Ձերբակալված տղամարդիկ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր
Անձնական ունեցվածքի գողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնում գրանցվել էր անցած տարի. ապրիլի 13-ին բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձինք Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող ուսումնարանի հարակից տարածքի շինությունից գողություն են կատարել: Հրազդանի բաժնի ծառայողները պարզել էին, որ որպես պահեստարան օգտագործվող շինության առաջին հարկի պատուհանի ճաղավանդակը տեղահանելու միջոցով ապօրինի մուտք էին գործել նշված շինություն և գողացել կվադրոցիկլ, կվադրոցիկլի 4 անվահեծեր՝ իրենց դողերով, 10 անվադող՝ առանց անվահեծերի և ձյունագնացի շարժիչի 10 գոտի:
Գողության փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Հրազդանի բնակիչ՝ 35-ամյա և 29-ամյա երկու տղամարդ:
Նրանք հունվարի 23-ին Ծաղկաձոր քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Հրազդանի բաժին, ապա ներկայացվել Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Ձերբակալված տղամարդիկ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Գողոն հանդիսացող կվադրոցիկլը հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժնի պահպանվող տարածք:
Նախաքննությունը շարունակվում է: