք: Ես դա քննարկել եմ մի մարդու հետ, որը շատ մոտ է ներքին շրջանակներին, և նրան ասել եմ, որ, ըստ էության, չեմ կարծում, որ դա շատ բան կփոխի Մերձավոր Արևելքում, որովհետև ԱՄՆ-ը, ըստ էության, Մերձավոր Արևելքին ասում է, որ քանի դեռ Սաուդյան Արաբիան, Իսրայելը, ԱՄԷ-ն և մի քանի այլ երկրներ գումար են վաստակում և համագործակցում Հնդկաստանի հետ, տարածաշրջանի մնացած մասը կարող է անտեսվել:

Իսկ Եգիպտո՞սը, Իրա՞քը, որոնք խոշոր երկրներ են: Զարմանալի է, թե ինչպես է փոխվել Իրաքը։ Բաղդադը, ինչպես Դամասկոսը, ժամանակին եղել է Մերձավոր Արևելքի գոհարներից մեկը։ Մարդիկ ցանկանում են կրկին տեսնել պատմական Մերձավոր Արևելքը՝ իր հնագույն քաղաքակրթություններով։

Այն, ինչ իրականում տեղի է ունենում տարածաշրջանում, այն է, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը քանդվում է:

Մինչդեռ Վաշինգտոնում միամիտ մտայնություն կա, որ իրենք կարող են ընտրել, թե ում բաժին կհասնեն Աբրահամի պայմանավորվածությունները, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց դա տեղի չի ունենա: Դա մեծ ձախողում կլինի։ Մարդիկ ցանկանում են, որ տարածաշրջանը վերադառնա Սայքս-Պիկոյի ժամանակներից առաջ՝ ոչ թե թուրքական կամ գաղութային տիրապետությամբ, այլ որպես համախմբված տարածաշրջան, որտեղ տարբեր կողմեր կարող են միասին աշխատել և բանակցել ընդհանուր շրջանակի շուրջ: Եթե ԱՄՆ-ը դա քննարկման չդնի, ապա Աբրահամի համաձայնագրերը շատ քիչ օգուտ կտան տարածաշրջանին և ԱՄՆ շահերին: Մարդիկ սկսում են հոգնել դրանից:

Վաշինգտոնում անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը հաղթանակների ու պարտությունների, այդ ամենը PR նպատակներով օգտագործելու նկատմամբ։ Թրամփը պաշտոնավարելու է չորս տարի, ոչ թե ընդամենը մի քանի ամիս: Այսպիսով, օրվա վերջում, եթե դուք չեք ստեղծում մի բան, որը երկարաժամկետ հեռանկարում իմաստ կունենա ԱՄՆ-ի համար, դուք իսկապես ոչինչ չեք շահի: Խորհրդականները կարող են ասել, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև Աբրահամի համաձայնագիրը Մերձավոր Արևելքում հաջողության գագաթնակետն է, բայց դա այդպես չէ: Այն բացառում է չափազանց շատ այլ մարդկանց և շահեր տարածաշրջանում։

Գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգոր.– Քրիստինեն անդրադարձավ մի կարևոր բանի, որը պետք է հասկանա յուրաքանչյուրը, հատկապես նա, ով հեռվից է նայում ԱՄՆ-ին:

Հայտնի դիվանագետ Ջորջ Քենանը մի անգամ գրել է, որ այն, ինչ մենք անում ենք արտաքին քաղաքականության մեջ, իրականում նախատեսված է հայրենիքում սպառման համար: Այլ կերպ ասած՝ մենք ինչ-որ բան արեցինք արտերկրում, որպեսզի ստեղծեինք այնպիսի պատկեր, որից ամերիկյան հասարակությունը լավ կզգար: Մենք ունենք մի տեսակ ազգային ինքնասիրություն, և այն պետք է սնուցվի:

Սա «հաղթանակների» խնդիր է ստեղծում։ Հաղթանակներ կարելի է անվանել այն, ինչը կապ չունի կամ նույնիսկ վնասում է ԱՄՆ-ին, բայց լրատվամիջոցները դրանք կներկայացնեն որպես հաջողություն: Դա տեղի է ունեցել բազմաթիվ անգամներ: Եվ հաշվի առնելով, որ ներկայիս վարչակազմը հասկանում է լրատվամիջոցներին, այն, ինչում հատկապես լավ է Դոնալդ Թրամփը, այն է, որ նա գիտի՝ ինչպես են մանիպուլացնում սյուժեն:

Նա ինչ-որ բան է նետում դաշտ, և մարդիկ ասում են՝ Աստված իմ, սա ինչ է, իսկ մեկ շաբաթ անց այդ մասին մոռանում են։ Բայց հարցը մնում է, և մամուլը դա պտտում է ամեն ուղղությամբ: Նա դա շատ լավ է անում, բայց հարցն այն է, թե հանուն ի՞նչ ռազմավարության: Եվ ճշմարտությունն այն է, որ Իսրայելից դուրս ռազմավարություն չկա:

 Արթուր Խաչիկյան.Շատ շնորհակալ եմ, գնդապետ: Շատ շնորհակալ եմ, Քրիստինե: Սա չափազանց օգտակար զրույց էր, հատկապես, այսպես կոչված, «պատմական համաձայնագրի» ստորագրման շուրջ Հայաստանում առկա քննարկումների ֆոնին: Սա հիանալի քննարկում էր, և հուսով ենք, որ ապագայում կրկին կխոսենք ձեզ հետ: Շնորհակալություն:

Գնդապետ Մաքգրեգոր.– Շնորհակալություն, Արթուր: Աստված օրհնի Հայաստանը:

Ռազմիկ Մարտիրոսյան.- Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգորի և Քրիստինե Առաքելյանի հետ:

Շնորհակալություն հարցազրույցը դիտելու համար:

Մի մոռացեք բաժանորդագրվել 168.amYOUTUBE-ի ալիքին և հետևել հարցազրույցներին, վերլուծություններին:

Տեսանյութեր

Լրահոս