Այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը. Արմեն Աշոտյանը՝ իշխանությունների «փրգվանք» ոճի խրախճանքի և ստորագրված թղթի մասին
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանինu, որոնց պատասխանները նա մեզ է հասցնում փաստաբանների միջոցով:
Հարց. «Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա մեր անվտանգության մակարդակի վրա»։
Արմեն Աշոտյան. «Ուղեղների լվացման իշխանական կոյուղին «փրգվանք» ոճի խրախճանք է կազմակերպել, սակայն սթափ և պրոֆեսիոնալ գնահատականներն ի մի բերելով՝ կարելի է փաստել.
1. Այդ փաստաթուղթը, որպես ձևաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է՝ նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։
2. Փաստաթուղթն իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որևէ ուղիղ երաշխիքներ և մեխանիզմներ Հայաստանի համար։
3. Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում և փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի և Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։
4. Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։
5. Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին որևէ հստակ ձևակերպում փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։
6. Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։
7. Թեպետ ԱՄՆ գնացող և եկող վարչակազմերի միջև անցումային համաձայնեցման մեխանիզմները կարծես թե աշխատել են այս դեպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։ Հիշեցնեմ, որ 2016-ին ընտրվելուց հետո Թրամփը դուրս հանեց ԱՄՆ-ը մի շարք շատ ավելի կենսական և գլոբալ համաձայնություններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, կլիմայի Փարիզյան համաձայնությունից, Տրանս-Ատլանտիկ և Տրանս-Խաղաղօվկիանոսյան առևտրային նախաձեռնություններից։
8. Եվ, իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձևակերպումները զավեշտ են։ Տպավորություն է, որ ԱՄՆ պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցն այս թեմայով։