Հայ դեսպաններին Կառավարությունն արգելել է երբևէ ոտք դնել Արցախ

Բոլորովին վերջերս Ադրբեջանի բռնակալ ղեկավարը Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն»՝ սպառնալով ոչնչացնել ամբողջ Հայաստանը։

Թշնամական երկրի ղեկավարի այդ հայտարարությունից հետո ակնկալվում էր, որ գոնե Հայաստանի դեսպաններն ամբողջ աշխարհում պետք է մեծ աղմուկ բարձրացնեն ու ստանան այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով Ալիևի սպառնալիքների վերաբերյալ դատապարտող հայտարարություններ՝ որպես Հայաստանի շահն աշխարհում ներկայացնող ու պաշտպանող մարդիկ։

Բայց, արի ու տես, որ Հայաստանի դեսպանները չկարողացան Ալիևի խոսքը դատապարտող հայտարարությունների հասնել, և այս դեպքում հարց է առաջանում, իսկ ի՞նչ են կարողանում անել առհասարակ, եթե նման կարևորագույն ու մեր պետության համար վտանգավոր պահերին ցուցաբերում են բացարձակ անգործություն։

Պարզվում է, սակայն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանն այդ անգործունակությունը չէ, որ մտահոգում է. ԱԳՆ-ի համար մտահոգիչն այլ բան է՝ Հայաստանի պետական բյուջեից դեսպանատների աշխատողներին տրվող բնակվարձերի փոխհատուցման չափերը։

Կարդացեք նաև

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ փողը քչություն է անում, քանի որ աշխարհում անշարժ գույքի շուկայում թանկացումներ են, ուստի ՀՀ պետական բյուջեից դեսպաններին, նրանց խորհրդականներին, քարտուղարներին պետք է ավելի շատ գումար հատկացնել ու կհատկացվի։

ԱԳՆ-ի ներկայացրած այս նախագիծը, որը Կառավարությունն արդեն ընդունել է, կհանգեցնի ՀՀ պետական բյուջեում այդ նպատակով նախատեսվող ծախսերի ավելացման շուրջ 205.4 մլն դրամով, որից 172.1 մլն դրամը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերում, 26.4 մլն դրամը՝ համապատասխան երկրներում գործող ռազմական կցորդների համար, և 6.9 մլն դրամը՝ մաքսային կցորդի համար։
Ընդգծենք, որ Կառավարությունը դեսպաններին, նրանց խորհրդականներին ավելի շատ գումար հատկացնելուց զատ, օրենքով նրանց արգելել է երբևէ գնալ Արցախ։

Եթե մինչև Կառավարության այս որոշումը ՀՀ դեսպաններին տրված էր լիազորություն գործուղվել Արցախ և գործուղման ծախսերը ստանալ ՀՀ պետական բյուջեից, ապա այժմ փաշինյանական Կառավարությունը փոփոխություն է կատարել 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ և որոշման ողջ տեքստից հանել է «…իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և «…իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում՝ օդանավի տոմսի արժեքը» բառերը։

Այս փոփոխությունը կարգելի Հայաստանի դեսպաններին, նրանց խորհրդականներին, քարտուղարներին երբևէ ոտք դնել Արցախ՝ որպես Հայաստանը ներկայացնող։

Տեսանյութեր

Լրահոս