Հայաստանից դեպի Վրաստան ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո, ինչից հետո Ադրբեջանն իր պահանջները մեծացնելու է. Արմեն Մանվելյան
Պատմական գիտությունների թեկնածու, «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանի համոզմամբ՝ այն, ինչ անում է Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը, հետևյալն է՝ Հայաստանում տարածում է Բաքվից թելադրվող քաղաքականությունը։
Այս իշխանությունը, առաջին հերթին, հոգեբանական ճնշում գործադրելով հայ ժողովրդի վրա, կոտրում է հայ ազգի դիմադրողականությունը, ինչը ցանկացած պետության անվտանգային կարևորագույն բաղադրիչներից մեկն է, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Արմեն Մանվելյանը՝ շարունակելով. «Կոտրե՛լ հայության դիմադրողականությունը, ցույց տալ, որ պատրաստ են ամեն տեսակ զիջումների։ Ցանկացած երկիր ամուր է իր բնակչության՝ այդ պետությունը պահելու կամքով. եթե կամքը բացակայում է, տվյալ պետության տարածքը փոքրանում է։ Հիմա այս մարդկանց մոտ այդ կամքը բացակայում է, դրա համար փոքրանում է Հայաստանը, որից պաշտոնական թվերով 200 քառակուսի կմ տարածք գտնվում է ադրբեջանական զորքի վերահսկողության տակ։ Այս իշխանությունը ցանկություն չունի դրանք վերադարձնելու, հետևապես՝ նման քաղաքականության հետևանքով բոլորս ունենալու ենք մի վիճակ, որ Հայաստանից ավելի շատ տարածքներ են զիջելու՝ չբարձրացնելով անգամ հայ գերիների հարցը։ Այնպես որ, մենք գտնվում ենք խիստ ռիսկային վտանգավոր գոտում, որի առաջ Հայաստանը բերել-կանգնեցրել է հենց այս իշխանությունը»։
Պատմական գիտությունների թեկնածուի խոսքով՝ վտանգավոր պատերազմական այս սպառնալիքը, ՔՊ-ական իշխանության օրոք, չի կարողանալու կանխել ոչինչ, քանզի Ադրբեջանի նպատակը Հայաստանն անկլավի վերածելն է, ինչին դեմ չէ ՀՀ այս իշխանությունը։ Նրանք դիմադրություն ցույց չեն տալիս, և ասվածի ապացույցը Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունն է։
«Նորից Հայաստանի իշխանության կողմից միակողմանի հողերի հանձնում է տեղի ունենալու։ Տավուշի մարզից հերթական տարածքների հանձնումը, ինչի մասին է ԱԳՆ հայտարարությունը, բերելու է Հայաստանի անկլավացմանը։ Հայաստանից դեպի Վրաստան ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո, ինչից հետո Ադրբեջանն իր պահանջները մեծացնելու է»,- ասաց Մանվելյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք այս սպառնալիքները չի՞ չեզոքացնի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը, Արմեն Մանվելյանն արձագանքեց.
«Այդ համաձայնագիրը որևէ բան չի զսպելու. բացում և կարդում ես այդ համաձայնագրի «Պաշտպանություն և Անվտանգություն» բաժինը և տեսնում՝ որևէ հարցի պատասխան չկա»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։